«Առավոտը» օրերս ներկա էր կամերային երաժշտության երկու երեկոների, որոնք կայացան Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում եւ Կամերային երաժշտության տանը: Առաջին երեկոն նվիրված էր կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գագիկ Հովունցի ծննդյան 89-ամյակին, հնչեցին հեղինակի փողային, լարային եւ դաշնամուրային ստեղծագործություններից: Երկրորդը Կոմիտասի ծննդյան 150-ամյակի հերթական միջոցառումն էր, կատարվեցին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Այս միջոցառումների նախաձեռնողն ու կազմակերպիչը կոնսերվատորիայի դասախոս, կոմպոզիտոր Յուրի Գալստյանն է, որի ստեղծագործական գործունեությանը քանիցս անդրադարձել ենք, նաեւ տեղեկացրել նրա՝ որպես կազմակերպիչ իրականացված միջոցառումներին Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, ԱՄՆ-ում: Դրանց շնորհիվ օտար հանդիսականին ներկայացվել է ավելի քան 60 հայ ժամանակակից կոմպոզիտորի երկ:
Անդրադառնալով կայացած համերգներին, նշենք, որ առաջինում ընդգրկված էին կոնսերվատորիայի դասախոսներ եւ ուսանողներ, իսկ երկրորդում՝ առաջին անգամ կոնսերվատորիայի դասախոսներն ու ուսանողները հանդես եկան տարբեր կամերային կազմերով:
Մեզ հետ զրուցած երաժիշտները նշեցին, որ կոմպոզիտոր Գագիկ Հովունցի ստեղծագործական նախասիրությունները ի սկզբանե կապված են եղել գործիքային ժանրի հետ եւ հենվում են իր իսկ ստեղծած լադա-տոնայնական համակարգի վրա, որի «վկան» մարտի 6-ին «Նարեկացի» արվեստի միությունում կայացած կոմպոզիտորի «Մտքեր հարմոնիայի մասին» գրքի շնորհանդեսն էր: Մեր զրուցակիցներն այն գնահատեցին բացառիկ երեւույթ եւ անդրադառնալով նրա երկերին, փաստեցին, որ Հովունցի ստեղծագործությունները ժամանակին գրավել են, օրինակ, ռուս ոչ միայն մասնագետների, այլեւ երաժշտասերների ուշադրությունը եւ դրանց զգալի մասը, սկսած 1967 թվականից, հրատարակվել է, օրինակ, Մոսկվայում: Նաեւ ձայնագրվել են կոմպոզիտորի տասը ինվենցիոն պիեսները՝ գրված փայտյա փողային, պղնձյա փողային եւ լարայինների համար, ճանաչված երաժիշտների մեկնաբանմամբ: Ցանկություն հայտնեցին նաեւ, որ Գագիկ Հովունցի ստեղծագործությունները իրենց հիմնական տեղը գտնեն ուսումնական ծրագրերում:
Կայացած համերգների առիթով մեկնաբանություն խնդրեցինք երաժշտագետ, Երեւանի կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու Ծովինար Մովսիսյանից: «Գագիկ Հովունցը մեր ժամանակների դասականներից է, իր հանդեպ խստապահանջ ու չափազանց համեստ անձնավորություն, գործի նվիրյալ, ազնիվ ու անկեղծ ստեղծագործող: Նրա մարդկային հատկանիշներով բնորոշվում են իր իսկապես ինքնատիպ ստեղծագործությունները: Երկարամյա դասախոսական գործունեության ընթացքում գործընկերներս էլ կփաստեն, թե ինչ անսահման հետաքրքիր էր նրա զրույցները դասական հարմոնիայի կանոնների ու երաժշտական ստեղծագործություններում դրանց արտասովոր դրսեւորումների մասին: Կոմպոզիտորի ստեղծագործական բնութագիրը եթե հակիրճ ներկայացնեմ, ապա այն վառ ապացույցն է կոմիտասյան ավանդույթների եւ արդի հայ կոմպոզիտորական դպրոցի ներդաշնակ համատեղման»,- հայտնեց տիկին Մովսիսյանը: Հավելեց, որ համերգները իրեն հաճելիորեն ուրախացրել են, նշելով միայն, որ մասնակից 35 երաժիշտների՝ դասախոսների եւ ուսանողների, համագործակցությունը ուսումնական ընթացքին զուգահեռ՝ գործնական անհրաժեշտություն է:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը նշեց համերգների նախաձեռնող Յուրի Գալստյանի կատարած հսկայական աշխատանքը, ապա մանրամասնեց. «Երկու համերգների համար հրաշալի ծրագիր էր ընտրված: Հնչեցին կոմպոզիտորական տարբեր սերունդների ներկայացուցիչների ստեղծագործություններ՝ Միխայիլ Կոկժաեւից մինչեւ երիտասարդ Դավիթ Բալասանյան: Կատարվեցին գործեր, որոնց հեղինակները ինչ-ինչ պատճառներով կարծես մոռացության են մատնվում, օրինակ՝ խոսքս ներկայում ԱՄՆ-ում ապրող եւ ստեղծագործող Արմեն Բոյամյանի մասին է: Կատարվեցին մեր կոմպոզիտորական դպրոցի վաղամեռիկ ներկայացուցիչների՝ Էմին Արիստակեսյանի, Դավիթ Ազարյանի, Ռուբեն Սարգսյանի երկերից: Նման ձեւով կարող ենք ապրեցնել մեր ազգային կոմպոզիտորական դպրոցը: Այս պահին կուզեի հնչեցնել համերգներին մասնակից մեր դասախոսների եւ ուսանողների անունները, որոնց կատարումները իսկապես բարձրարվեստ էին ու բարձրակարգ, բայց վախենում եմ հանկարծ մեկ-երկու անուն սպրդի»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
20.04.2019