«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն այսօր մինչ դատական նիստը սկսվելը պատասխանելով հարցին՝ ինչ նոր մեղադրանք է առաջադրվել իրեն, պատասխանեց՝ տեղյակ չեմ, իրավաբաններին հարցրեք.«Ինձ ստիպում եք որեւէ բան ասեմ, ես էլ ասում եմ՝ ոչնչից տեղյակ չեմ»։
Հարցին՝ դուք անմե՞ղ եք, Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց. «Ես Աստծո դեմ միշտ մեղավոր եմ, օրենքի առաջ, ես միշտ օրինապահ մարդ եմ: Մեռնեմ օրենքին»:
Հիշեցնենք, որ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, Բարսեղ Բեգլարյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ-ի 322-րդ հոդվածով (ինքնիրավչության հատկանիշներով)։
Պարոն Բեգլարյանը չպատասխանեց նաեւ երրորդ նախագահ ՍերԺ Սարգսյանի հրաժարականին առնչվող հարցին, գնահատական չտվեց եւ չասաց՝ որպես գործարար իրեն բավարարո՞ւմ է նոր կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը՝ նշելով՝ ես ով եմ, որ ասեմ՝ բավարարում է, թե չի բավարարում:
Այսօր Բարսեղ Բեգլարյանը եկել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայր՝ մասնակցելու դատական նիստի:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում Հրայր Հովսեփյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանն ասաց, որ այսօրվա նիստում միայն փաստաթղթեր են հետազոտվել եւ առաջիկա մեկ-երկու նիստում դեռ հետազոտվելու են:
Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանին։ Ըստ քրեական գործի տվյալների՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանի հետ միասին 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերանս սրահում ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ եւ բռնության գործադրման սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երեւան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար գումար:
Արդյունքում՝ նախկին կոմերցիոն տնօրենը, Բարսեղ Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել է բանկում, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել ընկերությանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ