«Այս օրենքն այն մասին է, որ ոստիկանը եւ օլիգարխների սափրագլուխներն այլեւս ձեռք չեն բարձրացնելու ժողովրդի վրա, որ ՀՀ քաղաքացուն «Մարտի 1-ից դասեր չեք քաղել» արտահայտությամբ սպառնալ այլեւս որեւէ մեկն իրեն չի կարող թույլ տալ»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժածներին աջակցություն ցուցաբերելու մասին օրենքի նախագծին, որն այսօր քննարկվում էր ԱԺ-ում: «Շատ մարդիկ այսօր գումարներ են ծախսում, որ լվանան իրենց ձեռքերն արյունից, բայց դրանք այլեւս երբեք մաքուր չեն լինի»,-նշեց օրենքի նախագծի համահեղինակներից Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց՝ խորհրդանշական է, որ այս օրինագծի քննարկումից մեկ տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը, Միրզոյանի բնորոշմամբ, ողջ աշխարհի առաջ սպառնաց ՀՀ քաղաքացիներին՝ ասելով` «Դասեր չեք քաղել Մարտի 1-ից»: ԱԺ նախագահին այդ խոսքերը հիշեցնում են, թե Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ինչպես է ընկերներով կարողացել պատսպարվել գրասենյակներից մեկում. «Ինչպես պնդվում է մեղադրանքներում, եղավ ցույցը ցրելու հրաման, ինչն առաջացրեց բազմահազար քաղաքացիների զայրույթը: Ի պատասխան՝ խաղաղ ցուցարարների վրա կրակ բացվեց: Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոցի պողոտա խաչմերուկում տեսնում էի, որ հատուկ միջոցների արկերն են ընկնում եւ վնասում մարդկանց: Երբ մտանք մեր ընկերներից մեկի գրասենյակ, զանգեցինք մեր ընկեր Նարեկ Զեյնալյանին (այժմ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) եւ հրավիրեցինք ապաստան, բայց նա հրաժարվեց, որովհետեւ բժիշկ էր, վիրավորները շատ էին: Մեր ընկեր Վլադիմիր Վարդանյանն (այժմ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) էլ գրասենյակի դուռը փակեց իմ առաջ՝ թույլ չտալով վերադառնալ փողոց, բայց մենք, վերջիվերջո, կրկին հայտնվեցինք փողոցում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հ. Գ. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքելով այս ելույթներին՝ ՖԲ իր էջում գրել է. «Այսօր Ազգային Ժողովում իշխանական պատգամավորների մտքի խրախճանքի տոնահանդես էր:
Հերթական անգամ դիրքավորվելով մարտի 1-ի ողբերգության զոհերի և տուժածների ուսերին, նրանք իրենց «հեղափոխական» առականու արդեն հոգնեցրած և մաշված թեզերն էին արտաբերում՝ անցյալ տարվա իրադարձությունների հիշողության տակ մնացած:
Պարոնայք, թարմացրեք ձեր հիշողությունը:
Սերժ Սարգսյանի կողմից Մարիոթում արած հայտարարությունը ոչ թե նոր մարտի 1-ով վախեցնելու սպառնալիք էր, այլ քաղաքական պատասխանատվության և զսպվածության կոչ:
Ի վերջո, մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա:
Վերընթերցեք նաև միջազգային բոլոր հիմնական դերակատարների գնահատականներն այդ կապակցությամբ»: