Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյանին դժգոհեցին Լիլի Մորտոյի կրծքերի շուրջ հաղորդումից, «Կիսաբաց լուսամուտներից». Պարզվեց՝ մի հաղորդում չեն թողել եթեր գնա

Ապրիլ 22,2019 17:27

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր ԱԺ-ում 2018-ի գործունեության զեկույցն էր ներկայացնում: Aravot.am-ը նրան հարցրեց՝ Նիկոլ Փաշինյանը, երբ պատգամավոր էր, պարբերաբար բողոքում էր «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարից, ասում էր, որ բանավոր պոռնոգրաֆիական տեսարաններ են, դուք ի՞նչ կասեք այս մասին: Նա պատասխանեց. «Մեր բնակարանում չկա այդ հաղորդումը ցանկի մեջ, ոչ ոք չի նայում: Բայց այլ բան է դժգոհ լինելը, այլ բան է օրենսդրական կարգավորումը, որովհետեւ շատ ցածր որակի միգուցե լինելով, ցածր խավի ներկայացուցիչներին ի ցույց դնելով բոլորին, այնուամենայնիվ, մեր իրավական վարչությունն աշխատում է եւ բացահայտ խախտումներ չեն եղել: Մենք ոչ թե մեր ճաշակով պետք է առաջնորդվենք, այլ՝ միմիայն օրենքով»:

Տիգրան Հակոբյանը գաղտնիք բացեց՝ մոտ մեկ ամիս առաջ «Կիսաբաց լուսամուտների» մի հաղորդում առանց աղմուկ հանելու փոխհամաձայնության գալով՝ հանել են եթերից ու չեն թողել հեռարձակել:

Նա ասաց, որ իր, վարչապետի, հանրության արդարացի դժգոհությունը չի կարող իրավական հետեւությունների հիմք տալ:

Տիգրան Հակոբյանը նշեց, որ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն կա, օրինակ, 18+ եւ այլ նշագրումներով ու սահմանափակումներով հարցը լուծելու: ՀՌՀ նախագահը խոսեց եթերի լեզվի մասին: Նա ասաց, որ լեզվի անաղարտությունը լիարժեք ապահովել հնարավոր չէ. «Դուք ինքներդ գեղարվեստական արտասահմանյան ֆիլմեր եք նայում, փորձեք պատկերացնել, որ ամերիկյան էքշըններում, բոյեվիկներում լեզվի անաղարտությունը պահպանեն, կկորցնեն գեղարվեստական արժանիքները, արժանապատվությունը»:

Լրագրողները դժգոհեցին՝ հաղորդում կա, որտեղ Լիլի Մորտոյի կրծքերը, բարեմասնություններն են առանցքում, դրա շուրջ մի ամբողջ հաղորդում է եթեր հեռարձակվում, հանձնաժողովն այստեղ անելիք չունի՞: Ի պատասխան՝ Տիգրան Հակոբյանը նախ ճշտեց՝ ո՞վ է Լիլի Մորտոն, հետո ասաց. «Անելիք չունի հանձնաժողովը: Օրենքով ու Սահմանադրությամբ ամրագրված է, իրավունք չունենք միջամտել բովանդակությանը, դա ԶԼՄ-ների խոսքի ազատության եւ անկախության երաշխիքներից մեկն է»:

Մեր դիտարկմանը, որ նախորդ անգամ ԱԺ-ում երբ դուք նմանատիպ մի պատասխան տվեցիք, Նիկոլ Փաշինյանը շատ դժգոհ էր ձեր պատասխանից, նա ասում էր, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվեն, ուղիղ հեռարձակմամբ եթեր կտան «Զուգարանային կրքեր» հաղորդումը: Տիգրան Հակոբյանն արձագանքեց՝ ասելով, որ օրենքով սահմաններն են այն չափորոշիչները, որոնք կնվազեցնեն ե՛ւ վարչապետի, ե՛ւ մեր բոլորի դժգոհությունները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930