Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս եղավ, որ տեղական 40 հազար դրամանոց ցեմենտը մրցունակ չէ, երբ իրանականը մաքսազերծվել է 150 դոլարով»

Ապրիլ 22,2019 16:16

Ներմուծվող ցեմենտի համար 22 հազար դրամ պետական տուրք սահմանելու մասին նախագիծը ԱԺ-ում քննարկելուց օրեր անց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ղեկավարությունը աշխատակցիներին կրճատելու մասին ծանուցումներ ուղարկեց:

Երեկ Արարատի մարզում գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին անում այդ կրճատումների դեմ. նրանք վստահեցնում էին՝ իրենց տեղեկացրել են, գործարանը փակվելու է, ինչի հետեւանքով 1200 աշխատակից գործազուրկ կդառնա:

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը ցուցարարների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2 տարի է ներմուծվում է ցեմենտ եւ կլինկեր. «Բայց առաջին տարին տեղավորվում էինք, որովհետեւ շատ չէր՝ 186 հազար տոննա մտնում էր Հայաստան: Հիմա կլինկեր է մտնում: Բիզնեսի տեսակետից ասեմ՝ եթե որոշվում է, որ ներմուծվող ցեմենտի վրա պիտի լինի տուրքը, կլինկերի վրա չլինի, ավելի լավ է՝ մենք էլ կլինկեր բերենք, ու վաճառենք»:

Ցուցարարներից մեկը Առուստամյանին դիմելով ասաց՝ ներմուծվող կլինկերի դեպքում էլ հարկերը վճարելով 35 հազար դրամ է ստացվում արժեքը. «Կա՞ փաստ, որ կլինկերն առանց հարկի են բերում»: Առուստամյանն էլ ասաց՝ «Արդեն ԱԺ-ում է նախագիծը, որ առանց կլինկերի, մենակ ցեմենտի, ու արդեն պարզ է Ազգային ժողովում ոնց է գնալու»:

Ցուցարարներից ոմանք պնդում էին, թե ցեմենտն էլ, կլինկերն էլ մրցակցային գին ունեն, եւ պահանջեցին 1 տոննա ցեմենտի գինն ասի Առուստամյանը, որն էլ հայտարարեց՝ 36 հազար դրամ: Ավելի ուշ Առուստամյանը հայտարարեց՝ 1 տոննա ցեմենտը ոչ թե 36 հազար դրամ է, այլ՝ 40 հազար՝ 2018 թվականին, իսկ դրան նախորդող 2 տարիներին՝ 50 հազար դրամ՝ արտադրության քիչ ծավալների պատճառով:

Եթե երկրում իշխանությունները հայտարարում են՝ հեղափոխությունից հետո բոլորի համար հավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել, ապա ներմուծողի համար հավելյալ հարկատեսակի համար ոչ մրցակցային պայմաններ ստեղծելը տեղավորվո՞ւմ է կառավարության հայտարարած քաղաքականության տրամաբանությունում:

Դժգոհ լինելով կառավարության նախագծից, «Մուլտի գրուպ»-ի՝ աշխատակիցներին կրճատելու քայլն էլ սաբոտաժի է նմանվում, կարծես «պետության հետ շանտաժով խոսել», ինչպես «Սապյկայի» դեպքում ասել էր վարչապետը, երբ ընկերությունը հայտարարել էր, թե գյուղմթերքներ չի մթերելու:

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն «Առավոտ»-ի հետ զրույցում նկատում է՝ իշխանության մոտեցումը տնտեսությունում մրցակցային հավասար պայմաններ ապահովելն է: Տնտեսագետը հիշեցնում է՝ երբ կառավարությունում քննարկվում էր ցեմենտի ներկրման դեպքում տուրք սահմանելու հարցը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ սա ուղղակի բացառություն պետք է լինի եւ արտադրողն էլ պետք է հասկանա, որ պետք է ժամանակակից տեխնոլոգիաներով մրցունակ ապրանք արտադրի:

«Բայց քանի որ ֆորսմաժորային իրավիճակներում ենք հայտնվել, Իրանում ինչ-ինչ հանգամանքներով ավելի էժան է ցեմենտն ու այն ներկրվում է, շուկայում որոշակի առավելություն է ստեղծվել իրանականի համար: «Արարատցեմենտ»-ը հայտնվել է նման վիճակում, կառավարությունը որոշել է ժամանակավորապես ընդառաջել: Հիմա քննարկումներ են գնում ԱԺ-ում, ինչ արդյունքներ կլինեն, առաջիկայում պարզ կլինի»,-ասաց Խաչատրյանը:

Նա նաեւ նշեց՝ «Շատերիս համար անսպասելի էր, որ գործարանի ղեկավարությունը նման ծանուցագրեր է ուղարկել աշխատակիցներին: Նախ՝ պետք է սպասեին, որովհետեւ համապատասխան մասնագետներ կան, որոնք պարտավոր էին կանխատեսել, թե շուկայում ինչ փոփոխություններ կլինեին: Բոլորիս համար կանխատեսելի էր, որ Իրանում իրանական ապրանքն ավելի մրցունակ է դարձել իրենց արժույթի արժեզրկման արդյունքում, որը պայմանավորված է սանկցիաներով»:

Բայց հանկարծ «Մուլտի գրուպի» վարքագիծն ու կառավարության, թեկուզ ժամանակավոր աջակցությունը տեղականին «վարակիչ չդառնա» ու մեկը մյուսի հետեւից սկսեն ներմուծվող ապրանքատեսակների համար լրացուցիչ հարկում պահանջել: Դեռ նախորդ տարի տեղական լոլիկ արտադրողները պահանջում էին արգելել թուրքական լոլիկի նեմուծումը Հայաստան, քանի որ այն ավելի էժան է, տեղականը՝ գրեթե կրկնակի թանկ ու մրցունակ չէ թուրքականի հետ:

Թվում է, թե վատ չէ տեղական արտադրողին աջակցելը, բայց հո «փակ շուկա» չե՞նք դառնալու՝ ներկրվողների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելով, ու դեռ չենք նշում միջագային կանոնները:

Վահագն Խաչատրյանը նկատում է՝ «Մի հարց կա՝ վաղը, մյուս օրը եթե Ռուսաստանից սկսեն ցեմենտ ներկրել, ի՞նչ ենք անելու: Նույն առավելությունները, որ կա Իրանում՝ գազի գնի առումով, Ռուսաստանում էլ կա: Հաջորդը կարող է լինել ամռանը՝ գյուղատնտեսական ապրանքների իրացման ժամանակ: Օրինակ՝ Թուրքիայից գյուղմթերքներ, ապրանքներ են բերում: Էլի նույն մոտեցումը կա: Պետք է հասկանանք բոլորս՝ սպառողներն ու արտադրողները՝ Հայաստանի Հանրապետությունում գործող կարգը ազատ շուկայական հարաբերություններն են, որտեղ պետությունը հովանավորչական քաղաքականություն չի վարում, բայց կա հնարավորություններ՝ առեւտրի համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով՝ մինչեւ 10 տոկոս, բայց ոչ ավելի, ընդառաջել»:

Արդյոք «Մուլտի գրուպի»՝ աշխատակիցների թիվը կրճատելն ու պատճառաբանելը՝ վնասով ենք աշխատում, սաբոտաժ չէ, կամ շանտաժ, տնտեսագետն ասում է՝ «Չեմ ուզում քաղաքական գնահատականներ տալ: Բայց խնդիրը տնտեսական դաշտում դիտարկենք՝ այսօր կլինկեր է, ցեմենտ է, վաղը կարող է լինել մեկ այլ հարց: Չեմ կարծում այդ հարցերն այդ մակարդակով պետք է քննարկվեն: Ի վերջո առանց լուրջ հաշվարկների խնդիրը ներկայացնել, հետո պարտադրել դրա լուծումը, ճիշտ չէ: Երբ նայում եմ ՊԵԿ-ի ցուցանիշներն՝ անցյալ տարի իրանական ցեմենտը մաքսազերծվել է 150 դոլարով: Զարմանում եմ՝ ո՞րն է խնդիրը, երբ տեղականը վաճառում է 40 հազար դրամով, մոտ 100 դոլարով, իսկ ներմուծվում է 150 դոլարով: Ստացվում է 150 դոլարով մաքսազերծված ցեմենտը մրցունակ չէ: Սա պետք է ուսումնասիրվի: Այն որ կառավարության աջակցության կարիքն ունեն՝ նորմալ է: Այն որ կառավարությունն աջակցել է ՝ ավելի նորմալ է, չի ասել՝ դուք ձեր հարցերը լուծեք»:

Տնտեսագետը կարծում է, որ գործարանի սեփականատերերը պետք է կառավարության հետ հստակ պայմանավորվածություն ձեռք բերեն, որովհետեւ լրացուցիչ պահանջ դնել, նշանակում է՝ «մենք չենք ուզում աշխատել» եւ սա արդեն այլ գնահատական է:

Խաչատրյանը վստահ է՝ խնդրի լուծում հնարավոր է գտնել՝ գործարանը պետք է կարողանա նոր տեխնոլոգիական նորամուծություններով մրցունակ ապրանք արտադրի, կամ նույնիսկ կարող է «Գազպրոմ»-ի հետ գազի գնի շուրջ պայմանավորվեն, որովհտեւ գործարանը գազի մեծ ծավալի սպառող է. «Բայց շուկայում լրացուցիչ մաքսատուրք ներդնել, խոչընդոտ հարուցել ե՛ւ գնի, ե՛ւ որակի առումով… ներմուծողին խոչընդոտել, ճիշտ չէ, որովհետեւ տուժողները բոլորս ենք լինելու, իսկ շահողները՝ սահմանափակ մարդիկ, եթե նույնիսկ նրանք 2000 հոգի են»:

Երեկ վարչապետ Փաշինյանն արձագանքելով «Արարատցեմենտ»-ի աշխատակիցների բողոքի ցույցին եւ կրճատումներին, ասել է՝ «Դա գործատու-աշխատող խնդիր է»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

16.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Ո՞րտեղ են 40 000 դրամով ցեմենտ վաճառում, ինչ որ մեկը կարող է հուշել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930