Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Գասպարյան. «Վարչապետը խոսում է գործակալական ցանցի մասին, բայց դրան գործողություններ չեն հետեւում»

Ապրիլ 20,2019 17:37

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ  Արա Գասպարյանը «Պոստ սկրիպտում» ակումբում խոսեց մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներից:

«Մենք գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ՝ հակառակորդ երկրի հետ: Հիբրիդային պատերազմը հակառակորդի կողմից կիրառվող տնտեսական, քաղաքական, ռազմական, տեղեկատվական միջոցների ամբողջություն է: Սրանք բոլորը կիրառվում են որոշակի ռազմավարության շրջանակներում եւ այն ուղղված է առաջին հերթին մեր հասարակությանը եւ մեր պետականությանը: Սրա նպատակն է մեր պաշտպանունակության թուլացումը»,-պարոն ասաց  Գասպարյանը:

Նրա ձեւակերպմամբ,  այդ ամենի եւ առաջնագծում ռազմական տարբեր գործողությունների, դիվերսիաների նպատակը բանակի նկատմամբ վստահության անկումն է հասարակության ներսում, սպայի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության նվազումը,  բանակի ներսում միջանձնային կոնֆլիկտների սրումը:

«Այդ ամենը հինգերորդ շարասյան ներկայացուցիչների կողմից հաճախ օգտագործվում է բանակի եւ բանակի ղեկավարությանը վարկաբեկելու նպատակով: Երբ մենք մեր անվտանգային մարտահրավերների մասին ենք խոսում, առաջին հերթին պետք է հաշվի առնենք այս համատեքստը»,- կարծում է նա:

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամը համոզված է՝ պետք է տարատեսակ հակազդեցության քայլեր մշակել՝ տեղեկատվական, ռազմական, քաղաքական եւ տնտեսական բնույթի: Նրա խոսքերով, իշխանությունը ցանկացած որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի ռիսկայնության գործոնը:

«Օրինակ պայմանավորվածություններ են ձեռք բերվում կրակի դադարեցման վերաբերյալ, բայց այդ կրակի դադարեցման արդյունքում ադրբեջանցիները Նախիջեւանի եւ այլ ուղղություններով ամրացնում են իրենց դիրքերը: Այսինքն, ստացվում է, որ մեկը մյուսի վրա չկրակելու պայմանավորվածությունները այնքան էլ չեն համապատասխանում մեր անվտանգության խնդիրներին…Նախիջեւանի ուղղությամբ դիրքերը առաջ են բերվել, իսկ հայ-ադրբեջանական սահման, որպես այդպիսին գոյություն չունի միջազգայնորեն»,- փաստում է բանախոսը:

«Վտանգավոր է երկրում տարածված պացիֆիզմի քարոզը: Երբ հարեւանդ պատրաստվում է պատերազմի, մեր հասարակությանը պատրաստում են խաղաղության: Վտանգավոր է, երբ խոսում են երկրում առկա գործակալական ցանցերի մասին, ընդ որում, վարչապետն է այդ մասին խոսում, բայց դրանից հետո գործողություններ չեն հետեւում: Եվ պարզ չէ, թե այդ գործակալական ցանցը կամ գործակալներն ովքեր են»,-ասում է Արա Գասպարյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930