Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարելի է հաջող գործող մարզական ակումբը վերցնել եւ ոչնչացնել

Ապրիլ 20,2019 15:33

«Պոլիտեխնիկ» ուսանողական մարզական ակումբն արդեն հինգ տարի չի գործում, քանի որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի այն ժամանակվա ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը 2014 թվականի մարտին չի ցանկացել երկարացնել մարզական ակումբի հետ գոյություն ունեցող պայմանագիրը:

«Պոլիտեխնիկ» ՄԱ նախագահ Սամվել Մեհրաբյանը մինչեւ հիմա չգիտի ակումբի հետ այդքան դաժան վարվելու դրդապատճառները: «Ակումբը հիմնադրվել է 1957 թվականին եւ անցել փառավոր ուղի: Տասնամյակներ շարունակ բուհը մշտապես պատվով է ներկայացել ոչ միայն ներհանրապետական եւ միջազգային ուսանողական, այլեւ պրոֆեսիոնալ մրցաշարերում: Ակումբի ուսանող մարզիկները միշտ էլ համալրել են Հայաստանի ազգային հավաքականները:

Ակումբը պակաս կարեւոր դեր չի խաղացել նաեւ ընդհանրապես երիտասարդության ու պատանիների առողջ ապրելակերպը կազմակերպելու հարցում: Մինչեւ ժամը 16:00-16:30-ը դահլիճներում դասերն էին անցկացվում, այնուհետեւ մարզվում էին մեր հավաքական թիմերը, որից հետո ակումբի դահլիճները եւ լողավազանը վճարովի հիմունքներով տրամադրվում էին առողջ ապրելակերպը գերադասող տարբեր տարիքային խմբերին, կազմակերպվում էին միջֆակուլտետային մարզական տարբեր մրցումներ, որոնց մեջ ներգրավված էր ուսանողների գրեթե կեսը», – ասում է Ս. Մեհրաբյանն ու հիշում, որ անգամ 90-ականներին, երբ ամեն ինչ փակվում էր, իրենք կարողացել են սեփական ուժերով վերականգնել ու աշխատեցնել բուհի լողավազանը, որը գործեց մինչեւ 2014 թվականի չարաբաստիկ մարտ ամիսը:

Սամվել Մեհրաբյանն ասում է, որ իրենք այն ժամանակ ստեղծված իրավիճակի մասին բազմիցս դիմել են այն ժամանակվա կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, սակայն վերջինս իրենց դրանք ուշադրության չի արժանացրել:

Հայաստանի մանկական ասոցիացիայի (նախկին մանկական ֆոնդ) նախագահ Վարուժան Սեդրակյանը նշեց, որ իրենք 90-ականներից համագործակցել են «Պոլիտեխնիկ» մարզական ակումբի հետ: «Այն ժամանակ, երբ ոչինչ չկար, մենք երեխաների, հատկապես ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար համատեղ կազմակերպում էինք սպորտային տարբեր միջոցառումներ՝ լողի մրցումներ, ֆուտբոի մանկական առաջնություններ, բասկետբոլի մրցույթներ եւ այլ պատանեկան առաջնություններ: Հիմա, երբ այդ ակումբը չկա, մենք մեր երեխաների համար նման միջոցառումներ կազմակերպելու հնարավորություններ այլեւս չունենք», – ասաց նա:

ՀՀ վաստակավոր արտիստ Գրիգոր Բաղդասարյանը նույնպես տեղի ունեցածի վերաբերյալ տարակուսանք հայտնեց. «Եղբայր, ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է հաջող գործող ու պահանջարկ վայելող կառույցը հենց այնպես վերցնել ու ոչնչացնել՝ տեղը ոչինչ չառաջարկելով: Ղարաբաղյան պատերազմը դեռ չի վերջացել եւ մեր համար կենսական անհրաժեշտություն է մարզված ու մարտունակ երիտասարդություն ունենալը: Վերացնելով նման կառույցները՝ մենք մեր հոժար կամքով մեր երիտասարդությանը մղում ենք թանկարժեք ժամանակը ռեստորաններում, նարգիլե բարերում, կազինոներում անիմաստ վատնելու»:

«Պոլիտեխնիկ» մարզական ակումբի նախագահը խնդրին լուծում տալու նպատակով նամակով դիմել է նոր իշխանություններին:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930