Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում ընկալում խաղաղությունը. զեկույց

Ապրիլ 22,2019 15:36

«Խաղաղություն գաղափարը տարբեր ընկալումներ ունի Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում: Հայաստանում և Արցախում խաղաղությունը հիմնականում պատկերացնում ենք որպես կայունություն, իսկ Ադրբեջանում այն ընկալվում է որպես արդարության վերականգնում»,- այսօր Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) հայտարարեց «Խաղաղության ընկալումը. ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծություն» զեկույցի համահեղինակ, լրագրող Մարկ Գրիգորյանը:

Նա նկատեց, որ հակամարտությունը դարձել է հայերի ազգային ինքնության մի մասը:

Այնուհետև Մարկ Գրիգորյանը հավելեց` «Ինչքան առաջնագծից հեռու, այնքան ավելի բարձր են հնչում ազգասիրական և հայրենասիրական խոսքերը»:

Տեղեկացնենք՝ International alert միջազգային կազմակերպության փորձագետները հրապարակել են «Խաղաղության ընկալումը. ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծություն» զեկույցը, որը ներկայացնում է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների վերաբերմունքը այս հակամարտության շուրջ: Գրվել են առանձին հոդվածներ այն մասին, թե ինչպես են այս երեք երկրներում ընկալում «խաղաղություն» հասկացությունը:

Զեկույցի մասին այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ քննարկում զեկույցի համահեղինակների ու ուսանողների, մինչ այս քննարկումը զեկույցին ծանոթացած անձանց միջև:

Քննարկմանը ներկա էր International alert միջազգային կազմակերպության Կովկասի տարածաշրջանային ղեկավար Սոֆիա Փագսլին: Նա ներկայացրեց իրենց կազմակերպությունն ու ծրագրերը, որոնցից մեկն էլ կյանքի կկոչվի մոտ ապագայում. «Կոնսորցիումի մեջ մենք ունենք նաև մի ծրագիր, որտեղ կանանց մի քանի խումբ միասին աշխատում են, որպեսզի ցույց տան կանանց դերն ու տեսակետը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»:

Սոֆիա Փագսլին խոսեց նաև Ղարաբաղյան հակամարտության պատմությունը պատմող ֆիլմի մասին, որն արդեն թարգմանված է հայերենով:

Արցախի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանն ավելի մանրամասն ներկայացրեց զեկույցում տեղ գտած կարծիքներն ու վերլուծությունները. «Այս հետազոտությունը մյուսներից տարբերվում է նրանով, որ այն մի ամբողջական շրջափուլ է: Երեք հանրապետությունների ժողովուրդների (Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի) հետ մտերմիկ հարցազրույցներից հետո արդյունքները վերլուծվել են: Աշխատանքներին մասնակցել են ոչ միայն մեր փորձագետները, այլև International alert»-ի, ինչպես նաև Վրաստանի և Աբխազիայի փորձագետները: Նրանք գրել են նաև իրենց անհատական դիտարկումները: Այս ամենի հրապարակումից հետո սկսվել են քննարկումներ Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում»:

Գեղամ Բաղդասարյանը նաև նշեց, որ այժմ տեղեկատվական պատերազմ է ընթանում, և կարծիք հայտնեց, որ ներքին տեղեկատվական պատերազմն ավելի ցինիկ է`մատնանշելով նախորդ և ներկայիս իշխանությունների միջև ծավալվող «բախումները»:

Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանն ու Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի համակարգող, «Սիվիլիթաս» հիմնադրամի մեկնաբան-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը:

Մարիա Կարապետյանը նշեց այն երկու հակասությունները, որոնք նա առանձնացրել էր դեռ հունվար ամսին`զեկույցն առաջին անգամ կարդալիս. «Մենք սովորել ենք հակամարտության պայմաններում ապրել տարիներ շարունակ և սովորել ենք դրանց մեջ տեսնել դրական կողմեր, սկսած զինված ուժերի կայացումից, մինչև տնտեսական որոշակի ճյուղերի զարգացումը, օրինակ`IT ոլորտի զարգացումը, իսկ մյուս հակասությունն այն է, որ հակամարտության գոտում ապրող մարդկանց դժվար է իրենց կյանքը երկարաժամկետ պլանավորելը, այսինքն՝ նրանք միշտ սթրեսի մեջ են»:

Թաթուլ Հակոբյանն առաջ քաշեց այն գաղափարը, որ պացիֆիզմի մասին խոսում են միայն հայրենասերները, իսկ պատերազմի մասին միայն նրանք, որոնք պատերազմական իրավիճակում զենք չեն վերցնի ձեռքները. «Դու պատրա՞ստ ես խաղաղության համար վճարել, թե պատրաստ չես: Ես էլ կարող եմ առավոտից երեկո գրել խաղաղության մասին, բայց կարևորը դա չէ, կարևորն այն է, թե դու պատրա՞ստ ես վճարել և ինչո՞վ ես պատրաստ»:

Բանախոսների զեկույցներից հետո ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր հղել և նրանց հետ քննարկում ծավալել: Այս քննարկումներից հետո փորձագետները պատրաստելու են իրենց տպավորությունների մասին վերլուծական նյութեր:

Անի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930