Ղազախստանի առաջին նախագահ և «ազգի հայր» Նուրսուլթան Նազարբաևը, որը գլխավորում է իշխող «Նուր Օթան» կուսակցությունը, առաջարկել է գործող նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը հունիսին սպասվող արտահերթ նախագահական ընտրություններում, հաղորդում է BBC-ն:
«Ես մտածված որոշում եմ կայացրել, ուստի հայտարարում եմ, որ վստահ եմ՝ Քասիմ-Ժոմարտ Տոկաևն այն մարդն է, որը լիարժեք կհետևի բարեկամության և բոլոր ղազախների հավասար իրավունքների քաղաքականությանը»,- ասել է Նազարբաևը՝ ելույթ ունենալով կուսակցության համագումարում:
Տոկաևը համաձայնություն է տվել առաջադրվել կուսակցությունից: «Ես կգնամ ընտրություններին՝ շարունակելու առաջին նախագահի ռազմավարական կուրսը՝ ուղղված մեր երկրի բազմակողմանի զարգացմանը»,- ասել է նա:
Տոկաևի թեկնածությունը միաձայն պաշտպանել են կուսակցության բոլոր 263 անդամները:
Կարդացեք նաև
Տոկաևը նաև դիմել է Սահմանադրական դատարան՝ խնդրելով հստակեցնել՝ արդյոք արտերկրում իր աշխատանքը կարող է խոչընդոտ լինել առաջադրման համար:
Ըստ օրենքի՝ Ղազախստանում նախագահ կարող է ընտրվել վերջին 15 տարում երկրում մշտական բնակություն ունեցած անձը: Տոկաևը 2011-2013թթ. աշխատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժնևում կազմակերպության Եվրոպական բաժնի ղեկավար:
Ավելի վաղ Ղազախստանի արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ Տոկաևը արտասահման է մեկնել ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, իսկ դա նշանակում է, որ դա չի կարող խոչընդոտել ընտրություններում առաջադրմանը:
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 9-ին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ