Լրահոս
Օրվա լրահոսը

«10 ընտանիքի փրկելն ավելի լավ է, քան մեծ մասսաներին զվարճացնելը»․ Վահան Թումասյանը՝ Քաղաքացու օրվա 124 միլիոնը ծախսելու մասին

Ապրիլ 22,2019 19:07

«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքացու օրը նշելու համար կառավարության տրամադրած 124 միլիոն դրամին, կարծիք հայտնեց, որ թեև մեծ գումար չէ, սակայն դրանով կարելի է 10-ից ավելի անօթևան ընտանիքների համար բնակարան ձեռք բերել։

«Սա տարբեր ընտանիքների օգնելու համար հսկայական գումար է, 250 հազար դոլարով մոտավորապես տասից ավելի ընտանիքի բնակարան կարելի էր գնել։ Կարելի էր այդ միջոցառումն անել, բայց ասեին՝ ինչպես հեղափոխությունն ենք արել կամավոր, առանց հատուկ ծախսերի, առանց միջազգային ուժերի սնուցման, ովքեր ուզում են մասնակցել, իրենք իրենց միջոցներով, կամավորական միջոցառումներ կազմակերպեն, և այն գումարը, որը հատկացրել ենք այդ միջոցառման համար, այս, այս, այս ընտանիքների խնդիրն ենք լուծում կամ այս հիվանդ երեխաների բուժման վրա ենք ծախսում։ Եվ դա թող լինի քաղաքացու օրվա նվերն այդ ընտանիքներին։

Ես նորից եմ ուզում կրկնել, մի ընտանիքի ճակատագիրը փրկելն ավելի կարևոր և մեծ է, քան ասենք մեծ մասսաներին զվարճանքներ պարգևելը, առավել ևս բոլորս հասկանում ենք, որ նման միջոցները, որ հանրապետական բյուջեից հատկացվում են, դրանք հիմնականում Հանրապետության հրապարակում որևէ միջոցառմանն են բավարարում և Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց ժամանցը կազմակերպելու համար է ծախսվում։ Կապրենք, կտեսնենք, տա Աստված սխալվեմ, մնացել  է մի շաբաթ, երբ ես գրել էի այս մասին, ինձ տարբեր քննադատություններ էին ուղղվել, թե չես ուզում․․․

Ես ասում եմ՝ լավ, այն մարդիկ, որոնք հավաքվում են հրապարակում, օրական մի 10 առիթ ունեն զվարճանալու մայրաքաղաքում։ Այսինքն՝ մեկ զվարճանք ավել, մեկ զվարճանք պակաս, մարդկանց կյանքում ոչինչ չի փոխում։ Միևնույնն է՝ այդ միջոցառումների համար հատկացված գումարը չի գնա Ամասիայի, Աշոցքի կամ Գյումրիի խեղճուկրակ տնակներում ապրող մարդկանց մի լավ օր պարգևելու վրա, որովհետև դա անհնարին բան է․ գումարը չի հերիքում և նաև միջոցառման կազմակերպիչների ընդունակությունն էլ չի բավարարում։ Վերջը մեծ փորձ ունենք, դրա համար 124 միլիոնը ծախսած, չծախսած միջոցառման վրա մեծ հաշվով ոչինչ չէր փոխում, բայց կփոխեր տասնյակ ընտանիքների ճակատագիր, մարդիկ դուրս կգային այդ իրավիճակից»։

Վահան Թումասյանի պատմելով, իրենք Զատկի տոնին այցելել են մարդկանց, եղել են ընտանիքներ, որոնք տոն օրով քաղցած նստած են եղել, նույնիսկ մի ձու չեն կարողացել գնել։

«Եթե մեր վիճակը վատ է, մենք պետք է խնայողաբար ծախսենք այդ գումարը, շռայլություն մեզ չպետք է թույլ տանք, Նոր Տարվան արեցին տոնածառի տեսքով, հիմա սա Քաղաքացու օրվա տեսքով ու այսպես շարունակ։ Ի վերջո, պիտի հասկանանք, որ մենք այդքան հարուստ երկիր չենք, մեր քաղաքացիներն էլ այդքան լավ չեն ապրում, որ մի բան էլ մեզ շռայլություններ թույլ տանք։ Եվ դա չի նշանակում չնշենք քաղաքացու օրը, ի սեր Աստծո, ինչպես հեղափոխությունն էինք նշում՝ տոնակատարություններով, պողոտաներում խորոված-մորովածներով, հո դրա համար գումար չէր բաժանվում, ամեն մարդ գալիս, ինքնաբուխ անում էր։ Հասցնեիք էն աստիճանի, որ մարդիկ ինքնաբուխ իրենց գյուղում, քաղաքում տոնեին քաղաքացու օրն՝ առանց միջոցների ծախսման», -ասում է մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930