Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հարցրեցին՝ Գոռ Հովհաննիսյանին՝ ՍԴ անդամ չընտրելուց հետո նախագահի հետ խոսե՞լ եք, տպավորություն է, որ անհարգալից վերաբերմունք է նախագահի ինստիտուտի նկատմամբ, արդեն երրորդ անգամ է, որ նրա առաջադրած թեկնածուն ՍԴ անդամ չի ընտրվում: Միրզոյանը պատասխանեց, որ այս գումարման ԱԺ-ն առաջին անգամ է, որ ՍԴ անդամ չի ընտրում. «Նախագահն իրավասություն ունի առաջադրել թեկնածու, ԱԺ-ն իրավունք ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին, դրա համար գաղտնի քվեարկություն է կատարվում: Վերաբերմունք չկա թեկնածու ներկայացնող ինստիտուտի նկատմամբ»:
Արարատ Միրզոյանն ասաց, որ չի կարող գերազանցել իր լիազորությունները եւ խորհուրդ տալ նախագահին, թե որ թեկնածուին առաջադրի կամ չառաջադրի:
Հարցին՝ այն հարցերը, որ տալիս էին ՍԴ անդամի թեկնածուին՝ Գոռ Հովհաննիսյանին, ձեր դուրն եկա՞վ, քաղաքական հարցադրումներ էին՝ կարծես ուղղորդված՝ նա պատասխանեց. «Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ, որ «Իմ քայլի» պատգամավորներին նման դեպքերում եւ առհասարակ ոչ ոք ուղղորդում չի անում ո՛չ հարցերի բնույթի, ո՛չ ելույթների, ոչ էլ քվեարկության ելքի հետ կապված: Մյուս կողմից, ես չեմ այն մարդը, ինստիտուտը, որը պիտի գնահատական տա պատգամավորի հնչեցրած հարցերին: Եթե որեւէ պատգամավորի հարց ձեզ տարօրինակ ու անկապ է թվացել, կարող եք մոտենալ այդ պատգամավորին եւ հարցնել իրեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ