Լրահոս
Օրվա լրահոսը

Մտքերը կարող են առողջացնել, բայց և կարող են սպանել․ պլացեբոյի ու նացեբոյի էֆեկտը

Ապրիլ 21,2019 23:00

Մենք կերտում ենք մեր կյանքը մեր մտքերով․ մտքի և դրա արգասիք համարվող խոսքի ազդեցությունն անվիճարկելի է մեր ճակատագրի, անգամ մեր առողջության վրա։

Վաղուց ի վեր հայտնի է, որ ինքնաներշնչումը կարող է և հիվանդության պատճառ դառնալ, անգամ եթե մարդու մոտ բացակայում են հիվանդության հարուցիչները։ Երբեմն այս կամ այն հիվանդություն ունենալու վստահությունը բավարար է, որպեսզի մարդու մոտ ի հայտ գան հիվանդության իրական ախտանշաններ՝ սրտխառնոց, գլխապտույտ և այլն։ Այդ երևույթը հայտնի է որպես նացեբոյի էֆեկտ (ի հակադրություն պլացեբոյի էֆեկտի)։

Նացեբոյի էֆեկտը բացահայտում է մեր ուղեղի զարմանալի առանձնահատկությունները, սակայն այն դեռևս լիովին ուսումնասիրված չէ։

Բժիշկներին հայտնի է, որ ներշնչումը մարդու վրա մահացու ազդեցություն կարող է ունենալ։ VIII դ-ի վիեննացի բժիշկ Էրիխ Մենինգեր ֆոն Լերենթալն իր ուսանողների ճակատագրական կատակն է նկարագրել․ նրա բժշկական դպրոցի աշակերտները, որոշելով  «դաս տալ» օգնականներից մեկին, հանկարծակի հարձակվել են նրա վրա, կապել նրա աչքերը, գլուխը դրել են գերանի վրա ու հայտարարել, որ գլխատելու են նրան։ Որից հետ օգնականի պարանոցի վրա թաց կտոր են նետել։ Համոզված լինելով, որ դա սառը ածելու շեղբն է, ինչպես գրում է ֆոն Լերենթալը, օգնականը «տեղում մահացել է»։

Թեև նմանատիպ պատմությունները բավականին շատ են, բայց ժամանակակից բժշկության կողմից ավելի շատ ուսումնասիրվել են մարդու ինքնաբուժման կարողությունները, այսպես կոչված պլացեբոյի էֆեկտը, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «դուր կգամ»։

Մեր օրերում պլացեբոն լայնորեն օգտագործվում է  կլինիկական փորձարկումների ժամանակ, երբ փորձարկվող դեղամիջոցն ու «դատարկ» դեղահաբը (հիմնականում լակտոզայի հիմքով) բաժանվում են հետազոտության մասնակիցների միջև, որոնք չգիտեն, թե կոնկրետ ինչ է իրենց հասել՝ իրական դեղահաբ, թե՞ պլացեբո։

Ընդ որում որոշակի դրական արդյունք արձանագրվում է անգամ պլացեբոյի ընդունման դեպքում։

Սակայն պլացեբոյի դրական ազդեցությանը զուգահեռ մասնակիցները երբեմն բողոքում են տհաճ ախտանշանների առկայությունից՝ գլխացավ, սրտխառնոց, ցավային այլ զգացողություններ։ Բանն այն է, որ կլինիկական հետազոտության բոլոր մասնակիցներին հետազոտությունից առաջ նախազգուշացնում են փորձարկվող պրեպարատի կողմնակի հնարավոր ազդեցությունների մասին։ Հավանական է, որ «դատարկ» դեղահաբ ընդունող մասնակիցների մոտ այդ ախտանշաններն առաջ են գալիս դրանց սպասումից։

Վերջին 10 տարվա ընթացքում գիտնականները հաստատել են, որ նացեբոյի (լատիներենից թարգմանաբար «կվնասեմ») էֆեկտը բավականին տարածված է։ Եվ թեև այնպիսի ախտանշաններն, ինչպիսիք են գլխացավը կամ սրտխառնոցը, որևէ կերպ կարելի է բացատրել անհատական զգացողություններով, ապա մաշկի վրա հանկարծակի առաջացած ցանը նացեբոյի էֆեկտի վառ արտահայտություն է։

2007 թ․-ին բժիշկ Ռոյ Ռիվզն այսպիսի դեպք է պատմում․ դեպրեսիայով տառապող հիվանդը, որոշելով վերջ տալ կյանքին, մի ամբողջ տուփ դեղահաբ է խմում և անմիջապես փոշմանելով իր արածի համար՝ սլանում է հիվանդանոց ու  հենց ընդունարանի մոտ ընկնում հատակին։ Նրա վիճակը բավականին լուրջ էր․ բժիշկներն արձանագրում են ցածր զարկերակային ճնշում ու թոքերի գերօդափոխություն։

Հիվանդին անմիջապես կաթիլային են միացնում, սակայն պարզվում է, որ արյան անալիզի մեջ ընդունած դեղամիջոցի հետքն անգամ չկա։ 4 ժամ անց մեկ այլ բժիշկ հայտնում է Ռիվզին, որ հիվանդը կլինիկական փորձարկման վերահսկվող մասնակիցներից մեկն է, իսկ գերդոզավորման ախտանշաններն առաջ են եկել պլացեբոյի ընդունումից հետո։

Այդ մասին իմանալուց հետո հիվանդի վիճակը կարգավորվել է։ Հայտնի չէ՝ կարող էր արդյո՞ք այդ դեպքը մահվան հանգեցնել, թեև Թուրինյան համալսարանի բժշկական դպրոցի նյարդակենսաբանության պրոֆեսոր Ֆաբրիցիո Բենեդետտին կարծում է, որ դա հնարավոր էր։

Պրոֆեսորը սկանավորել է մարդկանց գլխուղեղն այն ժամանակ, երբ նրանց բացասական մտքեր են ներշնչվել, և եկել է եզրակացության, որ այդպիսի ներշնչման ժամանակ ակտիվանում է հիպոթալամուսի, հիպոֆիզի և մակերիկամների (ադրենալին արտադրող գեղձերի) աշխատանքը։ Ինչպես հայտնի է, հիշյալ հատվածներն արձագանքում են, երբ մարդու օրգանիզմն էքստրեմալ վտանգի է ենթարկվում։

Եթե մարդն ինչ-որ բանից սաստիկ վախենում է, ապա այդ հատվածների կողմից արտադրված հորմոնների «կոկտեյլը» կարող է մահու չափ վտանգավոր լինել՝ նշում է Բենեդետտին։

Շատ երկար ժամանակ բժշկությունը հիմնված է եղել պլացեբոյի վրա․ հեքիմներն ու բուժակները բուժել են մարդկանց, որոնց փրկել է ապաքինվելու անսահման ցանկությունը, եւ թեև այսօր հիվանդի՝ բուժվելու ցանկությունն ապաքինման միակ պայմանը չէ, բայց այն պարզապես անհրաժեշտ է, և առանց այդ ցանկության ու հավատի ամենալավ դեղերն անգամ օգնել չեն կարող։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Սկզբնաղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930