Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ընկալմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հալածյալ է». Արմեն Աշոտյան

Ապրիլ 20,2019 16:25

«Փաշինյանի մյուս սուտն այն է, որ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ եւ քաղաքական վրեժխնդրություն»,-«ֆեյսբուքյան» ուղիղ եթերում այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա «ֆեյսբուքյան» ուղիղ եթերին: «Առնվազն Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործը վկայում է, որ ՀՀ-ում կա քաղաքական հիմքով հետապնդվող քաղաքական գործիչ: Այլ գործիչներ եւս կան: Իմ ընկալմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հալածյալ է: Հետեւաբար, Փաշինյանի կողմից քաղաքական համերաշխության մասին խոսելը նույնպես մանիպուլյացիոն ստերի դաշտից է»,-համոզմունք հայտնեց Արմեն Աշոտյանը:

Ուղիղ եթերում մատնանշված մյուս մեծ սուտը, ըստ Արմեն Աշոտյանի, Փաշինյանի այն խոստումն է, թե ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորում մեծ փոփոխություններ չեն լինի. «Ասում է, թե ՀՀ-ն խորացրել է հարաբերություններն ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի հետ: Հիշեցնեմ Եվրամիության առնչությամբ իր խոսքերը: Երբ նա մեկնեց Բրյուսել, օդանավակայանում ասուլիսով հանդես եկավ եւ եվրոպացիների վրա մուննաթ եկավ՝ ասելով, որ նրանք չեն բավարարում իր ակնկալիքները եւ չեն ֆինանսավորում իշխանափոխությունը ՀՀ-ում: Այդ ո՞նց են խորացել հարաբերությունները ԵՄ-ի հետ, երբ անգամ դուք, պարոն Փաշինյան, խոստովանում եք, որ դժգոհ եք ԵՄ-ից: Էլ չասեմ, որ ոչ համաձայնագիրն եք կյանքի կոչել, ոչ աշխատանքային ծրագիրը կա՝ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը»:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հարաբերություններին, Արմեն Աշոտյանը շեշտեց. «Փաշինյանն ասում է, թե խորացրել է հարաբերությունները ռուսների հետ: Հիշեցնեմ, որ երբ նա մեկնել էր ՌԴ եւ ՀՀ-ի անունից ստանձնում էր Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նախագահության հերթը, ասաց, որ իրեն անգամ ՌԴ պաշտոնական այցով չեն հրավիրում՝ «դե կհրավիրեն, կգամ»… այսինքն, դուք մեկ տարվա վարչապետ եք, բայց ձեզ ՀՀ ռազմավարական դաշնակիցն ու թիվ մեկ գործընկերը, ում հետ իբրեւ թե խորացրել եք հարաբերությունները, ձեզ չի հրավիրում պաշտոնական այցով: Շատ տարակուսելի խորացում է հարաբերությունների: Իմ դիվանագիտական եւ միջազգային հարաբերությունների ոլորտներում մեծ փորձով հանդերձ՝ զարմանում եմ, թե ինչպես եք այդ հարաբերությունները խորացրել նման պայմաններում»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Աշոտյանը հարցադրում արեց. «Ինչպե՞ս եք խորացրել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, երբ վերջերս ԱԺ ամբիոնից դժգոհ էիք այն հանգամանքից, որ ԱՄՆ-ն բավարար չափով ձեզ չի աջակցում: Այդպե՞ս եք հարաբերություններ խորացրել: Անգամ դուք եք դժգոհ: Վարչապետն ասում է նաեւ, որ «բեսպրեդել»-ը չի փոխարինելու «բեսպրեդել»-ով: Թույլ տվեք չհամաձայնել: Ոչ թե «բեսպրեդել»-ը «բեսպրեդել»-ով եք փոխարինել, այլ մինչեւ ձեզ եղած կարգուկանոնը փոխարինել եք անկառավարելի քաոսով՝ բոլոր ոլորտներում»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930