Լրահոս
Օրվա լրահոսը

Ես իմ պետության ճաք տված հայելին եմ

Ապրիլ 22,2019 11:30

Հարցազրույց արձակագիր Սմբատ Բունիաթյանի հետ:

– Ճի՞շտ եք համարում, որ ծնվել եք Երեւանում, թե՞ վերերկրային անարդարություն եք տեսնում սրա մեջ:

– Պիտի Ճապոնիայում ծնված լինեի:

– Ինչո՞ւ:

– Որովհետեւ ես ուզում եմ ապրել այն երկրում, որտեղ մարդիկ լսում են ծաղկած բալենիների լռությունն ու դրա խորհուրդն են ըմբռնում:

– Նկարագրեք ինքներդ Ձեզ մի քանի բառով:

– Չեմ կարող: Սա անելու համար մարդը նախ պիտի հասկանա, թե ով է Աստված:

– Որոնք են Ձեր ուժեղ եւ թույլ կողմերը:

– Դժվար հարց եք տալիս: Մարդու ամենամեծ հաղթանակը, թերեւս, ինքնաճանաչողությունն է: Ոչ ոք, սակայն, ոչ մի հողեղեն մինչեւ վերջ չի հասկանում ինքն իրեն:

– Պատասխանեք, այնուամենայնիվ:

– Ամբողջ կյանքում ես պայքարում եմ: Իմ ուժեղ կողմը, հավանաբար, զենքերը երբեք վայր չդնելու կարողությունն է: Թուլություն էլ ունեմ: Իմ թուլությունն իմ խիղճն է: Ատում եմ բռնությունը, անարդարությունն ու մարդուն պարտադրված տառապանքը, եւ խիղճս ամեն անգամ պարտվում է այս երեքին բախվելիս:

– Ասում են՝ յուրաքանչյուր մարդ Աստծուն հենց խղճով է ճանաչում: Դուք համաձա՞յն եք:

– Ոչ:

– Իսկ Աստծուն հավատո՞ւմ եք:

– Մենք բոլորս կենսագոյում ենք ակամա: Մեզ հետ վարվել են կատարյալ դաժանությամբ՝ պարտադրելով ցավ, հիվանդություն, անպաշտպանություն եւ մահն ի վերջո: Հանկարծ չասեք, թե Աստված սեր է: Նրա չարդարացված գոյությունն այնուամենայնիվ ցայտուն տեսանելի է մահկանացու մարդու մեջ: Հենց այն պատճառով, որ Աստված կարող է ամեն օր եւ ամեն ժամ մեռնել, ես հավատում եմ նրա գոյությանը:

– Ո՞վ է գրողը:

– Գրողը պարտք ունեցող մարդն է։ Եվ, իհարկե, գրողը պարտք վճարող մարդն է։ Քանի դեռ դու լծված ես բառով կյանք եւ մտածողություն արարելու գործին, դու կանգնած ես մեծագույն պատասխանատվության առջեւ։ Որովհետեւ բառը սնում է ոգին: Բառը կրթում է՝ ձեւավորելով լեզվամտածողություն, ճաշակ, հավատ, հայրենասիրություն կամ մեկ այլ բան։ Ուստի եւ, գրավոր խոսքը բարոյական արժեքների հենքն է։ Ահա մեծագույն պատասխանատվությունը, որ ես գիտեմ երբեւէ։

– Ի՞նչ պիտի անի հայ գրողն այսօր, ի՞նչն է, որ չի արվել առ այս:

– Հայ գրողը նախ եւ առաջ պիտի չստի: Երբ կգրվեն իսկապես արժեքավոր, իսկապես գագաթնահաս ստեղծագործություններ, հենց դրանք էլ մեզ կհուշեն, թե ինչը չի արվել առ այս: Ես գիտեմ, թե մտավոր ինչ ահռելի կարողություններ ունի հայ մարդը եւ վստահ եմ, որ մեր գրականությունը քաղաքակրթության նորանոր գագաթներ կնվաճի:

– Ի՞նչ է գրականությունը Ձեզ համար:

– Շատ բան կարող եմ ասել, բայց կուզենայի ամփոփել մի քանի բառով. հավատ, արդարացում, արարչագործություն:

– Ոչինչ չե՞ք ուզում ավելացնել:

– Իսկ Դուք գտնում եք, որ պիտի ավելացվի՞:

– Դե ինչ, շարունակենք: Դուք Հայաստանի Գրողների միության անդամ եք, դա Ձեզ ի՛նչ է տալիս այսօր:

– Մեզանում դեռ չի ստեղծվել այն արժեհամակարգը, որը մեզ հնից հրաժարվելու, հինն ավելորդ համարելու իրավունքը կընձեռի: Ահա այս առումով, ես առանձնապես չեմ կարեւորում այն հանգամանքը, թե Գրողների միությունն այսօր ինչ է տալիս, այլ տեսնում եմ վերոնշյալ կառույցն իբրեւ գրական ընտանիք միավորող խորհրդանիշ: Ես երազում եմ մի երկիր, որտեղ բարձր մակարդակով կյանքի կկոչվեն դրամաշնորհային ծրագրեր: Ճշմարիտ գրողը չպիտի կախում ունենա ո՛չ ստեղծագործական ինչ-ինչ միություններից, ո՛չ նախարարի քմահաճույքից, ո՛չ թայֆայական խաղերից, եւ ո՛չ էլ որեւէ այլ բանից: Որովհետեւ ճշմարիտ գրողը իսկապես ազատ անհատականությունն է: Իմ երազած երկիրը ազնիվ կլինի իր մտավորականի հետ: Իմ երազած երկրում դրամաշնորհային ծրագրով աշխատելու հնարավորություն ընձեռելը չի դիտվի իբրեւ երկու կոպեկ փախցնելու հնարավորություն:

– Ըստ Ձեզ, գրականության եւ քաղաքականության կապից կարո՞ղ է գոյանալ «ստերիլ» գրականություն, գրականություն՝ զուտ գրականության համար:

– Իսկ ինչու՝ ոչ: Բուլգակովը, Իլֆը, Պետրովը, Խարմսը եւ էլի շատ-շատերը ֆելիետոններ են տպագրել թերթերում՝ ձաղկելով տվյալ երկրի ու տվյալ ժամանակաշրջանի քաղաքական կարճատեսությունը: Այստեղ կարեւորը Ձեր հարցի մեջ նշվող սկզբունքին հավատարիմ մնալն է: Այն է՝ գրականություն՝ զուտ գրականության համար, երբեք չոտնահարելով որակի չափանիշը: «Աբորիգենի հուշերից» նովելների իմ շարքը զուտ մեր ժամանակի պտուղն է: Քաղաքականության հետ կապն այստեղ առավել քան ակնհայտ է: Մեր երկրում առկա քաղաքական անկարողության շոուն հրաշալի նյութ է բարձր չափանիշներով, զտարյուն գրականություն կերտելու համար:

– «Աբորիգենի աբսուրդ հուշերից» շարքի ուղերձը ո՞րն է: Թեեւ որոշ առումով փակագծեր եք բացել, որ «Աբսուրդը իրականության համապատկերն է, մեկ այլ իրականություն, որն անխուսափելիորեն երեւակում է դարակազմիկ իմաստներ»:

– Սկսենք աբսուրդից: Հայ գրականության մեջ եղել են բռնկումներ, օրինակ՝ Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը», որոնք աբսուրդի ժանրին են հարում: Սակայն ես չգիտեմ հայ աբսուրդիստ, ով ծավալուն գրականություն է ստեղծել եւ թողել է սույնը իբրեւ գրական ժառանգություն: Դեռեւս 2000-ականներին ես հետամուտ էի այս ճշմարտությանը եւ գրում էի աբսուրդ նովելներ, որոնք հետո տպագրվեցին Մհեր Դավոյանի «100 էջ» ամսագրում: Դատելով ընթերցողների արձագանքներից, հայ ընթերցողն այսօր առանձնապես չի ոգեւորվում աբսուրդ ստեղծագործությունների մեջ առկա աբսուրդով, որովհետեւ սա կարծր, մեզանում դեռեւս խորթ կերակուր է: Շատերը «Աբորիգենի աբսուրդ հուշերից» իմ նովելներն ընդունում են իբրեւ զավեշտական պատմություններ: Հենց այս նկատառումով, դիտավորյալ շեշտել եմ «աբսուրդ» բառը, թեեւ պիտի լիներ պարզապես՝ «Աբորիգենի հուշերից»: Իրենց ժամանակի մեջ թերեւս չհասկացված են եղել եւ՛ Կաֆկան, եւ՛ Խարմսը, եւ՛ այլք: Իմ խնդիրն այսօր չի առնչվում ընթերցողի հետ բարիդրացիական փոխհարաբերություններ կայացնելուն: Իմ կարծիքով, այսօր ես հայ բազմաչարչար գրականության կառույցն եմ ամրապնդում՝ եւս մի քար ավելացնելով, ասել է թե՝ կայացնելով գրականության աբսուրդ ժանրը մեզանում: Խոսքերիս մեջ անձնապաստանություն չտեսնեք խնդրեմ: Ասում եք՝ որն է «Աբորիգենի հուշերից» շարքի ուղե՞րձը: Շատ պարզ: Մենք ապրում ենք բուն աբսուրդի՝ անհեթեթության մեջ: Իմ պետության պաշտոնյաներից շատերը անում են այնպիսի դատողություններ, կայացնում են այնպիսի որոշումներ եւ կյանքի են կոչում այնպիսի գործեր, որոնցից մարդ զարզանդում է: Ես իմ պետության ճաք տված հայելին եմ: Ի դեպ, հենց այսպես կամ մոտավորապես այսպես են կայացել աբսուրդ ժանրի ստեղծագործությունները բազմաթիվ այլ երկրներում:

– Մի փոքր ներկայացրեք, խնդրեմ, «Մեկ պատմվածք» մատենաշարը, գաղափարը, հեղինակների ընտրությունը եւ այլն:

– «Մեկ պատմվածք» մատենաշարը իմ նվերն է իմ հայրենիքին: Տպագրում եմ իմ գումարներով, իսկ վաճառքից եկամուտ չունեմ: Որովհետեւ գումարի չնչին ավելցուկն ավելացնում է գրքերի տպաքանակը: Հավատո՞ւմ եք:

– Չհավատալու պատճառ չունեմ:

– Ընտրում եմ պատմվածքներ, որոնք համաշխարհային գրականության գագաթներ են, երբեք չեն թարգմանվել առ այս ու չեն մատուցվել հայ ընթերցողին: Որոշ պատմվածքներ ինքս եմ թարգմանում, մյուսների համար խնդրում եմ ընկերներիս, եւ նրանք անվճար թարգմանում են՝ հարգելով մատենաշարի կարեւորությունն ու մեր վաղեմի բարեկամությունը: Գրքույկները կառուցվում են զուտ իմ աշխատանքով. ձեւավորում, անոտացիա, հեղինակի կենսագրություն, խմբագրելը, սրբագրելը եւ այլն: Մատենաշարին առնչվող հանգամանալից տեղեկություններ կարող եք գտնել ֆեյսբուքյան «Համաշխարհային գրականության ընտրանի» էջում, որն ինքս եմ ստեղծել: Մատենաշարի յուրաքանչյուր հատորյակը 20-24 էջանոց գրքույկ է, ընտիր որակով եւ ձեւավորումով: Ոնց որ խաղալիք լինի ձեռքիդ մեջ: Օրինակ՝ 2-րդ հատորյակը մատուցում է երեք գլուխգործոց՝ կարճ պատմվածքի ժանրում՝ ներկայացնելով Իվան Բունինի «Մատուռ», Հայնրիխ Բյոլի «Լուրեր Բեթղեհեմից» եւ Վսեվոլոդ Գարշինի «Չորս օր» պատմվածքները: Ստեղծագործությունները ինքս եմ թարգմանել: Ծավալով աննշան, բայց բովանդակությամբ անչափելի այս գրքույկը արժի 750 դրամ: Այսինքն, բոլոր գրքույկներն էլ 750 դրամ արժեն: Այս ձեւաչափն եմ ընտրել, որպեսզի իմ երկրի չունեւոր գրքասերն անգամ կարողանա գնել համաշխարհային գրականության նմուշներ, որոնք, կարծում եմ, անթերի են եւ՛ թարգմանության, եւ՛ խմբագրված լինելու առումով: Մյուս կողմից, այսօր տպագրվող գրականության մեջ առկա է ցածրորակ արտադրանք: Կարեւորվում է բռնությունը, սեքսը, անբարոյությունը: Ընթերցողին մատուցվում են անարգ սեռական կրքեր եւ այլն: Սա նպատակային հարված է մեր ազգային կողմնորոշմանը: Քանի որ սա է պարագան, ընթերցասեր մարդիկ, եւ հատկապես երիտասարդները, հայտնվել են ծանր վիճակում: Նրանց խեղդում են գրքերի ծովում, որպեսզի զրկեն կողմնորոշումից: Ես կայացնում եմ «Մեկ պատմվածք» մատենաշարը, որպեսզի կարողանամ ինչ-որ կերպ եւ գոնե ինչ-որ չափով ուղղորդել ընթերցասեր մարդկանց, հատկապես՝ երիտասարդներին: Բոլոր գրքույկները հրատարակչական գրիֆ ունեն եւ սրանք տեղեր կզբաղեցնեն մայրաքաղաքի ու շրջանների գրադարաններում: Ի լրումն ասեմ, որ հատկապես կարեւորում եմ բանասիրական կրթություն ստացող ուսանողների արձագանքները, որ ստանում եմ նրանցից:

– Ձեր բնորոշմամբ, ո՛ր գրականությունը կարող է համարվել, այսպես կոչված, բարձր գրականություն:

– Սկսենք նրանից, որ «բարձր գրականություն» կոչվածն այսօր դարձրել են պիտակ եւ օգտագործում են մինչեւ իսկ ոչնչություն ներկայացնելիս: Այս պիտակով են փորձում արժեւորել այնպիսի գրքեր, որտեղ առկա է փողոցային հայհոյանք, հայրը սեռական հարաբերություններ է ունենում իր աղջկա հետ, համասեռականներ են կենակցում եւ այլն: Դուք սա կարո՞ղ եք բարձր գրականություն համարել: «Բարձր գրականություն» այս պիտակը նաեւ անհրաժեշտ է որոշ հեղինակների անուններն ուռճացնելու համար, որպեսզի նրանց գրքերը վաճառվեն: Ամենավատն այն է, որ այսօրվա գրականության մեջ ինչ-ինչ մարդիկ եւ ինչ-ինչ ուժեր արժեքներ են փոխատեղում՝ հետեւողականորեն կայացնելով նողկալի հասկացություններ, որոնք գենային ճարտարագիտության գործիքներ են: Եվ սա արվում է «բարձր գրականություն» պիտակով: Ինչպես եւ ասացի վերեւում՝ գրավոր խոսքը բարոյական արժեքների հենքը պիտի լինի։ Մյուս կողմից, իմ խորը համոզմամբ, գրողն ու հրատարակիչը պիտի սիրեն ընթերցողին: Կան ստեղծագործություններ, որոնք վատը չեն առաջին հայացքից, բայց նվաստացնում են ընթերցողին, փշրում են փխրուն-մարդկային հույզեր, ոչնչացնում են ես-ի գիտակցումը: Համանման ստեղծագործությունները ես ոչնչություն եմ համարում՝ խորապես կարեւորելով այն գիրը, որը մարդուն մարդ վերադարձնելու, կերտելու եւ բարձրացնելու կարողություն ունի: Հենց սա է բարձր գրականությունը: Մի հավատացեք պիտակներին, խորշեք բոլոր այն գրքերից, որոնք արժանապատվություն են վիրավորում ու ցուցանում են հետնախորշեր։ Այդօրինակ գրքեր ընթերցելիս մարդը պարտության է մատնվում, դառնում է բանականության ռինգում ծեծվող բռնցքամարտիկ։

– Վերջին տարիներին ավելի շատ են թարգմանվում համաշխարհային գրականության լավագույն նմուշները, բեստսելերներ: Որպես գրչի մարդ` գո՞հ եք թարգմանությունների որակից:

– Նախ՝ խորին հարգանքս բոլոր նրանց, ովքեր լծված են թարգմանչական դժվարին աշխատանքին: Այսօրվա թարգմանիչները չեն կրթվում պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, որովհետեւ մեր պետությունը չունի թարգմանիչներ պատրաստող դպրոց որպես այդպիսին: Ի դեպ, խմբագիրներ պատրաստող դպրոց չունենք ընդհանրապես: Ես կարդում եմ ժամանակակից թարգմանություններ եւ զգում եմ, որ թարգմանիչներն ունեն բացվելու՝ ծավալվելու հնարավորություններ, իսկ նրանց թարգմանությունները թերություններ ունեն զուտ վերոնշյալ հանգամանքի պատճառով: Ինչ վերաբերում է բեստսելերներին, ապա պիտի ասեմ, որ երկիրը մոդայի երկիր դարձնելը եւ երկրում մոդայի շուկա ձեւավորելը ամենավատ բանն է, թեեւ հենց սա են ջանում որոշ հրատարակչություններ: Մենք փոքր ժողովուրդ ենք, եւ մենք մերը պիտի կայացնենք միմիայն ազգի շահն ամենից բարձր դասելով: Կան բեստսելերներ, որոնք գագաթներ են գրական դաշտում, մյուսները շարքային ստեղծագործություններ են: Ընտրությունը տպաքանակով՝ վաճառված օրինակների քանակով չպիտի լինի, այլ որակով:

– «Ով է Աստծո նման» Ձեր վիպակը բեստսելեր համարո՞ւմ եք:

– Ես գոհ եմ այն պարագայում, երբ ինձ շնորհակալական նամակներ են գրում եւ բերանացի շնորհակալություն են հայտնում իսկապես ինտելեկտուալ ընթերցողներ: Նման ընթերցողներն այսօր այնքան էլ շատ չեն: Որպես կողմնորոշման ելակետ եմ ընդունում նաեւ այն փաստը, որ իմ վիպակը նրանք փոխանցում են իրենց մտերիմներին՝ առաջարկելով իբրեւ լավ գիրք: Վիպակի պահանջարկն աճում է, նորանոր մարդիկ են կարդում, իսկ գրախանութներում վաճառքի ցուցանիշները ցածր են: Իրար կողք դնենք այս երկու փաստն ու պարզ կդառնա, թե ինչ կարող է լինել բեստսելերն իբրեւ հասկացություն մեր շուկայի մեջ:

– Եվ՝ վերջին հարցը: Գրական մրցանակներ ստացե՞լ եք:

– Չունեմ գրական մրցանակներ: Ասեմ ավելին: Ես պաշտոնապես հայտարարել եմ, որ գրական մրցույթների չեմ մասնակցելու եւ որեւէ մրցանակ չեմ ընդունելու՝ քանի դեռ չի կործանվել գողապետությունն ու չի կայացել իմ երազանքների երկիրը:

Հարցազրույցը վարեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

20.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930