«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Հակոբյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում անդրադարձավ Կառավարության առաջարկած կառուցվածքային փոփոխություններին, օպտիմալացման քաղաքականությանը, ազգային անվտանգության մարտահրավերներին և ներքաղաքական անցուդարձին:
«Մեր կարծիքով, կառուցվածքային փոփոխությունները միտված չէին կառավարության արդյունավետ գործունեությունն ապահովելուն՝ մի շարք պատճառներով: Առաջինը խոսենք այն կառույցների մասին, որոնք «տարրալուծվել» են այլ նախարարությունների կազմում: Մեզ համար բացարձակ հասկանալի չէր, թե ինչու Սփյուռքի նախարարությունը հնարավոր չեղավ պահպանել որպես առանձին նախարարություն՝ հաշվի առնելով այն փաստը, որ Սփյուռքը մեր այն մասն է, որը կարեւորագույն դերակատարում է ունեցել եւ կարող է ունենալ Հայաստանի զարգացման ընթացքում: Սփյուռքն իր քանակական եւ որակական մասով մի քանի անգամ գերազանցում է Հայաստանում ապրող բնակչությունը եւ Հայաստանում ապրող բնակչության հնարավորությունները:
Մենք կարծում ենք, որ առանձին հանձնակատարի գոյությունը, որով փորձում են սրբագրել Սփյուռքի նախարարության վերացումը եւ կազմալուծումը՝ որպես այդպիսին, չեմ կարծում, որ նույն կշիռը կարող է ունենալ կամ նույն ազդեցությունը՝ Սփյուռքի հետ մեր հարաբերություններում»,-ասաց Արա Հակոբյանը:
Ինչ վերաբերում է մշակույթի նախարարությանը, դրա «տարրալուծումը» Արա Հակոբյանի խոսքերով, նույնպես ունի մի շարք անորոշություններ. «Մենք հին ազգ ենք, որն ունի հարուստ մշակույթ եւ աշխարհին ներկայանում է մշակույթով: « Տարրալուծելով» այդ նախարարությունը՝ մենք հարվածի տակ ենք դնում այդ գործընթացը եւ որոշակիորեն անորոշություն ենք մտցնում ինքնության պահպանման, զարգացման եւ աշխարհին ներկայանալու առումով»:
Կարդացեք նաև
Գյուղատնտեսության նախարարությանն էլ անդրադարձ եղավ: «Ի՞նչ է նշանակում գյուղատնտեսություն: Բոլորս էլ հասկանում ենք, որ դա մեր ՀՆԱ-ի ամենամեծ մասն ունեցող տնտեսական ոլորտն է, նաեւ այն ոլորտը, որտեղ բնակչության մեծ մասն է ընդգրկված: Հետեւաբար փակելով գյուղատնտեսության նախարարությունը՝ հարցականի տակ ենք դնում այդ ոլորտի արդյունավետ կարգավորման եւ կառավարման խնդիրը, եւ միաժամանակ ուղիղ արձագանքը՝ ոլորտի խնդիրներին»:
Էներգետիկայի ոլորտի մասին էլ բանախոսն ասաց. «Դա ամենամեծ ներուժ ունեցող ոլորտներից մեկն է մեր տնտեսության մեջ, որը ներառում է բավականաչափ լուրջ առաջընթացի հնարավորություններ, բայց էներգետիկայի նախարարությունը նույնպես «տարրալուծվել» է այլ նախարարության մեջ»
Արա Հակոբյանը տարակուսած է. «Թվում է, թե թիրախավորվել են այն նախարարություններն ու ոլորտները, որոնք առավելագույն կարեւորություն ունեցողներից են հայաստանյան այսօրվա իրականության մեջ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ