Ապրիլի 21-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը:
Շնորհաբեր այս տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Արմեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Սահմանադրական դատարանի նախագահ տիար Հրայր Թովմասյանը, հայոց պետական այրեր, ինչպես նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերար հայորդիներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ և բազում ուխտավորներ:
Մայր եկեղեցու գավթում ամպհովանու ներքո ամփոփված Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքների առջև կատարվեց երկրպագություն, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բաշխելով ներկա հավատացյալ ժողովրդին, եկեղեցականաց թափորով առաջնորդեց դեպի խորան: Վեհափառ Հայրապետին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ու Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Կարդացեք նաև
Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով հանդերձ հայրապետական իր պատգամը հղեց աշխարհասփյուռ համայն հայությանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ԵՎ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Յարեաւ Աստուած եւ ցրուեցան ամենայն թշնամիք Նորա» (Ժամագիրք):
Սիրելի հավատավոր զավակներ Մեր,
Սուրբ Հարության տոնի ուրախությունն է համակել մեր հոգիները, Հարության հաղթական բերկրանքն է ամենուր՝ մեր շուրջը, մեր եկեղեցիներում, ընտանիքներում, քրիստոնյա ողջ աշխարհում, նաև՝ բնության զարթոնքի մեջ: Քրիստոս հաղթական ելել է փակված քարանձավից, և հրեշտակը Նրա հարության ավետիսն է հնչեցնում թափուր գերեզմանից: Փրկչի հաղթանակով փշրվել են մեղքի ու մահվան կապանքները, բացվել են դռները երկնքի արքայության և մարդկանց ընծայվում է աստվածային շնորհը՝ ժառանգելու հավիտենական կյանքի անգին պարգևը. «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի. և ով կենդանի է ու Ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի» (Հովհ. 11.25-26):
Քրիստոսով հարության և հավիտենական կյանքի ուղին սկսվում է այս աշխարհից, մարդու կյանքի վերափոխումից, մեղքի ու չարիքների մերժումից, դեպի սրբություն ու կատարելություն ընթացքից: Արդարև, որտեղ բաց են մարդկային հոգիները Քրիստոսի Հարության լույսի առջև, այնտեղ ցրվում ու նահանջում են խավարները աստվածամերժ չարահնար խորհուրդների, մոլորեցնող գաղափարախոսությունների, բաժանումների ու բևեռացումների, անհանդուրժողականության, թշնամության ու պառակտումի, և հաստատվում են համերաշխություն ու միաբանություն, հավատարմություն, սրբություն, սեր և ուրախություն: «Աստված հարություն առավ, և ցրվեցին Նրա բոլոր թշնամիները»,- օրհնաբանում է ժամասացը:
Աշխարհի խաղաղության, հասարակության բարօրության, մարդկության ներդաշնակ գոյակցության, ընտանիքների ամրության և ամենայն բարիքի հակառակ են այն ընթացքները, որոնք մերժում են Քրիստոսով նորոգությունը և գերի դարձնում կյանքը մեղքին, ենթարկում աղավաղումների ու կործանման:
Քրիստոսի Հարության ավետիսը հրավեր է ամենքին՝ ապրելու Փրկչի պարգևած շնորհներով՝ որպես նոր մարդ, ինչպես պատգամում է առաքյալը. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփ. 4.22-24): Հավատալ Քրիստոսի Հարությանը և Քրիստոսով մեր հարությանը ու մեր կյանքի վերափոխմանը, նշանակում է ոչ միայն հաղթանակ տանել մեղքի, մոլությունների ու մոլորությունների դեմ, այլև սիրով համակվել ամենքի հանդեպ՝ մերժելով արդարության, արժանապատվության և ամենայն մարդկայինի ոտնահարումները, տարածել հոգատարություն ու համընդհանուր հաճություն, ինչպես Քրիստոս, «որ եկավ և փրկեց բոլոր արարածներին» (Շարական):
Հարության շնորհն ընդունած քրիստոնյայի կյանքում տեղ չունեն ագահության, անիրավության, ատելության, բռնությունների և Աստծո պատվիրանները անտեսող այլ դրսևորումները, որոնք մեղքից ու մահից Քրիստոսի պարգևած ազատության մերժումն են և վերացնում են բարին ու բարիքը մարդու, ընտանիքի, երկրի կյանքից: Ազատությունը տրված է բարին ընտրելու և ո՛չ թե չարիքի ու սանձարձակությունների պատրվակ դարձնելու համար (հմմտ. Ա Պետ. Բ 16): Հիրավի, հարության շնորհի ժառանգորդ լինելը արտահայտվում է ապրելակերպի, գործերի, ոչ միայն անձնական ու ընտանեկան, այլև հանրությանը, ազգին, մարդկությանը բերած օգտակարության ու ներդրումի մեջ: Այս ճանապարհով է պայծառանում և արդյունավորվում հավատքը, առատանում հույսը, հաստատվում եղբայրասիրությունն ու միասնաբար առաջընթացի ուղին:
Քրիստոսի չարչարանքներն ու Հարությունը հանուն մեզ, հանուն ողջ մարդկության՝ աստվածային անսահման սիրո արտահայտությունն են: «Նա մեռավ բոլորի համար, որպեսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլև Նրա համար, ով մեռավ և հարություն առավ իրենց համար (Բ Կորնթ. 5.15): Սերը, սիրելիներ, անձնակենտրոն չէ, իրենը չի փնտրում (Ա Կորնթ. 13.5), արտահայտվում է միմյանց հանդեպ նվիրվածությամբ և հիմքն է ծաղկումի, վերելքի, հարության: Այս է այն կարևոր պատգամը, որ Փրկիչ մեր Տերը փոխանցում է մարդկանց Իր օրինակով: Տիրոջ Հարությունն ինքնին համընդհանրության, հավաքականության ու միաբանության խորհուրդն է բերում աշխարհին: Քրիստոս բոլորին բերեց իր ծառայությունը, այդպես էլ մենք ապրենք միմյանց հանդեպ սիրո ու ծառայանվիրումի, նախանձախնդրության ու հանձնառության ոգով:
Այս գիտակցությամբ է, որ ի զորու պիտի լինենք դիմագրավել մեր պետական ու համազգային կյանքի դժվարությունները, լուծել մեր առջև ծառացած խնդիրները, ամրապնդել ընտանիքները, անսասան պաշտպանել ու շենացնել մեր հայրենիքը, աշխարհասփյուռ ազգային մեր կյանքը: Մեր ժողովուրդը, որ ընդունել է Քրիստոսին որպես իր Փրկչի, և առ Տերը սիրով ու հավատարմությամբ հառնել պատմության արհավիրքներից, այսօր էլ այդ հավատքով, այդ զորությամբ պիտի շարունակի կերտել իր հաղթանակներն ու ձեռքբերումները: Արդ, սիրելիներ, Քրիստոսի էջքով սրբագործված մեր երկրում և համայն մեր կյանքում հարատև պահենք Քրիստոսի Հարության լույսն ու զորությունը և շարունակ նորոգվենք մեր Փրկչի պարգևած շնորհով: Այսպես մենք կարող կլինենք միասնաբար ընթանալ դեպի հզոր հայրենիքի նորակերտում, դեպի նոր հորիզոնները մեր կյանքի՝ փաստելով, որ մենք Քրիստոսով հարուցյալ ժողովուրդ ենք, Քրիստոսի ժողովուրդն ենք, Աստծո սեփական ժողովուրդն ենք:
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության ցնծալի ավետիսով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ իրենց ծառայության արգասավորման մաղթանքով: Հայրապետական օրհնությամբ ողջունում և ամենայն բարյաց Մեր մաղթանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության Վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանին: Ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն: Սուրբ Հարության շնորհաբեր տոնի առիթով Մեր բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը՝ մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին:
Սուրբ Հարության շնորհառատ այս օրը աղոթում ենք, որ աշխարհում հրաշագործեն Փրկչի Հարության շնորհները, մարդիկ նորոգվեն կյանքի, խաղաղության, միասնության բարի ձգտումներով ու իրագործումներով և լինեն մեկ ընտանիք աստվածային օրհնության ներքո: Ընտանիքին նվիրված այս տարում վերստին հայցում ենք, որ Քրիստոսի Հարության լույսով պայծառանան ու ամրանան ընտանեկան մեր հարկերը՝ լի սիրով, համերաշխությամբ ու երջանկությամբ: Թող Տերն Իր անսահման սիրո մեջ պահպանի մեր ժողովրդին և անշեջ պահի հարության լույսն ու ուրախությունը մեր սրտերում, մեր երկրում ու համայն աշխարհում:
Թող մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և խաղաղությունը լինեն մեզ հետ և ամենքի. ամեն:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ