«Մարդիկ ազատ են քննադատել` ինչպես կկամենան: Այդ իրավունքն անցած տարի լայնամասշտաբ կերպով նվաճվել է, եթե նվաճվել է: Մարդիկ կարող են քննադատել` ինչ ինտոնացիայով կամենան: Իհարկե, զրպարտությունը եւ վիրավորանքը մերժելի է, դրա համար այլ բաներ կան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը`պատասխանելով հարցին`ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է:
Իշխանության ընդդիմախոսներն էլ հետեւություններ են անում, որ այս իշխանությունը չի կարող խոսել արդարադատությունից եւ որ Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա, բլեֆ են:
Ողջամիտ քննադատության կամ քննադատության`Լեւոն Բարսեղյանի ընկալումն էլ սա է. «Ողջամիտ հատվածն այնտեղ է, իմ կարծիքով, որ ԱԱԾ-ն հանրային վստահություն չի վայելում: Այսպիսի տպավորություն ունեմ շատ վաղուց: Սա միայն իմ կարծիքը չէ, շատ-շատերը կկիսեն սա»: Այս տեսանկյունից, ըստ մեր զրուցակցի, եթե անգամ Դավիթ Սանասարյանի գործում ամեն ինչ բարեխղճորեն է արված, եթե նույնիսկ նրան առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, ԱԱԾ-ն հանրային վստահություն չի վայելելու եւ այս լուրջ ու խորքային խնդիրն այս դեպքում բացահայտվում է Դավիթ Սանասարյանին ներկայացված մեղադրանքի հանրային արձագանքի ճանապարհով:
Այս համակարգի նկատմամբ, այդ թվում նաեւ դատական, ոստիկանության, ՀՔԾ-ի եւ մյուս մարմինների, հանրային վստահության վերականգնման համար, Լեւոն Բարսեղյանի կարծիքով արմատական բարեփոխումներ են պետք`լյուստրացիայով. «Այդ մարմինները պետք է բացվեն-բացահայտվեն հանրության առաջ եւ հասկանանք`ինչն-ինչպիսին է»:
Կարդացեք նաև
Նաեւ, լիազորությունների հստակեցում կամ վերաբաշխումներ են պետք: Մեր զրուցակցի համոզմամբ, կոռուպցիան, կաշառակերությունն, օրինակ, ԱԱԾ-ի գործառույթը չեն: ԱԱԾ-ն, ըստ նրա, առավելապես հետախուզական, հակահետախուզական մարմին է: «Հիմա օրենքով են իրենք սա անում, բայց ՀՔԾ-ն, օրինակ, ինչո՞ւ չի անում: ՀՔԾ-ն էլ չունի այդ վստահության որակը, բայց եղածներից ամենամութը մնում է ԱԱԾ-ն: Դրա համար մարդիկ մեկնաբանում են`ԱԱԾ-ն ընկել է… ԱԱԾ-ն ո՞րն է, ԱԱԾ չէ իրականում, ԿԳԲ-ենք ընկալում, ես ԿԳԲ եմ ընկալում, այդպես էլ ասում եմ: Մարդկանց հարցը չէ, համակարգն է այդպիսին դրված եւ շարունակվում է, ինչը խնդիր է իրականում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ