Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի 63 տուժածների մեծ մասը ոստիկաններ են. կառավարությունը պատրաստվում է աջակցել

Ապրիլ 22,2019 13:23

ԱԺ-ն այսօր քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Լենա Նազարյանի ներկայացրած՝ «2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն տրամադրելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Ներկայացնելով նախագիծը՝ Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ դրա շահառուներն են մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների իրավահաջորդները, միջին եւ ծանր աստիճանի վնասվածքներ ստացած անձինք: «Մարտի մեկի դեպքում գործել է մահաբեր ուժի գործադրման փաստը, նշանառության տակ է եղել քաղաքացին, մինչդեռ պետությունն ինքը պետք է լիներ քաղաքացու անվտանգության երաշխավորը»,-հայտարարեց Լենա Նազարյանը: Նրա խոսքով՝ այս նախագիծը հանրային համերաշխության քայլ է միայն, որովհետեւ զոհվածների ընտանիքների ցավն ամոքել հնարավոր չէ, առողջությունը վերականգնել՝ եւս:

«Նախկին կառավարությունը ոչ բոլոր տուժածներին է վերաբերվել որպես տուժածի: Որոշները ստացել են ֆինանսական աջակցություն, մինչդեռ մյուսները՝ զրո դրամ»,-շեշտեց Լենա Նազարյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հետաքրքրվեց՝ որքա՞ն անձ է տուժել: Լենա Նազարյանը հայտնեց, որ ըստ ՀՔԾ-ի՝ ծանր եւ միջին ծանրության վնասվածք ստացածների թիվը 63 է. «13-ը քաղաքացիներ են, 20-ը՝ ոստիկաններ, 1-ը՝ պայմանագրային զինծառայող, 29-ը՝ ոստիկանության ներքին զորքերի ժամկետային զինծառայողներ: Նրանց ինքնությունը պարզ է: Աջակցության տրամադրման հիմքը լինելու է դատաբժշկական եզրակացությունը: Եթե այն ժամանակ անձը ներկայացել է եւ ունի դատաբժշկական եզրակացության փաստաթուղթ, նրա դիմումը կքննարկվի: Իսկ եթե չունի, կարծում եմ՝ չի քննարկվի»:

ԼՀԿ մեկ այլ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետեւյալ խնդրի մասին բարձրաձայնեց. «Գիտեմ Մարտի մեկի ժամանակ տուժած մի քաղաքացու, որի դեմքն այլանդակվել էր, հրաժարվել են ՀՀ-ում բժշկական օգնություն ցուցաբերել: Իմ ընտանիքի ջանքերով նա մեկնեց Լոս Անջելես: Ես այդ ժամանակ անազատության մեջ եմ եղել: Հայ համայնքի ուժերով դրամահավաք կազմակերպվեց: Նա հիմա Ֆրանսիայի քաղաքացի է: Այս դեպքում ի՞նչ անել, այլ դեպքեր էլ կան: 63 քաղաքացուց բացի՝ այլ մարդիկ էլ կան, որոնք իրավունք ունեն օգտվել կառավարության աջակցությունից»:

Լենա Նազարյանը պատասխանեց, որ Բաբաջանյանի մատնանշած անձի մասին տեղյակ է, եւ նա կլինի աջակցություն ստացողների ցուցակում, քանի որ ծանր վնասվածքի մասին է խոսքը. «Նրանք, ովքեր գուցե թեթեւ վնասվածքներ են ստացել եւ չեն դիմել ոստիկանություն, չեն կարող լինել աջակցություն ստացողների ցուցակում»:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ իր հերթին նշեց, որ տուժածների թիվը կարող է ավելանալ, եթե անձը դիմի նախաքննական մարմնին եւ հայտնի, որ վնասվածքներ է ստացել:

Հավելենք, որ ԱԺ-ում այս օրինագծի ընդունման դեպքում ՀՀ կառավարությունը կունենա երեք ամիս՝ աջակցություն տրամադրելու մասին որոշում ընդունելու համար: Լենա Նազարյանի փոխանցմամբ՝ ապրիլի 23-ին կառավարությունում աջակցության ձեւի եւ չափի մասին արդեն իսկ քննարկում տեղի կունենա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930