«Հեռարձակման թվայնացումից հետո մարզային որոշ հեռուստաընկերություններ փակվել են, այդ թվում՝ Գորիսի եւ Սիսիանի հեռուստաընկերությունները, ինչը հանգեցրեց տեղեկատվություն ստանալու հնարավորության նվազեցմանը: Մարզերում միջին եւ միջինից բարձր տարիքի մարդիկ հիմնական տեղեկատվությունը ստանում են հեռուստատեսության միջոցով»,-ԱԺ նիստի ժամանակ այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ հարցուպատասխանի ընթացքում վերջինիս ուշադրությունն այս խնդրի վրա հրավիրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
Նա որպես օրինակ մատնանշեց, որ թվայնացման որակի առնչությամբ Սիսիանում հեռարձակման խնդիրներ կան. «Աշոտավանից ահազանգում են, որ հեռարձակումն ընդհատումներով են ստանում, իսկ Շենաթաղում, որը լեռան լանջին է գտնվում, առհասարակ հեռուստատեսություն չունեն: Տատիկ-պապիկները ձմռանը ստիպված 100-200 մետր ներքեւ են իջնում, որպեսզի կարողանան հեռուստատեսությամբ լուրեր լսել»:
Տիգրան Հակոբյանը հարցրեց. «Անգամ Հանրային հեռուստաընկերությունը չկա՞»: «Ոչ մեկը…Թվայնացումից հետո որեւէ հեռուստատեսություն չկա»,-պատասխանեց Սրբուհի Գրիգորյանը: ՀՌՀ նախագահը պատասխանեց, որ հարցի վերաբերյալ տեղեկություններ չունեն, ուստի Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից կխնդրեն տրամադրել TV-ների սփռման քարտեզը, ինչից հետո հնարավոր կլինի ահազանգին արձագանքել: «Գիտեմ միայն, որ որոշ առանձին՝ լեռնային բնակավայրերում թվային ազդակները չեն հասնում, բայց կփորձեմ ձեր ահազանգն էլ ճշտել: Ներկայումս Սյունիքում թվային մեկ հեռուստաընկերություն է գործում, որը ֆինանսավորման խնդիրներ չունի, բայց կադրերի պակասից է բողոքում»,-եզրափակեց Տիգրան Հակոբյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ