Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ «Պետական տուրքերի մասին» օրենքում փոփոխությունների հետ կապված, երբ ցեմենտի գործարանի հարցն էր քննարկվում ԱԺ-ում, տպավորություն էր, որ մի ամբողջ խմբակցություն մի գործարանի շահերն էր պաշտպանում ու շահերի բախում կար, դուք քննարկման այդ որակն ընդունո՞ւմ եք: Նա պատասխանեց. «Մտայնությունն իսկապես բարձրաձայնվել է: Պետք է հասկանալ, թե դա ինչքանով է շահերի բախում: Եթե շահերի բախում է, ապա դրան պիտի հետեւեն որոշակի գործողություններ: Անձամբ իմ մտահոգության առարկան շահերի բախումն է»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ այլեւս խորհրդարանում չեն լինի գործարար պատգամավորներ, բայց այդ վերջին քննարկումը ցույց տվեց, որ գործարարի շահերն էր պաշտպանում մի ամբողջ խմբակցություն, դա մի ցցուն օրինակ է, ինչպե՞ս կարձագանքեք՝ Արարատ Միրզոյանն ի պատասխան առաջարկեց նայել ԿԸՀ արձանագրումները ու տեսնել, թե քանի տոկոս վստահության քվե է ստացել այդ քաղաքական ուժը, որն իր կազմում ունի գործարար պատգամավոր կամ պատգամավորներ. «Քաղաքացիները քվեարկել են եւ այդ մարդիկ անցել են խորհրդարան: Մենք կարող ենք քաղաքական գնահատական տալ, բայց չենք կարող սրբագրել քաղաքացիների քվեարկության արդյունքները, եթե այդ գործարար պատգամավորներն օրենքով սահմանված կարգով իրենց բիզնեսների կառավարումը հանձնել են կառավարման»:
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ թղթերով ամեն ինչ կարգին էր, բայց իրականում՝ այլ՝ Միրզոյանը պատասխանեց. «Դուք գիտեք վարչապետի վերաբերմունքը, ես կարող եմ հաստատել այդ վերաբերմունքը եւ ընդհանրապես իմ գործընկերների վերաբերմունքն այդ հարցին: Լավ չի: Թղթերով ամեն ինչ կարգին է, հետեւաբար արհեստական եւ ոչ իրավաչափ միջամտություն կլինի: ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները սրբազան են, մենք չենք պատրաստվում ոչ իրավաչափ գործողություններ անել»:
Միրզոյանն ասաց, որ քաղաքացին ընտրություն անելիս պետք է մտածի դրա շուրջ. «Եթե նոր Հայաստանում ես լինեի բիզնեսմեն, ապա բացարձակապես դրա կարիքը չկար, որ մտնեի խորհրդարան: Նախկինում դրա կարիքը եղել է, որովհետեւ դա ապահովել է որոշակի պաշտպանվածություն: Հիմա դա համարում եմ բացարձակապես անտեղի ու անիմաստ»:
Կարդացեք նաև
Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ եթե որեւէ պատգամավոր, ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, մեծ թվով անհարգելի բացակայություն ունենա, դրան կհետեւեն սանկցիաներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ