ԱԺ-ն այսօր քննարկում էր ՀՀ կառավարության ներկայացրած՝ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է ոլորտի օրենսդրության կատարելագործմանը, հատկապես՝ թրաֆիքինգի ենթարկված երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը:
Նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանի (լուսանկար) ուշադրությունը հրավիրեց Երեւանում գործող մերսման սրահների աշխատանքի վրա:
«Այդ այսպես կոչված մերսման սրահներում շատ երեւույթներ են կատարվում, որոնք ուսումնասիրության կարիք ունեն: Թրաֆիքինգ են համարվում նաեւ սեռական շահագործումը, անկանոն աշխատանքային գրաֆիկը: Մերսման սրահների մեծ մասը կարող ենք բնորոշել որպես թրաֆիքինգի օջախներ: Առաջարկում եմ ուսումնասիրել հարցը, մերսման սրահները ճանաչել որպես թրաֆիքինգի օջախներ եւ փակել դրանք»:
Ի պատասխան պատգամավորի մտահոգության՝ Գեմաֆին Գասպարյանը տեղեկացրեց, որ 2018թ.-ին հարուցված 9 քրեական գործերից մեկն է միայն եղել սեռական շահագործման հիմքով. «Նման իրավական հարցերը Ոստիկանության տիրույթում են»:
Կարդացեք նաև
Սերգեյ Բագրատյանին փոխնախարարի պատասխանը դուր չեկավ. «Ասում եմ՝ ուսումնասիրեք, եզրակացություն ներկայացրեք ԱԺ-ին: Ձեզանից լավ գիտենք, թե ով է զբաղվում դրանով»:
ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն էլ իր հերթին հայտարարեց. «Օրենքը մեր երկրում շատ մեղմ է: Ուշադիր պետք է լինել նաեւ այն դեպքերին, երբ մարդկանց բերում-աշխատեցնում են ՀՀ-ում: Նոր Նորքում երեք արտասահմանցիներ բնակվում են անմարդկային պայմաններում: Նրանց խաբել-բերել էին ՀՀ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ