Պարո՛ն Փաշինյան, Դուք երբեմն բաց դուռ եք թողնում գիշատիչ ու արնախում «քննադատների» համար: Կարծում եմ, որ գիտեք՝ ինչպես այդ՝ թեքի վրա բացված դուռը փակել: Փակե՛ք մի ձեւով. ժողովուրդն արդեն հոգնում է անտակտ ու դաստիարակությունից զուրկ չարախոսներից: Չէ՛, դա սոցցանցերում ինչ-ինչ բաներ փակելուն կամ չեղարկելուն-ջնջելուն չի վերաբերում:
Որն է բաց դո՞ւռը. պարզ, անմիջական մարդուն հատուկ նրբագույն դրսեւորումներ կան, որոնք հիմա արդեն պետք չեն Ձեզ, դա է բաց դուռը: Խուսափե՛ք դրանցից: Մի փոքրիկ, անկարեւոր թվացող պտուտակը թուլանալով՝ կարող է վիթխարի կառույցի կործանման սկիզբը դառնալ կամ ուղղակի կործանել: Հետեւաբար՝ չի բացառվում, որ երկիրը կդառնա անկառավարելի: Չէ՞ որ Դուք դա՛ չեք ուզում: Չէ՞ որ մենք հավատում ենք, որ Ձեր նպատակը, Ձեր երազանքն ու առաքելությունն այլ է՝ ստեղծել, ըստ ամենայնի, ուժեղ պետություն՝ Արցախի հետ միասին:
Այնպես է ստացվում, կարծես մեր ժողովուրդը բաղկացած է Ֆեյսբուքի օգտատերերից, որոնք իրենց պատեպատ տալով, «խելքով խելոք» որոշում են մեր երկրի անելիքն ու ուղին:
Որ վարչապետը չպետք է խառնվի որոշակի լուծում պահանջող հարցերում, այնքան էլ ճիշտ չէ: Դա բաց տեղ է թողնում. հանկարծ… ու երկիրը հայտնվի բարձիթողի վիճակում: Մի բան մտածե՛ք, քանի որ Դուք եք այդ պաշտոնում, եւ մտածելու ու այն գործարկելու մեծ բաժինը Ձերն է: Այո՛, ժողովուրդն էլ պետք ունի մտածելու, բայց նա կաշկանդված է կարգավորված լծակների հարցում, կամ, որ ավելի ճիշտ է՝ նրա «կարգավորումը» տանում է դեպի անկառավարելիություն եւ խառնաշփոթություն, առայժմ: Իսկ սա հղի է ահագնացող վտանգներով: Երջանիկ կլինեմ, եթե սխալվեմ:
Մենք Ձեզ հավատում ենք, հավատում ենք Ձեր մաքրությանը, ազնվությանն ու խելամտությանը, խորագետ լինելուն: Առավե՛լ խորագետ եղեք:
Կարդացեք նաև
Արագ փոխե՛ք Ձեր մեջ մի կարեւոր բան, որը կօգնի լուծում տալ սպասվող քաոսին: Ձեզ համբերություն չեմ ցանկանում, Դուք դա ունեք: Ցանկանում եմ փոփոխություն… Ձեր գործողություններում: Ոչ թե գետնին թափվածը վերցրեք, այլ հենց այդ պահին մատնացո՛ւյց արեք, որ այն վերցնեն դրա համար նշանակված մարդիկ: Թեկուզ հնացած մեղմ օրինակ եմ բերում, բայց ընդամենը բերում եմ՝ հուսալով, որ կկանխվեն նմանատիպ անտարբերության դեպքերն ավելի ծավալուն ու խնդրահարույց ոլորտներում: Այսինքն՝ ներքին օղակներում «քնած» կամ խոչընդոտող չինովնիկները վերջապես կըմբռնեն, որ պետք է առավելագույնս աշխատել ժողովրդի օգտին: Ոչ թե տվյալ պահի համար օրինակ ծառայեք, այլ՝ կարգադրե՛ք: Դուք արդե՛ն գերազանց օրինակ եք ողջ հայ ժողովրդի համար:
Նախորդ տարի, հուրախություն բոլորիս, իրավիճակ փոխվեց: Հիմա էլ է իրավիճակ փոխվում: Այդ փոփոխության լծակը հնարավորինս ամո՛ւր պահեք հենց Ձե՛ր ձեռքում: Այնպիսի քայլեր կանխորոշեք, որ ցույցը որպես ուղիղ ճանապարհ ընտրած ժողովուրդն այսուհետև երկրագործությունը եւ երկրաշինությունն ընտրի որպես ուղիղ ճանապարհ: Դուք դա կարող եք:
Առայժմ ժողովրդի մի խավ հեշտ ուղղորդվող մոլորվածի պարզությամբ կամ անգիտությամբ (առանձին դեպքերում՝ լավ էլ գիտակցելով) սպասում է ցույցի դուրս գալու հերթական հրահանգին. հացի խնդիրն է ճնշում ուղեղին: Նորից ու նորից՝ «կեցությունն է որոշում գիտակցությունը»:
Շատ բաներ են ապահովագրվում, ապահովվում, բայց ինքը՝ պաշտոնը, ապահովված չէ, մինչեւ անգամ՝ թագավորների պաշտոնը անցած միապետական դարերում:
Աճապարե՛ք:
Հարգանքներով, հավատով ու սպասումներով՝ ՀՀ արժանապատիվ քաղաքացի
Հ. ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
20.04.2019