Այսօր Aravot.am-ը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին հարցրեց՝ ձեր ապառիկները, վարկերը մուծեցի՞ք: Հիշեցնենք, որ ԱԺ նիստերից մեկում Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանին ասել էր, որ գնացել է ապառիկով հեռուստացույց գնելու, չեն տվել, պարզվել է, որ հարկադիրը հաշվի վրա արգելանք է դրել:
Հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Ես ապառիկներ, վարկեր ունեի եւ հիմա էլ ունեմ: Իմ հաշվին կալանք էր դրվել, որովհետեւ մեքենայի՝ ոչ ճիշտ վայրում կայանման հետեւանքով կալանք էր եկել, որին մենք ժամանակին չէինք հետեւել ու չէինք վճարել, դրա համար էլ ԴԱՀԿ-ն արել էր այն, ինչ պիտի անի՝ իմ հաշվին կալանք էր դրել: Եվ երբ ես ապառիկով այլ ապրանք էի ուզում վերցնել, այլ սպառողական վարկ վերցնել՝ տվյալ բանկը մերժել էր»:
Մենք հետաքրքրվեցինք՝ հիմա ապառիկով ինչո՞ւ եք գնում, դուք բարձր աշխատավարձ եք ստանում, ձեր աշխատավարձը թույլ չի՞ տալիս հեռուստացույց գնել՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Եթե հիշում եք, ես դրա մասին խոսեցի այն ժամանակ, երբ վարչապետն ասում էր, որ բավականին հարմար է, աշխարհում մարդիկ այդպես են անում՝ կանխիկ գումարով չեն առնում որեւէ իր, այլ առնում են սպառողական վարկերով: Իսկապես այդպես հարմար է: Նույն տրամաբանությամբ ես փորձում էի հեռուստացույց առնել եւ եթե շատ հետաքրքիր է՝ կանխիկով եմ առել հեռուստացույց, երկրորդ՝ տուգանքը վճարել եմ եւ ասեմ՝ ես բացարձակապես վատ վարկային պատմություն չունեմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ