Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան խնդրի 10 արմատները

Ապրիլ 22,2019 12:00

Երբ Մայր Հայաստանը ներքին խռովությունների եւ երկպառակությունների պատճառով թուլանում էր եւ նվաճվում օտարների կողմից, Արցախի հայերը անմիջապես փորձում էին ճկուն դիվանագիտության ու սեփական ուժի համադրմամբ ինքնավար պետական կարգավիճակ ձեռք բերել եւ պահպանել երկրամասի ամբողջականությունը, ինքնությունն ու մշակույթը։ Երեքհազարամյա պատմության ընթացքում Արցախը 10 անգամ ստիպված էր ինքնավար կարգավիճակ ձեռք բերել: Առանձին դեպքերում արցախցիները ստեղծում էին իրենց ինքնուրույն թագավորությունը։ Արցախ-Ղարաբաղը փաստորեն անառիկ բերդերի մի հսկա համակարգ է, որն ամբողջովին գրավել ու հպատակեցնել ոչ մի ուժի չի հաջողվել։ Այստեղ ցեղային ինքնորոշման եւ ինքնապահպանման բնազդը գերակշռող է հանդիսանում կենսական մյուս բոլոր պայմանների նկատմամբ։

1. Արցախ երկրամասի մասին առաջին տեղեկությունները մենք ստանում ենք ուրարտական (Բիայնական) արձանագրություններից։ Ուրարտական թագավոր Արգիշտիի որդի Սարդուր 2-րդը, որը թագավորել է մ.թ.ա. 764-735 թթ., դեպի հյուսիս արշավանքի ժամանակ Սեւանա լճի հարավային ափամերձ շրջանում՝ Ծովակ գյուղի մոտ գտնվող Ծովինարի ամրոցի Գանձադռանը թողել է սեպագիր արձանագրություն, որտեղ վկայում է, որ նվաճել է նաեւ Ուրտեխե երկրամասը, որի մասին գիտական աշխարհը հաստատել է, որ այն Արցախն է։ Մեկ այլ արձանագրությունում նույն Սարդուրը հայտնում է, որ Ուրտեխե-Արցախում հպատակեցրել է 23 թագավորություն։ Կարելի է եզրակացնել, որ Կուր-Արաքսյան միջագետքը, որն ընդգրկում էր Արցախը, Ուտիքն ու Փայտակարանը, շուրջ երեք հազար տարի առաջ 23 թագավորությունների համադաշնություն էր:

Հայոց Արտաշես արքայից արքայի կամքով Հյուսիս-արեւելյան կողմանքը Արցախ, Ուտիք եւ Փայտակարան նահանգներով ընդգրկվում են Մեծ Հայքի կազմում: Մեծ թագավորը երկիրը ստեղծեց «զեզերբ խոսիցս հայոց» սահմանագծով, այսինքն, հայախոս եզերքով:

2. Մեծ Հայքում 253 թ. հետո 30 տարի անիշխանություն էր տիրում: Պարսից արքաների նպատակներից մեկը հայոց ուժերը թուլացնելու նպատակով Հյուսիս-արեւելյան Կողմանքը Մեծ Հայքից անջատելն էր: Կուր գետից հյուսիս գտնվող Բուն Աղվանքի մարզպանությանն են միացնում Մեծ Հայքի Արցախ, Ուտիք եւ Փայտակարան նահանգները, զուգահեռ ստեղծում թագավորություն: Պարսից Շապուհ արքայից արքան իր նստավայր Տիզբոն է հրավիրում Արցախի ամենաազդեցիկ իշխաններից Մեծ Կուանքի իշխան Քաջ Վաչականին, նրան Աղվանից թագավոր կարգում, պսակում իր դստեր՝ Արշակդուխտի հետ, ուղարկում իր երկիրը՝ թագավորելու: Ողջ 280 տարի Վաչականյանները թագավորում էին երկրում: Հայոց Արեւելից կողմանց պատմիչ Մովսես Կաղանկատվացին իր երկրում տալիս է Աղվանքի հայ 10 թագավորների՝ Քաջ Վաչական, Վաչե Ա, Ուռնայր 1-ին, Հոչական (Վաչական), Մերհավան, Ասա, Սատո, Եսվաղեն, Վաչե Բ եւ Վաչական Գ անունները: Պատմությունում բաց է թողնված Ուռնայրի թոռան՝ Ուռնայր Բ-ի անունը: 486 թ. Տիզբոնի արքայական պալատում Պարսից Վաղարշակ թագավորը հանդիսավոր կերպով թագադրեց Վաչե Բ թագավորի եղբոր՝ Հազկերտի որդուն՝ Վաչականին, շնորհելով Շահի տիտղոսը՝ գերակայությունը Հայքի եւ Վիրքի նկատմամբ: Վաչականը Կուր-Արաքսի միջագետքում ստեղծում է մի նոր անխորտակելի Հայաստան: Նա 488 թ. Աղվե ամառանոցային պալատում ժողով է գումարում, որտեղ ընդունում են Սահմանադիր կանոններ: Նա հիմնում է տարվա օրերի թվով եկեղեցիներ եւ դպրոցներ: Վաչականի «ցանած սերմերն» արդեն հասցրել էին ծլարձակել, «բերքով» լցրել Արցախ-Ուտիքի աշխարհը, խորը արմատներ ձգել հայոց հինավուրց երկրամասում։ Այսուհետ հայոց կյանքում Արցախին միանգամայն ավելի կարեւոր դեր էր տրված։ Նա իր կրթօջախներով, վանական համալիրներով, բազմաթիվ եկեղեցիներով ու իր ուսումնասեր եւ աստվածասեր ժողովրդով ավելի ամուր է կապվում Մայր Հայրենիքին, եւ այսուհետ ինչ նվաճողներ, տիրապետողներ էլ գան ու գնան, այն պիտի հարատեւի ինքնահոս ու հզոր գետի նման։ Մեծ Կուենքի Վաչականյան թագավորական տունը փաստորեն Առանում եւ Բուն Աղվանքում տիրել է 254 թ. մինչեւ 530 թվականը՝ շուրջ 280 տարի:

3. VI դարի կեսերից, ինչպես վկայում է «Աղվանից պատմության» հաջորդ ժամանակագիրը, իր մեծ ընտանիքով Հայաղվանք (Կուրի աջափնյակ) է գալիս Միհրանը, որը ընդհարվել էր Խոսրով Բ Փարվեզ արքայի հետ ու փախել նրա հալածանքներից։ Նա սերում է պարթեւական Միհրանյան տոհմից: Միհրանը հաստատվում է Գարդմանք գավառում: Նա իր մոտ է հրավիրում Գարդմանքի հայ իշխաններից տասներկու հոգու, բոլորին կոտորում եւ տիրում երկրին։ Պարսկաստանից եկած այս տոհմը ամրանալով Գարդմանքի բերդում, մի կողմից փաստորեն դառնում է Պարսից տիրապետության հուսալի հենարաններից մեկը, մյուս կողմից՝ քրիստոնեություն է ընդունում եւ աստիճանաբար խառնվում հայկական միջավայրին ու հայանում։ Քաջ Վարդանի ծոռ Ջիվանշիրը արդեն հայ էր։

Ջիվանշիրը 61 տարեկանում սպանվեց 680թ.:

4. Հայաստանից 887թ. Բաղդադ գնացած պատվիրակությունը Մոթամիդ-Բիլլահ խալիֆին Հայաստանի թագավորության համար առաջարկեց Աշոտ Բագրատունու թեկնածությունը, որը Աբասյան արքունիքում հավանության արժանացավ։ Խալիֆը թագ եւ համապատասխան նվերներ ուղարկեց Աշոտին։ Աշոտին զուգահեռ Հայաղվանքում թագավոր է կարգվում իշխան Համամը, որի մկրտչական անունը Գրիգոր էր։ Նա Արցախի, ինչպես եւ Շաքիի ու Կամբեճանի տեր Սահլ Սմբատյանի թոռն էր։ Այսպիսով Հայաստանում եւ Հայաղվանքում 428թ. թագավորության վերացումից 450 տարի հետո վերականգնվեցին թագավորությունները։

Արեւելքում ծնունդ էր առել մի նվաճող ուժ, որը պետք է պատուհաս դառնար շատ ժողովուրդների համար: Դրանք Միջին Ասիայի տափաստանների հարազատ զավակներն էին՝ սելջուկ-թուրքերը։ Հայ պատմիչ Ուռհայեցին նրանց անվանում է «թունավոր օձեր»։

5. Ներքին Խաչենի տեր Վախտանգի մահից հետո (1214թ.), նրա տեղը գրավում է ավագ որդին՝ Հասան-Ջալալը, որը շուտով իշխող դիրք է գրավում ողջ Արցախ-Խաչենում։ Հասան-Ջալալ իշխանը 1216 թ. ձեռնարկում է Գանձասարի վանքի շինարարությունը։ Գանձասարի վանքի իր մեծ արձանագրությունում, որ գրվել էր 1240թ.՝ օծումից առաջ, Հասան-Ջալալը ներկայացված է «Ինքնակալ բարձր եւ Մեծ Արցախական աշխարհի թագավոր»։

6. Թուրքերը հարմար առիթի էին սպասում Իրանից խլելու Այսրկովկասը, ինչպես նաեւ Ատրպատականը, դրանով իսկ Ստամբուլից ճանապարհ հարթելու դեպի Միջին Ասիա եւ նախահայրենիք՝ Լեռնային Ալթայ, այդ ճանապարհին էլ վերականգնել Օսմանյան կայսրությունը: 17-րդ դարի վերջին Արցախ-Ղարաբաղում եւ Ուտիքի լեռնային հատվածում, որտեղ բնակչության հիմնական մասը հայերն էին, ստեղծվում է Հայոց Սղնախներ (ամրացված վայր) պաշտպանական համակարգը՝ ռազմականացված պետականությունը։ Այն ընդգրկում էր՝ Գարդման կամ Մլզնաբերդ (Ուտիքի Մեծաբերդ-Տիգրանակերտը), Շուշին, Մեծ Կողմանց գավառ, Գյուլիստան, Ջրաբերդ, Կաչաղակաբերդ (Խաչեն), Ավետարանոց (Վարանդա) եւ Տող ամրոց կամ Ցորաբերդ (Դիզակ)։ Պետության Ռազմական առաջնորդը Ավան զորավարն էր, հոգեւոր եւ քաղաքական առաջնորդը՝ Աղվանից կաթողիկոս, պատմիչ Եսայի Հասան-Ջալալյանը:

Թուրքերի առաջին հարձակումը դեպի Արցախ տեղի ունեցավ 1726 թ. հունիսին։ Օսմանյան հրամանատարության գլխավոր նպատակը Արցախի ամենաամուր հենակետի՝ Շուշիի գրավումն էր։ Թուրք ռազմավարները հասկանում էին, որ գրավելով Շուշիի սարահարթը, կտիրեն եւ ողջ Արցախի վրա։ Ութ օր տեւած Շուշիի ճակատամարտում թուրքերը կորցրին 800 զինվոր։ Գլխավոր հրամանատար Սարը Մուստաֆա փաշան, ինչպես գրում է պատմիչ կաթողիկոս Եսային. «Քշերով վեր կացավ երկու օրեն ճամբան մին օր գնաց»։ Հայոց սղնախները գոյատեւեց մինչեւ 1728 թ.:
7. Թուրքական բանակի դեմ Ղարաբաղի եւ Սյունիքի հերոսական պաշտպանությունը ինքնըստինքյան հայերին դարձրել էր Պարսից Նադիր Շահի դաշնակիցները, որն էլ հիմք դրեց հայ-իրանական նոր ռազմաքաղաքական գործակցության։ Նադիր շահը, հակառակ ռուսների, ըստ արժանվույն գնահատեց արցախցիների՝ թուրքերի դեմ տարած հաղթանակները եւ ծնունդ տվեց Խամսայի (հիգի) մելիքություններին, որը փաստորեն Ղարաբաղում նոր վարչատարածքային ինքնավար կարգավիճակ էր։ Նադիրը վավերացրեց այն, ինչ 15 տարիների հերոսական պայքարի շնորհիվ ձեռք էր բերել Արցախի ազատատենչ հայությունը։ Խամսայի մելիքությունների կենտրոնը Տող ավանն էր, որտեղ որպես հյուր այցելել էր Նադիր շահը։

8. Արցախի հայությունը 1918թ. հուլիսի 22-ին Շուշիի թեմական դպրոցի դահլիճում գումարեց իր Առաջին համագումարը, որին մասնակցում էին տարբեր բնակավայրերից եկած 180 ներկայացուցիչներ։ Ընտրվում է «Ղարաբաղի ժողովրդական կառավարություն», կազմված յոթ կառավարիչներից՝ Եղիշե Իշխանյանի նախագահությամբ: Դա Արցախի պետականության նոր ծնունդն էր: Կառավարությունը կազմակերպեց Ջրաբերդ-Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի, Դիզակի եւ Շուշիի շրջանները, ինչպես նաեւ այս շրջանների հաշտարար դատարանները։
9. ՌԿ(Բ)Կ Կենտկոմի Կովբյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի նիստ։ Որոշեցին.

Ելնելով մուսուլմանների եւ հայերի միջեւ խաղաղության անհրաժեշտությունից եւ վերին ու ստորին Ղարաբաղի՝ Ադրբեջանի հետ նրա տնտեսական մշտական կապից. Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի ԽՍՀ սահմանների մեջ, նրան տալով մարզային լայն ինքնավարություն՝ Շուշի քաղաքում վարչական կենտրոնով, որը մտնում է ինքնավար մարզի կազմի մեջ։
Մոռացության մատնվեցին նաեւ Հյուսիսային Արցախի եւ պատմական Ուտիքի լեռնային մասի (Գարդմանքի) հայ բնակչության իրավունքները։ Այսպիսով, հայտարարված լայն ինքնավարության փոխարեն, պատմական Արցախի հարավի լեռնային մասում, 1923թ. ամռանը ստեղծվեց բոլոր կողմերից ծվատված փոքրիկ վարչատարածքային մի նոր միավոր՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։

10. Ղարաբաղում արդեն զգում էին, որ գորբաչովյան ռեֆորմներն անկայուն իրավիճակ են ստեղծում երկրում, որից օգտվելով, Բաքվի իշխանությունները կարող են մի միջոցառման շնորհիվ մարզի տարածքից հեռացնել հայերին:

Փետրվարի 20-ին շուրջ 40 հազար մարդ, հավաքված հրապարակում, բուռն ծափերով է դիմավորում մարզխորհրդի ամեն մի պատգամավորի ժամանումը: Ժամը 22 անց կեսին նստաշրջանը ընդունեց իր պատմական որոշումը:

ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների խորհրդի XX գումարման արտահերթ նստաշրջանի ՈՐՈՇՈՒՄԸ

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդելու մասին:

1992թ. հունվարի 6-ին բոլոր շրջաններից Ստեփանակերտ էին ժամանել ԼՂՀ ԳԽ նորընտիր 44 պատգամավոր: Ժամը 12-ին ԳԽ նիստի դահլիճ էին հավաքվել պատգամավորները, ինչպես նաեւ աշխարհի շատ երկրներից ժամանած 80 դիտորդներ եւ լրագրողներ, որոնք ներկա եղան ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի առաջին նիստին: Նստաշրջանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին փաստաթուղթը:

Եվ այսպես, ինքնապաշտպանության եւ գոյատեւման բնազդով հայ ժողովրդի ղարաբաղյան հատվածը որոշեց ապրելու եւ պաշտպանելու, ինչպես նաեւ միջազգային հանրությանը հաղորդակցվելու ուղին՝ իր երեքհազարամյա պատմության ընթացքում 10-րդ անգամ ժառանգած ժողովրդավարական պետականակերտ իշխանության ձեւը: ԼՂՀ Գերագույն խորհուրդը 42 ձայնով ընտրեց իր առաջին նախագահին՝ Հադրութի շրջանի շարժման առաջնորդ, պատմական գիտությունների թեկնածու Արթուր Մկրտչյանին:

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

20.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930