Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրան ուղղել 124 մլն, կարծում եմ, արժի». Արարատ Միրզոյանի կարծիքով, պետք է սիմվոլիկ ձեւով ճանապարհներ փակել եւ սրտանց տոնել Քաղաքացու օրը

Ապրիլ 22,2019 12:26

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Քաղաքացու օրվա եւ կառավարության որոշմամբ 124 մլն դրամ ծախսելու մասին՝ ասաց. «Մինչեւ հեղափոխությունը եւ հատկապես հեղափոխությունից հետո առավել ցայտուն է դրսեւորվում խնդիրը, որ այնուամենայնիվ, մենք հասարակության մեջ արժեհամակարգային խնդիրներ ունենք: Ի վերջո, հեղափոխությունից էլ շատ տարիներ առաջ մենք խոսում էինք արժեքների հեղափոխության մասին: Քաղաքացու տոնն արդեն սահմանվել է, կոչված է նաեւ որոշակի քաղաքացիական կրթության դերակատարում ունենալ, քաղաքացի կրթել, ձեւավորել, կայացնել նաեւ այդ ինստիտուտը եւ սրան ուղղել 124 մլն, կարծում եմ, արժի»:

Նա ասաց, որ չեն ասում բաներ՝ ենթադրելով, որ ամեն ինչ հասկացվում է, կարիք կա հստակեցնելու. «Հեղափոխությունը ի՞նչ էր՝ քաղաքացու զարթոնք, հաղթանակ՝ քաղաքացու մասնակցությամբ՝ աննախադեպ ծավալներով: Կային տարիներ շարունակ կուտակված խնդիրներ՝ կոռուպցիայի, ապօրինությունների եւ հիմնական խնդիրը, որ կար Հայաստանում, այն էր, որ կարծես մարդիկ ու պետությունը առանձին իրականությունում ապրեին: Մարդիկ գտնում էին, որ պետությունը, պետական կառավարման համակարգը , իրավապահ մարմինները իրենցը չէին, իրենք չէին ձեւավորել եւ իրենց հաշվետու չէին: Այդպես մեն մեկը իր շրջապատով անկախ մոլորակ էր փորձում ձեւավորել ու ապրում էին այդ միջավայրում: Հիմա, երբ որ մի պահ դա հաղթահարվեց, տեղի ունեցավ այն, ինչ եղավ: Քաղաքացիները կանգնեցին ու ասեցին՝ սա մեր պետությունն է ու այսուհետ այսպես պետք է լինի: Սա պետք է լինի շարունակական ու արմատավորվի: Այս նպատակին է ծառայում նաեւ այդ տոնը»:

Հարցին՝ ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու այդ 124 մլն-ով՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ միջոցառումների ցանկին դեռ ծանոթ չէ:

Թե ինչպես պետք է նշել այդ օրը, ըստ Արարատ Միրզոյանի, համերգներ կարող են լինել, ի վերջո դա տոն է, պետք է սիմվոլիկ ձեւով ճանապարհներ փակվեն եւ սրտանց տոնել. «Ի վերջո մենք խոսում ենք մի իրադարձության մասին՝ քաղաքացու հաղթանակի մասին, որի մասին երազել ենք: Սա տոն է, պետք է նշել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930