«Ըստ 2016թ.-ի զեկույցի՝ ՀՀ-ում հեռուստագովազդի շուկայի 74%-ը պատկանում է մեկ ընկերության, եւ շուկայում ոչ միայն գերիշխող դիրք կա, այլեւ այն չարաշահվում է: Այսօր կա՞ն տվյալներ, թե խնդիրն ինչ վիճակում է, եւ գովազդի հասանելիության տեսանկյունից արդյոք հավասար պայմաններ ապահովվո՞ւմ են գովազդատուների համար»,-ԱԺ նիստում այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին այսպիսի հարցադրումներ ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:
Տիգրան Հակոբյանն արձանագրեց, որ հայաստանյան հեռուստագովազդի շուկայում որոշակի անարդարություն կա, որովհետեւ մեկ վաճառող ընկերություն է գործում, որը միավորում է մի քանի հեռուստաընկերությունների՝ գովազդ վաճառելու հարթակը:
«Մենք միայն կարող ենք ասել, որ ոչ բարեխիղճ մրցակցություն կա շուկայում, որովհետեւ գովազդ վաճառող մեկ ընկերությունը թելադրում է այն պայմանները, որոնցով հեռուստաընկերությունները պետք է տեղադրեն գովազդները: Այստեղ խնդիր կա, բայց հեռուստաընկերություններից չեն բողոքում, այսինքն՝ ներքին մեխանիզմների միջոցով հարցը լուծվում է: Տվյալ փաստն այդ շուկայի կարգավորումը դժվարեցնում է: Այլ ուսումնասիրություններ մենք չունենք: Եթե աշխատենք գովազդային գործակալությունների հետ, գուցե խնդիրն ավելի խորքային հասկանանք, բայց այս պահի դրությամբ չենք հասկանում, որովհետեւ ըստ մեզ՝ մեծ խնդիրն այն է, որ գովազդային մուտքերը շատ արագ կրճատվում են. գովազդը գնում է համացանց, ինչն ավելի մեծ գործոն է, որը նպաստում է հեռուստաընկերություններում գովազի պակասեցմանը»,-եզրափակեց ՀՌՀ նախագահը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ