2,5 տարի առաջ սկսված քրեական գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այսօր հրապարակել է Գոռ Քոչարյանի դատավճիռը: Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ մասով արդարացրել է քրեական հետապնդումը։
Aravot.am-ին Գոռ Քոչարյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Քամալյանն (լուսանկարում) ասաց, որ իր պաշտպանյալն 8 ամիս նախնական կալանքի տակ մնալուց հետո, իր միջնորդությունը՝ անձնական երաշխավորության, դատարանը բավարարել էր։
Նշենք, որ Գոռ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքում որպես տեսուչ, ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Շահեն Մակոյանից Հայկ Մակոյանի միջնորդությամբ և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի թղթակցությունների խմբի տեսուչ Արմեն Մկրտչյանի օժանդակությամբ ստացել է 130.000 ՀՀ դրամ կաշառք, ինչպես նաև շահադիտական նպատակով կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, ավտոդրոմում կամ ավտոհրապարակում Շահեն Մակոյանի գործնական քննության արդյունքների վերաբերյալ թիվ 641097 արձանագրությունը, որում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ Շահեն Մակոյանի կողմից քննությունը դրական հանձնելու մասին:
Այս գործով «անցել են» Արմեն Մկրտչյանը, Հայկ Մամիկոնյանը: Գործը դատարանի վարույթում էր 2017թ.դեկտեմբերի վերջից:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Կարեն Քամալյանի ֆեյսբուքյան էջից