Լրահոս
Օրվա լրահոսը

Խտրականություն հայոց լեզվի նկատմամբ

Ապրիլ 22,2019 21:05

Արդեն քանի անգամ է երթևեկում եմ «Аэрофлот» ավիաուղիներով Մոսկվայից Երևան և Երևանից Մոսկվա չվերթով, և ամեն անգամ ստիպված եմ լինում դիտողություն անել օդանավի անձնակազմին՝ ուղեկցորդուհիներին կամ օդաչուներին։ Հարցը կայանում է նրանում, որ օդանավում հայտարարություններ տրվում են ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Երբ ես ուղեկցորդուհուն հարցնում եմ, թե Ձեր կարծիքով հայերն անգլիախո՞ս են, նրանք պատասխանում են, որ ոչ, իհարկե։ Իսկ հարցիս, թե ինչու՞ եք այդ դեպքում անգլերեն լեզվով հաղորդում, պատասխանում է, թե կարող են օտարերկրյա ուղևորներ լինեն։ Բայց քանի՞ օտարերկրացի կարող է լինել 300 տեղանոց օդանավում հարցիս դժվարանում են պատասխանել։ Իսկ ես ավելացնում եմ, որ 300 ուղևորից կարող է երեք հոգի լինեն օտարերկրացի, իսկ մնացածը հայեր են և դուք պարտավոր եք հայերեն հայտարարություններ անել, որովհետև ուղևորները կարող է չհասկանան ոչ ռուսերեն, ոչ էլ անգլերեն հայտարարությունները։ Եվ եթե Աստված ոչ անի արտակարգ դրություն ստեղծվի, հայ ուղևորը կարող է չպատկերացնի իր գործողությունները, որ անհրաժեշտ է կիրառել։

Տարբեր ուղերթների ժամանակ օդանավերի անձնակազմերի մարդիկ ուղակի քաղաքավարական պատասխաններ են տվել՝

  1. –Շատ շնորհակալ ենք դիտողության համար․․․
  2. –Մենք անպայման կհաղորդենք ղեկավարությանը Ձեր դիտողությունները․․․
  3. –Այս անգամ մոռացանք հայերեն ձայնագրությունը վերցնել․․․

Եվ այլ պատասխաններ․․․

Ես պնդեցի, որ բոլոր դեպքերում այն օդանավերը, որոնք չվերթ են կատարում մեկ երկրից դեպի մի այլ երկիր, անպայման հայտարարությունները կրկնում են տվյալ երկրի լեզվով, որպեսզի բոլորը հասկանան։ Սա առաջին հերթին ուղևորների անվտանգության խնդիրն է, իսկ տվյալ դեպքում, հայերեն լեզվով չհաղորդելը կարող է դիտարկվել խտրականություն հայոց լեզվի և հայ ազգի նկատմամբ։

Վերջին չվերթի ժամանակ՝ մոտ երկու շաբաթ առաջ, ես պահանջեցի, որ մոտենա հրամանատարը, սակայն մոտեցավ խմբի ղեկավարը (бригадир) և մոտ 30 րոպե, իմ նստատեղի մոտ կքանստած հաճելի տիկնոջ հետ շատ հարգալից, իր կողմից պատրաստակամ զրույց անցկացրեցինք բոլոր հարցերի վերաբերյալ՝ այդ թվում նաև մատուցվող սնունդի և սպասարկման որակի առումով։

Բազմաթիվ անգամ այդ ավիաուղիներով չվերթ իրականացրած բազմաթիվ ծանոթներ միշտ դժգոհում են «Аэрофлот»-ում մատուցվող սնունդից։ Այս խնդիրն առավել ուշադրության կենտրոնում պահեցի, ավելացնելով, որ հաճախ հայ ուղևորները գերադասում են ուրիշ ավիաուղիներով թռչել, չնայած ավելի երկար ժամանակ են ծախսում, որովհետև այնտեղ սնունդն ավելի բարձր որակի է, սպասարկման որակը նույնպես տարբերվում է և այլ հարցեր։

Խմբի ղեկավար տիկինը ինձ տվեց մի հարցաթերթիկ, որտեղ ես նշեցի բոլոր թերությունները, որոնք իմ և իմ ծանոթների տեսանկյունից հարկավոր է բարելավել։

Արդեն օդանավի վայրէջքից հետո անձնակազմի անդամներն իմ նկատմամբ շեշտադրված ուշադրությամբ և հարգանքով շնորհակալություն հայտնեցին ու բարի ճանապարհ մաղթեցին։ Ինքս էլ՝ փոխադարձաբար բարի թռիչք ու անխափան փափուկ վայրէջք մաղթեցի անձնակազմի անդամներին։

Թռիչքի ավարտից մոտ 10 օր անց, իմ E_mail հասցեին «Аэрофлот»-ի ՓԲԸ արտադրանքի որակի կառավարման բաժնից Ելենա Կարպովան նամակ է գրել, որտեղ շնորհակալություն է հայտնում իմ դիտողությունների համար, խոստանալով, որ, անպայման, դրանք հաշվի կառնվեն, որ իրենք մտածում են ամեն մի ուղևորի մասին, որ մտածում են սպասարկման որակն էլ ավելի բարելավեն, որ ուղևորները հաճույքով ընտրեն «Аэрофлот»-ի ուղերթները տարբեր ուղղություններով, որպեսզի հայ ուղևորներն ավելի անկաշկանդ զգան իրենց ուղևորությունների ժամանակ ու ավելի վստահ լինեն «Аэрофлот»-ով թռիչքների ժամանակ։ Հատուկ շեշտում է նաև, որ հայտարարությունների մասով տեղյակ են պահել պատասխանատու բաժանմունքին և դա չի անտեսվի։

Խոսքս ցանկանում եմ ուղղել նաև ՀՀ-ն ավիաուղիների ղեկավարներին, որպեսզի նրանք էլ հետևողական լինեն օտարերկրյա թռիչքներ իրականացնող ավիաուղիների նկատմամբ, որպեսզի այդ օդանավերում հնչեն հայերեն լեզվով հայտարարություններ, որպեսզի հայ ուղևորներն ավելի լավ հասկանան անվտանգության կանոնները և պատրաստ լինեն արտակարգ իրավիճակներին։ Դա նաև հայոց լեզվի նկատմամբ պատշաճ ուշադրության դրսևորում է, որի պահպանման համար պայքարում են բոլոր հայկական գաղթօջախներում։

Պետական արժանավայել հոգածություն է հարկավոր դրսևորել հայոց լեզվի նկատմամբ։

 

            ՎԱՀԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ

            Լրագրողների միջազգային միության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Հարգելի հեղինակ, այդքան դժգոհությունները որ արտահայտում եք, գոնե օբյեկտիվորեն ներկայացրեք միջին վիճակագրական հայ ուղևորի կերպարը, որի հետ ստիպված է լինում ամեն օր առնչվել Աերոֆլոտի պես պրոֆեսիոնալ անձնակազմը․ փնթի՝ անթրաշ, քրտինքահոտ, փոշոտ և էժանագին սև գույնի հագուստով, պատռված ցելոֆանե տոպրակներով բեռնված, ուտելիքի մնացորդները օդանավի հատակին թափող, օդանավում կոնյակ խմող, գոտիները չկապող, անկարգ, աղմկոտ, ռուսերեն նույնիսկ մի բառ չհասկացող մասսա, որը նույնիսկ ջուր չի կարողանում խնդրել օդանավում, որովհետև չգիտի ջուր բառի ռուսերեն տարբերակը։ Ես բազմիցս «վայելել եմ» նման մասսայի հետ թռիչքների «բավականությունը», որը անմոռանալի տպավորություն է թողել ինձ վրա։ Ես թռչել եմ նաև գերմանական ավիաուղիներով և տեսել եմ գերմանացի ուղևորների, որոնք անհամեմատ ավելի լավ տպավորություն են թողել, քան հայերը։ Չեք կարծում, որ ուղևորը նույնպես պատասխանատվոիւթյան զգացում պիտի ունենա նախքան Աերոֆլոտին նկատողություններ անելը? Անձամբ ես Աերոֆլոտի ծառայությունից գոհ եմ և հաճույքով եմ ճանապարհորդում նրանց հետ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930