Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյան. Մեծացել է գործազրկության մակարդակը, ներդրումների անկում է գրանցվել, բոլոր ոլորտներում բացասական միտումներ կան. «Իրատես»

Ապրիլ 23,2019 11:44

Շուտով Հայաստանի հպարտ քաղաքացիները տոնելու են 124 մլն դրամանոց Քաղաքացու օրը, ավելի ճիշտ, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրը։ ՀՀԿ անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻՆ հարցրինք` ի՞նչ փոխվեց այս մեկ տարում, մարդիկ արդեն քաղաքացի՞ են դարձել։

-Անվերջ խոսել իրենց հեղափոխության մասին, մնալ հեղափոխական էյֆորիայի տակ, անթույլատրելի է,- ասաց տիկին Աճեմյանը։ -Այո, շատ բան է փոխվել, սրընթաց ամեն ինչ դեպի վատն է գնում։ Սա տեսնում են շատերը, իսկ ով չի ուզում տեսնել, շուտով անձամբ իր կաշվի վրա կզգա։ Մեր այն մտահոգությունները, որոնք կապված էին տնտեսության, սոցիալական վիճակի հետ, որի առնչությամբ մեծ-մեծ խոստումներ էին տվել, ոչ միայն չիրականացան, այլև առավել խորացան։ Մեծացել է գործազրկության մակարդակը, ներդրումների անկում է գրանցվել, բոլոր ոլորտներում բացասական միտումներ կան։ Պատգամավորներն էլ պատգամավոր չեն դառնում, մնում են ակտիվիստի կարգավիճակում։ Այս պարագայում խոսել քաղաքացու օրվա մասին կամ ինչ-որ հիմնավորումներ տալ դրան, պարզապես զավեշտալի է։ Իսկ երբ քաղաքացու օրը համեմատում են սեպտեմբերի 21-ի կամ այլ պետական տոնի հետ, որոնք մեր ձեռքբերումներն են, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ տգիտության հետևանք։

-Նիկոլ Փաշինյանը, նախօրեին օգտատերերի հարցերին պատասխանելիս թվարկեց իր իշխանությանը վերագրվող չկայացած խոստումներն ու հայտարարեց, թե դրանք 100 տոկոսով իրականացրել է, այդ թվում` կոռուպցիայի, մենաշնորհների վերացումը։ Ըստ Ձեզ, ի՞նչն է Փաշինյանը 100 տոկոսով կատարել։

-Նիկոլ Փաշինյանն այնքան սուտ է ասել, որ մի սուտ ավելի, մի սուտ պակաս, նշանակություն չունի այլևս։ Որևէ խնդրում ոչ միայն առաջընթաց չկա, այլև հետընթաց է գրանցվում։ Մենաշնորհներ կան (նախկինում էլ դրանք հաճախ օբյեկտիվ պատճառներ ունեին), hիմա պարզապես մարդկանց անունները կփոխվեն։ Ներդրումները զրոյական վիճակում են։ Այսպիսի քաղաքական կուրսի դեպքում ոչ մի երկրում էլ ներդրում չի լինի։ Սրան գումարած` միտում կա սեփականության վերաբաշխման, որն այնպիսի վայրի ձևերով կարող է իրականացվել, որ և՛ ներդրումները, և՛ բիզնես նախագծերն իսպառ չքանան։ Ամեն օր բացասական դինամիկան զգացվում է, օր օրի բողոքող քաղաքացիների թիվն ավելանում է։ Հիմա թե Փաշինյանն այս ամենին ինչ բացատրություն կտա ու ինչ փաթեթավորմամբ, արդեն երկրորդական է, որովհետև ասում է մի բան, անում բոլորովին այլ բան։ Ամբողջովին ստի վրա կառուցեց իր, այսպես կոչված, հեղափոխական ճանապարհը։ Բոլորն էլ ամեն ինչ տեսնում են, որևէ խոստում կատարելու մասին խոսք լինել չի կարող։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930