Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի կառավարման ղեկը ստանձնած քաղաքական ուժը կարող է շարժման արժեքները կյանքի կոչել՝ ձերբազատվելով անսխալականությունից. «Ժառանգություն»

Ապրիլ 23,2019 11:15

2018թ. ապրիլ 23-ը մեր նորօրյա ժամանակագրության կարեւորագույն հանգրվաններից է: Հարյուր հազարավոր արժանապատիվ հայեր միակամ «ոչ» ասացին հանցավոր իշխանության վերարտադրության բոլոր փորձերին, ինչը դարձավ խաղաղ ընդվզման միջոցով Նոր Հայաստանի կերտման դժվարին շրջափուլ, որի հիմքում ժողովրդի հավաքական կամքի առջեւ իշխող խմբավորումների անզորությունն էր:

Ժողովրդի կողմից մերժված իշխանության հիմնական թեւերի խաղաղ ճանապարհով հեռացումը «Ժառանգություն» կուսակցությունը համարում է մեր պետականության պատմության վճռորոշ հանգրվան: Հայաստանում իրավիճակ փոխվեց, որի շնորհիվ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ ի Սփյուռս աշխարհի հնարավորություն է ստացել կերտելու իսկապես Նոր Հայաստան, որը դեռ ապագայի տեսլական է, այդ նպատակի հիմնական դրույթների իրականացմանը պետք է միտված լինի ներկայիս իշխանության բոլոր թեւերի եւ քաղաքացիական հանրության գործունեությունը:

Մեր նպատակներն են՝

Ա. Հայաստանի քաղաքացիների շահերի իրավական պաշտպանությունը, հասարակական ու քաղաքական  ժողովրդավարական ինստիտուտների կայացումը:

Բ. Հայաստանի եւ Արցախի պետական անվտանգության հետագա ապահովումը:

Գ Քաղաքացիների առջեւ նոր իշխանության ստանձնած սոցիալական, տնտեսական եւ քաղաքական պարտավորությունների անխոս կյանքի կոչումը, կորսված արդարության հաստատումը:

«Ժառանգությունը» փաստում է, որ հեղափոխական շրջադարձից հետո անցած մեկ տարին բավարար էր երկրում առկա խնդիրները համակարգելու եւ լուծման ռազմավարությունը մշակելու համար: Սակայն իշխող քաղաքական ուժի վերջին գործողությունները թյուրըմբռնումների տեղիք են տալիս: Համաժողովրդական շարժման իրական արժեքների ձեւի ու բովանդակության շեղումները տագնապալի ենք համարում: Համոզված ենք, որ դեռ չեն կատարվել անուղղելի եւ համակարգային սխալներ, ուստի ժամանակն է հասարակական եւ քաղաքական համերաշխության մթնոլորտում լսելու միմյանց ձայնը եւ համագործակցային միջավայրում շտկելու բացթողումները, ըմբռնելու համակարգային վերլուծություններն ու առաջարկները:

Երկրի կառավարման ղեկը ստանձնած քաղաքական ուժը կարող է շարժման արժեքները կյանքի կոչել՝ ձերբազատվելով անսխալականությունից եւ հասարակական, քաղաքական ուժերի հանդեպ իր ունեցած անվստահության կանխակալ վերաբերմունքը հաղթահարելով միայն: Այլապես ստիպված ենք լինելու արձանագրել, որ Հայաստանում  հակահեղափոխականը այսուհետ համաժողովրդական շարժման արդյունքում իշխանություն դարձած քաղաքական ուժն է լինելու՝ համաժողովրդական շարժման արժեքների կյանքի կոչման ու տապալման համակարգում:

«Ժառանգությունը» մի անգամ եւս հավաստում է իր հավատարմությունը նորհայաստանյան պետության գաղափարաբանությանը, հանուն որի կայացման  շարունակելու ենք մեր գործունեությունը՝ ազատ, անվտանգ միջավայր, ստեղծարար քաղաքացի, հզոր պետականություն կայացնելու  դժվարին աշխատանքը:                 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

23 ապրիլի 2019թ.

Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930