Լրահոս
Օրվա լրահոսը

17 տարվա վաղեմության գործարքի հետքերով. «Արարատցեմենտ»-ը վաճառվել է 200 հազար դոլարով

Ապրիլ 22,2019 21:45

Շարունակենք ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Գեւորգյանի ասած՝ ժանրի կանոնները՝ 17 տարի առաջ «Արարատցեմենտ» գործարանի առուվաճառքի մասին:

ԱԺ-ում Հայկ Գեւորգյանը հայտարարել է՝ 17 տարի առաջ «Արարատցեմենտ»-ն ընդամենը 200 հազար դոլարով վաճառվել է օֆշորում գրանցված «Ռոբերտո» ընկերությանը: Այս հայտարարությանն արձագանքելով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի կազմում է գործարանը, ասել է՝ «Եթե ցեմենտի գործարանը 200 հազարով ա ձեռք բերվել, ես նվեր տամ՝ որպես Ծառուկյան, եթե չէ՝ պետք ա հայտարարողը պատասխան տա»:

Մինչ գործարանի առուվաճառքի գործարքի մասին համապատասխան պետական կառույցը օրենքով սահմանված ժամկետներում կպատասխանի մեր հարցմանը, ներկայացնենք, թե ինչպես է տեղի ունեցել վաճառքը: Առցանց արխիվում այդ մասին տեղեկությունները շատ չեն, բայց բավարար են:

Նախ՝ գործարանի պաշտոնական կայքէջում նշված է՝ 2001 թվականին Հայաստանի հանրապետության առեւտրի եւ արդյունաբերության նախարարի №-177 հրամանով վերանվանվում է «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերություն: Այդ ժամանակ նախարար էր Կարեն Ճշմարիտյանը: Գործարանի կայքում, սակայն, «Ռոբերտո»-ի մասին ոչինչ չկա: Նշված է՝ «գործարանը մասնավորեցվել է 2002 թվականին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից՝ վերակազմավորվելով «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության»:

Այն ժամանակ մամուլում այս գործարքի մասին գրվել է, որ 2002 թվականին «Արարատցեմենտ» գործարանը ուղիղ վաճառքով «տրվեց օֆշորային գոտում գրանցված իբր բելգիական «Ռոբերտո» կազմակերպությանը:

Մինչ գործարանի վաճառքը, մեկ տարի առաջ դրա տնօրենն է եղել ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, որը Aravot.am-ին ասաց՝ ««Արարատցեմենտի» մասին հարցազրույց չեմ տալիս»:

Սակայն 2002-ին պարոն Սարգսյանը բավականին ուշագրավ հայտարարություն էր արել, նա ««Ռոբերտոյի» բելգիական ծագումը կասկածելի էր համարել, ասելով՝ «…ոչ մի օտարերկրյա կազմակերպություն հաշվանցում չէր անի «Իտերային»: «Դա ցեմենտի բիզնեսի հետ կապ չունեցող, անհայտ ֆինանսական միջոցներով, օֆշորային գոտում գրանցված կազմակերպություն է, որի հետեւում միանշանակ կանգնած է հայաստանցի օլիգարխներից մեկը: Համոզված եմ, որ այս վաճառքը տեղավորվում է նախընտրական տեխնոլոգիաների շարքում, որովհետեւ գործող նախագահը պատկերացնելով ընտրություններում իրեն սպասող դժվարությունները եւ ռեալ գնահատելով իր հնարավորությունները, հույսը դրել է բիզնես շրջանակների վրա»:

2002-ին հայտարարվել է՝ «Արարատցեմենտը» վաճառվել է 8 մլն դոլարով, որից կանխիկ վճարվել է 200 հազար դոլար, մնացածը պետք է հաշվանցվեր «Իտերա» ընկերությանը՝ գործարանի կուտակած պարտքի դիմաց:

Հիշեցնենք, այն ժամանակ «Իտերային» էր պատկանում «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի 10%-ը, 45 %-ը պատկանում էր ՀՀ Էներգետիկայի նախարարությանը եւ եւս 45%-ը՝ «Գազպրոմ»-ին:

Թեեւ Ծառուկյանը հայտարարել է,  որ եթե ապացուցվի, որ գործարանը ձեռք է բերել 200 հազար դոլարով, ապա այն կնվիրի այդ մասին հայտարարողին: Ծառուկյանը հավանաբար, չի ենթադրել, որ կան բաց աղբյուրներ եւ արխիվներ, որտեղ գործարքի մասին մանրամասն տվյալներ կան:

Օրինակ՝ 2002-ի՝ 12 սեպտեմբերի N 1465-Ա որոշման մեջ հստակ նշված է. «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 317003 բաժնետոմսը` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցնել «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը (այսուհետ` գնորդ): 2. Սահմանել մասնավորեցվող բաժնետոմսերի գինը` 200 հազար ԱՄՆ-ի դոլար, որը գնորդի կողմից ենթակա է վճարման մասնավորեցման հատուկ հաշվին»:

Այս նույն որոշմամբ՝  կառավարությունը մի շարք ընկերությունների՝ «Հայռուսգազարդին», «Իտերային», «Երեւան ՋԷԿ»-ին, «Հայէներգո»-ին եւ այլ ընկերություններին ազատում է կուտակված միլիոնավոր պարտքերից:

Արամ Սարգսյանը 2002-ին ասել էր՝ երբ դեռ ինքն էր (վաճառքից մեկ տարի առաջ) ղեկավարում գործարանը, պարտքը՝ տույժ ու տուգանքներով, կազմում էր 1 մլն դոլար, սակայն կար 1մլն 600 հազար դոլարի պատրաստի արտադրանք եւ հումք եւ եթե նույնիսկ պարտքերը մարվեին, մնալու էր 600 հազարի շահույթ: Սարգսյանը կարծիք էր հայտնել, որ եթե գործարանի պարտքը ներկայացնում են 8 մլն դոլար՝ 1 տարում, ուրեմն՝ ծրագրված սնանկացվել է գործարանը, որպեսզի ուղիղ վաճառքով այն տրամադրեն ինչ-որ «Ռոբերտոյի»:

Մինչ այս ուղիղ վաճառքը, 2001 թվականի սեպտեմբերին ռազմավարական խոշոր օբյեկտների մասնավորեցման պետական հանձնաժողովը հրապարակել էր՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման միջազգային մրցույթի հաղթողը շվեյցարական հանրահայտ «Հոլսիմ» ընկերությունն է, որը մրցույթի եզրափակիչ փուլում հայտ ներկայացրած միակ ընկերությունն էր: «Արարատցեմենտ»-ի բաժնետիրական ընկերության 100 % բաժնետոմսերի դիմաց «Հոլսիմ»-ը պատրաստ էր վճարել է 6 միլիոն դոլար, թեեւ, կառավարությունը իբրեւ նախնական գին պահանջել էր 4 միլիոն դոլար։ Ներդրողը եւս 4 միլիոն պատրաստ էր վճարել ձեռնարկության զբաղեցրած հողատարածքի դիմաց, 6 տարվա ընթացքում շվեյցարական ընկերությունը ցեմենտի արտադրության զարգացման մեջ պետք է ներդներ 12 մլն դոլար, որի կեսը՝ առաջին 3 տարվա ընթացքում, եւ եվս 7 մլն 800 հազար դոլար նախատեսվում էր ծախսել ձեռնարկության սոցիալական կարիքների համար։ Այսինքն՝ ավելի քան 30 միլիոն դոլարի ներդրում պետք է կատարվեր: Սակայն, կարճ ժամանակ անց, «Հոլսիմ» ընկերությունը, հրաժարվեց այս գործարքից, կորցնելով 300 հազար դոլար կանխավճարը՝ հեռացավ Հայաստանից:

Այդ օրերին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր՝ «Ո՞վ է ճնշում գործադրել ներդրողի վրա, պետք է դեռ պարզել, քանի որ այդ գործարքը շատ ձեռնտու էր»: Այդ ժամանակ մամուլում շրջանառվում էր, թե ներդրողի վրա ճնշում են գործադրել «Արարատցեմենտ» գործարանի այն ժամանակվա տնօրեն Արամ Սարգսյանին մոտ շրջանակները: Սարգսյանը, որը դեմ էր այդ գործարքին, ասել էր՝ անհնար է ճնշում գործադրել մի ընկերության նկատմամբ, որի տարեկան շրջանառությունը կազմում է 6 միլիարդ դոլար:

«Գործարանի վաճառքի մասին մրցույթ չի հայտարարվել, այլապես ես անպայման կմասնակցեի մրցույթին եւ՝ ծրագրային առաջարկով»,- ասել էր Արամ Սարգսյանը: Նա նաեւ հայտարարել էր. «Անձամբ երկրի նախագահն էր համոզում, որ մասնավորեցնեմ գործարանը՝ ինձ խոցելի դարձնելու համար հավանաբար: Բայց ես այն ժամանակ հրաժարվեցի, որովհետեւ գտնում էի, որ այդ գործարանը պետք է մնա պետական»:

17 տարի առաջ մամուլը գրում էր՝ գործարանի վաճառքի նախնական մրցույթին մասնակցում էին 3 միջազգային ընկերություններ եւ ավելի բարձր գին էին առաջարկում, քան այն վաճառվեց: Գործարանի կոլեկտիվն էլ առաջարկել էր 25 մլն դոլարի ներդրումային ծրագիր. հայտարարվել էր միջազգային աճուրդ, որին կարող էին մասնակցել միայն միջազգային աուդիտ անցած կազմակերպությունները, ուստի «Արարատցեմենտի» կոլեկտիվը չկարողացավ գործարանը մասնավորեցնելու գործընթացին մասնակցել: Արամ Սարգսյանն ասել էր՝ ժամանակին միայն գործարանի կոլեկտիվն էր հայտ ներկայացրել, չէր եղել այլ առաջարկ. «Բայց, չգիտես ինչու, մեր հայտը չընդունվեց, որից հետո, քանի որ մենք էինք հաղթողը՝ գործարանը դրվեց մրցույթի»:

2006 թվականին Նիկոլ Փաշինյանը այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հարցազրույցում հարց էր ուղղել՝ «Արարատցեմենտ»-ը խոշոր հարկատուների ցանկում չկա, 200 հազար դոլարով գործարանը վաճառել եք իբրեւ թե օֆշորում գրանցված «Ռոբերտո» ընկերությանը, բայց վերջում պարզվեց, որ այն պատկանում է Հովիկ Աբրահամյանին եւ Գագիկ Ծառուկյանին: Մի քանի տարի հետո դուք 9 մլն դոլարի սուբսիդիա եք տալիս մի ընկերության, որը 300 խոշոր հարկատուների ցանկում չկա»:

Անդրանիկ Մարգարյան էլ պատասխանել էր, որ պետությունը սուբսիդավորում է ոչ թե կոնկրետ գործարան, այլ արդյունաբերության ճյուղը:

Փաշինյանի՝ ինչո՞ւ է գործարանը 200 հազար դոլարով վաճառվել, հարցին, Անդրանիկ Մարգարյանը որեւէ պատասխան չի տվել:

Այսինքն, միայն կառավարության՝ 17 տարվա վաղեմության որոշումով էլ պարզ է՝ գործարանի համար գնորդը՝ «Ռոբերտոն» վճարել է ընդամենը 200 հազար դոլար: Եվ քանի որ գործարանի կայքում գրված է՝ «գործարանը մասնավորեցվել է 2002 թվականին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից», ապա մասնավորեցնել բառը շատ բան է հուշում է. այսինքն՝ մինչ այդ գործարանը պետական է եղել եւ կոնցեռնը մասնավորեցրել է: Եվ ուրեմն մնում է իրավապահները պարզեն Ծառուկյանի կապը «Ռոբերտո»-ի հետ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930