Այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով Քաղաքացու օրը նշելու եւ 124 մլն ծախսելու մասին՝ ասաց, որ ինքը տեղեկություն չունի, թե կոնկրետ ինչի վրա է ծախսվելու այն, դա գործադիրն է հատկացրել. «Այսօր իմ համար շատ կարեւոր օր է, այսօր այն օրն է, երբ պարոն Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեցին եւ ես, իմ մի քանի ընկերների հետ, մնացի միանձնյա ժողովրդի հետ: Այսօրվանից սկսած՝ ամեն օր էլ տոն է՝ մինչեւ շատ ավելի լավ, շատ ավելի մեծ իրադարձություններ»:
Հարցին՝ ամեն դեպքում, մարդիկ ասում են՝ էլ դարդ ու ցավ չկա՞, որ 124 մլն դրա վրա են ծախսում, խնդիրներ կան՝ աղբահանություն, հիվանդ երեխաներ, արտագաղթ, արդյոք ճի՞շտ էր 124 մլն հատկացնել տոնախմբությանը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ԶԼՄ-ներից մեկի հարցումն է տեսել, որտեղ մարդիկ հակառակ կարծիքն են հայտնում, որ այո, այդ օրը պետք է նշել. «Մենք վերջիվերջո մի բան պետք է հասկանանք՝ դա հերթական տոնախմբությունը չէ, դա շատ կարեւոր մի իրադարձության արձանագրում է: Խոսքը գնում է քաղաքացու գերակայության եւ քաղաքացու դերի բարձրացման մասին: Այդ քաղաքացին է այսուհետ որոշելու ՀՀ գրեթե ամեն ինչ: Այդ օրը չնշելը, առավել եւս՝ նման համեստ ձեւով, կարծում եմ, սխալ կլիներ: Էլ չեմ ասում, որ հաճախ խոսում են նշելու մասին եւ չեն ասում, թե ինչ է լինելու: Մարդիկ մեծ մասամբ չգիտեն, թե ինչ միջոցառումներ են լինելու: Խոսքը չի գնում 124 մլն-ի փուչիկ առնելու մասին: Խոսքը գնում է քննարկումների, քաղաքացիական գիտակցությունը էլ ավելի շատ բարձրացնելու եւ այդ երեւույթը զարգացնելու մասին, որ բերելու է ավելի մեծ հաղթանակի»:
Նա ասաց, որ մարդկանց իրավունքների մասին են իրազեկելու այդ օրը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ