Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը` ըստ Լեւոն Բարսեղյանի

Ապրիլ 21,2019 14:31

Ձեր կարծիքով ի՞նչ նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է. «Ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։ Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների համար «ախպերությունը» մնում է աշխարհընկալման հիմնական բանաձեւ։ Թքած ճշմարտության եւ ճշմարտության շահերի վրա, թքած հեղափոխության ու նրա արժեքների վրա»։ Հարցն Aravot.am-ն ուղղեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին:

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ կարծիքը հայտնել էր երեկ`ծանոթանալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի շուրջ ծավալվող քննարկումներին:

Լեւոն Բարսեղյանի տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի նման գրառման պատճառը, հավանաբար, հետեւյալն է`սոցիալական ցանցերում եւ հանրային քննարկումներում Դավիթ Սանասարյանին առնչվող այս քրեական գործի մասով շատերը սկսեցին ընկերականությունը շեշտել, մի շարք հրապարակումներ եղան, որ «Դավիթն իմ ընկերն է» եւ այլն, եւ, Փաշինյանն էլ, ըստ երեւույթին, հանրային կարծիք ձեւավորելու տեմպին է անդրադարձել`շեշտելով, որ ընկերություն, խնամիություն, ծանոթություն, բարեկամություն, ախպերություն`արդարադատության իրականացման մեջ չպետք է լինի եւ ցանկացած մեղադրանք եւ կասկած պետք է քննվի`անկախ այն հանգամանքից, թե հեղափոխության մեջ ո՞վ  եւ ի՞նչ դերակատարություն է ունեցել, ո՞վ եւ ո՞ւմ հետ որքանով է ծանոթ, ընկեր, ախպեր:

Լեւոն Բարսեղյանը նաեւ համամիտ է Նիկոլ Փաշինյանի այն դիտարկման հետ, որ օրենքը կրկնակի խիստ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հեղափոխության ժամանակ կանգնել են ժողովրդի առաջ ու խոսել օրինականությունից ու արդարությունից, բեսպրեդելի ու հովանավորչության անթույլատրելիությունից։ Ասում է`մարդիկ կան, որ հեղափոխության օրերին, իրենց կամքով, ավելի պատասխանատու դիրք են զբաղեցրել, խոսել են ճշմարտությունից, օրինականությունից եւ հասարակությունը նրանց ընկալել է իբրեւ ուղենիշներ կամ չափանիշներ:

«Նրանց պատասխանատվությունը պետք է բարձր լինի: Եթե համեմատենք`հանրային կյանքում, քաղաքացու պատասխանատվությունը մի բան է, բարձր պաշտոն ունեցողինը`մեկ բան է, միջին պաշտոն ունեցողինը` այլ բան: Եվ որքան բարձր է հանրային վստահությունը, այնքան հանրային պատասխանատվությունը մեծ է: Այնպես որ, ես ամբողջությամբ համամիտ եմ»,- ասում է մեր զրուցակիցը`օրինակ բերելով իրեն, որ մշտապես քննադատել է իշխանությանը, պետության զավթումը եւ եթե հանկարծ պարզվի, որ ինքը ներքաշված է կոռուպցիայի մեջ, հասկանալի է, որ իրենից ավելին է պահանջվելու, քան մյուս քաղաքացիներից:

Իսկ Դավիթ Սանասարյանի եւ նրա հետ ու շուրջ կատարվողի մասին էլ, մեր զրուցակիցն ասում է. «Դավթին ես գիտեմ շատ ու շատ վաղուց, արդեն չեմ էլ հիշում թե երբվանից: Իր մարդկային կերպարն ազնիվ է, շատ արագ արձագանքող, հաճախ էմոցիոնալ: Ոչ մի կերպ չեմ պատկերացնում, որ Դավիթը կարող է հանրային, պետական կամ մեկ ուրիշի միջոցները`անձնական, ընտանեկան շահի համար հանկարծ հետապնդել»:

Նկատի ունենալով նաեւ հեղափոխական անցումային շրջանի`այլ երկրների փորձը, մեր զրուցակիցը ենթադրություն ունի, որ լավագույն շահագրգռությամբ`առավելագույն դրական արդյունք արձանագրելու միտումով, բայց օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ են եղել: Կառավարման փորձ չունեցող մարդու համար, ասում է, նման իրավիճակները բացառելի չեն:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930