Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն առայժմ դասեր չի քաղել

Ապրիլ 23,2019 10:00

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը հրաժարական տվեց Հայաստանի երրորդ նախագահ, այն պահին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Երեւանի փողոցներում ցնծություն էր՝ անծանոթ մարդիկ իրար գրկախառնվում էին, բոլորն իրար շնորհավորում էին, շատերի մոտ անսպասելի երջանկությունից արցունքներ էին երեւում: Սա իրողություն է, որը մենք տեսել ենք մեր սեփական աչքերով, եւ այդ իրողությունը պետք է սառնասրտորեն ընդունեն ու վերլուծեն թե՛ նրանք, ովքեր գնացին, թե՛ նրանք, ովքեր եկան:

Այսօր խոսենք գնացածների մասին: Դատելով ՀՀԿ-ականների հրապարակային ելույթներից՝ նրանք առ այսօր չեն հասկանում, չեն էլ փորձում հասկանալ, թե ինչու էին նրանց մերժում եւ ինչու են մինչ այս պահը շարունակում ատել: Նրանց թվում է, թե մի տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը պարզապես քարոզչության եւ քաղաքական «գունավոր» տեխնոլոգիաների հմուտ կիրառման արդյունք էր: Չմերժելով այդ գործոնը՝ նշենք, որ այն երկրորդական դեր է խաղում: Առաջնայինն, իհարկե, հանրային էմոցիաներն էին, որոնք կուտակվել էին վերջին 20 տարիների ընթացքում:

Հանրապետականներից ոչ մեկի շուրթերից ես առայժմ չլսեցի, որ Սերժ Սարգսյանի որոշումը՝ երկու ժամկետ նախագահ լինելուց հետո մնալ երկրի ղեկավար, արդեն վարչապետի կարգավիճակով (մանավանդ, «չհավակնելու» մասին խոստումը դրժելով), կոպիտ, ճակատագրական սխալ էր: Ավելին՝ վստահ եմ, որ ՀՀԿ-ական պալատականներից ոչ մեկը չհամարձակվեց նախագահին ասել, որ դա սխալ քայլ է. հակառակը՝ նրանք, համոզված եմ, խոսում էին «շեֆ ջան, ամեն ինչ լավ կլինի» քծնողական ինտոնացիայով:

Նախորդ իշխանությունը չկարողացավ ճիշտ հետեւություն անել ապրիլյան պատերազմից եւ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակումից: Դրա համար պետք էր, օրինակ, պատասխանել մի հասարակ հարցի՝ ինչո՞ւ էր ՀՀ քաղաքացիների մեծ մասը ողջունում այդ վտանգավոր հանցագործությունը եւ անգամ մարդասպանությունը: Նույնիսկ «ողջունելու» այդ իրողությունն արձանագրելու վճռականություն իշխանությունը չուներ եւ կարծում էր, որ քարոզչությունը ճիշտ կազմակերպելով եւ լրատվամիջոցների նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն սահմանելով հնարավոր է հանրային վերաբերմունքը փոխել (համացանցի ազատության պայմաններում դրանք անիմաստ ջանքեր են): ՀՀԿ-ականները հիմա էլ են մտածում. «Մենք օրուգիշեր տանջվում էինք ժողովրդի համար, իսկ այս հեղափոխականները, պոպուլիստներն եկան ու ժողովրդին խաբեցին»:

Իհարկե, մեկ տարի առաջվա իրադարձությունները դաս պիտի լինեն նաեւ այսօրվա իշխանության համար: Տեղի սղության պատճառով միայն արձանագրեմ՝ հորթային հրճվանքը եւ կույր երկրպագությունը նույնպիսի ծուղակ են, ինչպիսին է պալատականների քծնանքը: Բայց դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Հայերը լինում են երկու տեսակ,զիբիլ տեսակը իր պատկերացմամբ լավ ոչհային գերադասում է իր պատկերացմամբ վատ հային, մյուս տեսակի համար ոչհայը միջհայ հարաբերություններում ոչ մի դերակատարում չունի, ինչքան էլ էդ ոչհայը լավը թե վատը լինի, էլի գալիս ենք պետության մաս կազմող ազգային կրոնի ու ազգային դատարանի գաղափարներին, հայը պետք է դատվի միայն հայ դատով ու հայ օրենքով, հայ դատով էդ զիբիլ տեսակին պետք է զրկել հայ կոչվելու իրավունքից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930