Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցը իր թերթն ունի, այն կոչվում է «1+1»: Լրագրող աշակերտներից մեկի ձեւակերպմամբ, թերթի վերնագիրը խորհրդանշում է այն, որ ամեն օր իրենք եւս մեկ նոր բան են սովորում:
Գեղարքունիքի միջնակարդ դպրոցի ուսուցչուհի Ռոզա Հակոբյանը, որ զբաղվում է դպրոցի թերթի խմբագրման աշխատանքներով, «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ թերթը տպագրվում է ռուսաստանաբնակ բարերարի միջոցով, որն արմատներով իրենց գյուղից է եւ կապն էլ ծննդավայրի հետ չի կտրում: Նա տեղեկացրեց, որ թերթը դեռ ամիսը մեկ անգամ է տպագրվում, 500 օրինակով: Դպրոցն ունի լրագրողական թիմ, որտեղ ներգրավված են 8-12-րդ դասարանների աշակերտները, թեեւ տարրական դասարանի աշակերտներն էլ կարող են մասնակցություն ունենալ:
Արդեն թողարկել են 2 համար, երրորդն էլ պատրաստ է տպագրության: «Նյութերը երեխաներն են պատրաստում, մեզ հետ աշխատում է նաեւ դպրոցի հայոց լեզվի ուսուցիչներից մեկը: Մեզ աջակցում է դպրոցի տնօրենը, ինչպես նաեւ՝ ծնողները»,-ասաց Ռոզա Հակոբյանը:
Գեղարքունիք գյուղի 7-11-րդ դասարանի այն աշակերտները, որոնք ընդգրկված են նաեւ «Աժդահակ» էկո-ակումբում եւ լրագրողական խմբում, դպրոցի տնօրենի եւ էկո-ակումբի ղեկավարի հետ այցելել էին «Առավոտի» խմբագրություն` ծանոթանալու թերթի տպագրության նրբություններին: Նրանք հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու «Առավոտի» աշխատակազմի ներկայացուցիչներին: Նաեւ շնորհակալություն հայտնեցին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աշխատակից Լուսինե Գրիգորյանին` իրենց ինչ-ինչ հարցերում աջակցելու համար: «1+1» թերթում համայնքին վերաբերող թեմաներ են, լուրեր, դիմանկարներ:
Կարդացեք նաև
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
20.04.2019