Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ սկսվեց Ղարաբաղից

Ապրիլ 21,2019 12:00

Անցյալ դարի ութսունութ թվականից Հայաստանում սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Լեռնային Ղարաբաղի պատգամավորները քվեարկությամբ որոշեցին միանալ Մայր Հայաստանին: Այն ժամանակ դա անհնարին էր, որովհետև անցյալ դարի ութսունութին Հայաստանը դեռևս անկախ պետություն չէր, որպեսզի որևէ այլ երկիր միանար իրեն: Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի Մարզխորհուրդը միաձայն որոշում կայացրեց միանալ Մայր Հայաստանին: Չնայած Հայաստանն էլ դեռևս անկախ չէր, այդուհանդերձ, Հայաստանի Գերագույն խորհուրդն էլ Լեռնային Ղարաբաղի Մարզխորհրդից օրինակ վերցնելով՝ միաձայն որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղը ճանաչել Հայաստանի մաս:

Սկսվե՜ց: Իսկապես «Դուխով»: Ե՛վ Ստեփանակերտում, ե՛ւ Երևանում: Փաստորեն, հենց ամենասկզբից մենք քաղաքականապես ավելի էինք հասուն ու պատրաստ, քան՝ ադրբեջանցիները: Միակ բանը, որ կարողացան մեզ հակադրել ադրբեջանցիները, Սումգայիթն էր: Ինչպես նաև՝ Բաքուն: Այսինքն, նրանք հակադրեցին ոչ թե քաղաքականություն, այլ, մեղմ ասած, վայրենություն ու բարբարոսություն: Հենց ամենասկզբից: Եվ դեռ անամոթաբար Խոջալու են ասում:

Մենք պատմություն սիրող, պատմությունը կարևորող և պատմությանը կարևորագույն տեղ հատկացնող ազգ ենք, և այդ իմաստով շատ կարևոր է, որ մեր պատմության դասագրքերում ազնվորեն անդրադառնանք մեր պատմությանը, և հատկապես անցյալ դարավերջի մեր պատմությունն ու Ղարաբաղյան շարժումը նկատի ունենք, և եթե ադրբեջանցիներից պատմության ու պատմական ճշգրտություն ու ազնվություն ենք պահանջում, հարկ է, որ նախ և առաջ ինքներս մեզ համար ու մեր սերունդների համար ազնվորեն շարադրենք քսաներորդ դարավերջի մեր ժողովրդի պատմությունը, որն առաջին հերթին հենց Ղարաբաղյան շարժման պատմությունն է. Շարժում, որից, փաստորեն, սկսվեց ամեն ինչ:

Ղարաբաղյան շարժմանը զուգահեռ Հայաստանում, ինչպես նաև Խորհրդային նախկին հանրապետություններում սկսվեցին նաև անկախական շարժումները: Դա, իհարկե, առաջին հերթին արդյունքն էր Գորբաչովյան Պերեստրոյկայի: Ղարաբաղյան շարժումը սաղմնավորվեց և սկիզբ առավ Ստեփանակերտում, այնուհետև չափազանց մեծ ծավալներ ընդունեց Երևանում՝ «Ղարաբաղ» կոմիտեի գլխավորությամբ: Զուգահեռաբար ծավալվում էր նաև անկախության շարժումը՝ Հայրիկյանի, Աշոտ Նավասարդյանի, Ազատ Արշակյանի և խորհրդային տարիների մեր մյուս քաղբանտարկյալների ակտիվ մասնակցությամբ. Վերջիններս անկախության հարցն առաջնային էին համարում՝ համարելով, որ Մոսկվան դիտմամբ է Ղարաբաղի հարցն առաջ քաշել, որպեսզի մեզ շեղի անկախության հարցից: Նրանք գտնում էին, որ Ղարաբաղի հարցի գոյությունը մեզ խանգարում է, որպեսզի մենք մեր անկախության մասին մտածենք ու մեր անկախությամբ զբաղվենք:

Մինչդեռ իրականում ճիշտ հակառակն էր. իրականում Ղարաբաղն ինքը ընտրեց ու բռնեց Մոսկվայից ու Ադրբեջանից անկախանալու ճանապարհը, և, փաստորեն, Ղարաբաղի օրինակով ու Ղարաբաղի շնորհիվ մենք սկսեցինք իրական ու ռեալ անկախության մասին մտածել: Չնայած Ղարաբաղն ու Հայաստանն անկախության պայքարի քաղաքական ու քաղաքակիրթ ճանապարհն էին ընտրել, և չնայած Ղարաբաղյան պայքարի հարցում մեզ համար ընդունելի ու սրտամոտ էր  «Միացում» կարգախոսը, այդուհանդերձ, քաղաքական ու քաղաքակիրթ աշխարհի համար առավել հասկանալի ու ընդունելի էր ինքնորոշման ճանապարհը, ինչպես նաև՝ քաղաքակիրթ բանակցությունների ճանապարհը:

Մի խոսքով, Ղարաբաղի հարցում տարբեր կարծիքներ կային և այսօր էլ կան, և չնայած մեզ համար ամենաընդունելի ու ամենահասկանալի տարբերակը եղել և մնում է «Միացում» տարբերակը, քաղաքակիրթ ու քաղաքական աշխարհի համար առավել ընդունելի է Ղարաբաղի ինքնորոշման և անկախացման ճանապարհն ու եղանակը: Աշխարհն իր իմացած բոլոր տարբերակները հրամցնում է մեզ, ընդ որում՝ բոլոր տարբերակներն էլ քաղաքակիրթ աշխարհն ընդունելի է համարում միայն ու միայն բանակցությունների ճանապարհով: Մենք նույնպես խաղաղ բանակցությունների ճանապարհն ենք ընդունում: Ի տարբերություն ադրբեջանցիների, ովքեր պարզ չէ՝ թե ինչ են ուզում: Պատերազմից բացի:

Պատերազմին էլ առանձնապես շատ պատրաստ չեն: Մեր համեմատ: Դա արդեն կյանքն է ցույց տվել ու ցույց տալիս: Եթե պատերազմին մեզնից լավ պատրաստ լինեին, ոչ մի րոպե պատերազմը չէին դադարեցնի: Բայց ես միանգամայն այլ բան էի ասում, որ կիսատ մնաց: Ասում էի, որ մենք պատմություն սիրող ու մեր ժողովրդի պատմությանը կարևորագույն տեղ հատկացնող ազգ ենք և մշտապես կարևոր տեղ ենք հատկացրել մեր ժողովրդի պատմությանը հատկապես դպրոցական դասագրքերում: Արցախի պատերազմը մեր ժողովրդի պատմության հերոսական էջերից է, և հարկ է, որ մեր դպրոցական պատմության դասագրքերում ըստ արժանվույն անդրադառնանք մեր ժողովրդի պատմության էդ բացառիկ հերոսական էջին:

Ըստ արժանվույն ասելով՝ նկատի ունենք, որ պետք է դա արվի պատմագիտական ամենաբարձր մակարդակով և, որ ամենակարևորն է, ամենայն ճշգրտությամբ ու ազնվությամբ: Եվ դա պետք է արվի ամենալուրջ պատմաբաններից կազմված հանձնաժողովի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ, պետական ամենաբարձր մակարդակի վերահսկողության ներքո:

Մեր սերունդները պետք է ճշգրիտ ու մանրակրկիտ իմանան՝ ովքեր են մեր ժողովրդի հերոսական պատմության իրական ու իսկական հերոսներն ու կերտողները:

 

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Հերթական պատմական սուտ, թե իբր «Ամեն ինչ սկսվեց Ղարաբաղից

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930