Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. Գեներալի պաշտպանը գտնում է, որ միակ դեպքն է, որ դատավորը ճիշտ որոշում է կայացրել

Ապրիլ 22,2019 13:47

Այսօր կեսօրին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանը հրապարակեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանների միջնորդության վերաբերյալ իր որոշումը: Նիստը տեղի էր ունեցել անցած ուրբաթ օրը՝ ապրիլի 19-ին, սակայն վճիռը հրապարակվեց այսօր: Դատավոր Մարինե Մելքոնյանը մերժեց Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը:

Մանվել Գրիգորյանի պաշտպանն Արսեն Մկրտչյանը նիստից հետո ասաց, որ դատարանի որոշումն անակնկալ չէր եւ նախորդ նիստին կանխատեսել էր, որ դատավորը կրկին մերժելու է:

«Մանվել Գրիգորյանի քրեական հետապնդումը սկսելուց առ այսօր, սա Մարինե Մելքոնյանի կամ Արսեն Նիկողոսյանի կողմից միակ պատճառաբանված, օրենքի հետ աղերս ունեցող դատական միջանկյալ ակտն է»:

Ըստ պաշտպանի, քանի որ գործն արդեն փոխանցված է այլ դատարան, եթե այս դատարանը բավարարեր այս միջնորդությունը դուրս կգար իր լիազորությունների շրջանակներից. «Մարինե Մելքոնյանը օրենքի հետ աղերս ունեցող որոշում կայացրեց եւ դա մերժումն էր: Այս դեպքում բավարարելը կլիներ օրենքի խախտում: Գոնե մի հաճելի զարմանք կա, որ գոնե հիմնավորում կա»:

Արսեն Մկրտչյանն ասաց, որ արդեն չի էլ հիշում որերորդ անգամ է դատարանը մերժում իր նույն միջնորդությունը, սակայն, ըստ նրա, սա միակ ճիշտ հիմնավորումն էր:

Մանվել Գրիգորյանի գործը փոխանցվել է Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Հարցին, թե Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի, քանի որ պարբերաբար հայտարարել է, որ դատավոր Մարինե Մելքոնյանը Մանվել Գրիգորյանի նկատմամբ կանխակալ մոտեցում է ցուցաբերում, Արսեն Մկրտչյանն ասաց՝ լուրջ դատավոր է. «Համակարգում կան կայացած դատավորներ՝ անկախ նրանից թե նրանք ինչ որոշումներ են կայացնում, ազգանունները, անունները հայտնի են: Առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում, բացի դատավոր Գագիկ Պողոսյանից, մնացած բոլոր դատավորների մասին կարող եմ ասել, որ կայացած, փայլուն դատավորներ են, եւ ում վրա էլ մակագրվեր այս գործը մենք հույսը չէինք կորցնի վերջնական դատական ակտի համար: Թող ձեր մոտ տպավորություն չստեղծվի,որ ես բամբասչու պես դատավորների մասին բացասական կամ դրական կարծիքներ եմ անհիմն սփռում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930