«Պոստ Սկրիպտում» ակումբում կայացած ասուլիսում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խոսելով ՀՀ կառուցվածքի եւ տնտեսական մրցակցության պաշտպանության, հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի թեմայով խորհրդարանական քննարկումներից՝ նշեց, որ իրենք այդ հանձնաժողովները համարում են ամենակարեւոր գործիքակազմերը տնտեսական թռիչք եւ տնտեսական մրցակցություն իրականացնելու համար:
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մոնոպոլիաներն է կարգավորում, հարաբերությունները, սակագները, իսկ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը ապահովում է ազատ մրցակցային հարաբերություններ, որպեսզի գերիշխող դիրք ունեցողները չչարաշահեն իրենց գերիշխող դիրքը, մենաշնորհված ոլորտները ազատագրվեն մենաշնորհներից:
Հիմա մենք պետք է նախանձախնդիր լինենք, որ այս երկու հզորագույն մարմինները աշխատեն, որպեսզի կառավարությունը կարողանա լիարժեք իրականացնել տնտեսական թռիչք: Մենք որպես ընդդիմություն՝ պետք է պահանջատեր լինենք, որ այս մարմինները չաշխատենք այնպես, ինչպես աշխատել են նախկին իշխանությունների ժամանակ ու մինչեւ վերջերս»,-ասաց պարոն Բագրատյանը:
Նա ասաց, որ վարչապետին դիմել են, որ այդ կարեւորագույն գործիքակազմերը տրամադրի ընդդիմությանը. «Վարչապետը, ժամանակին լինելով ընդդիմության մեջ, իր բազմաթիվ ելույթներում միշտ ասել է, որ այդ երկու հանձնաժողովները պետք է անպայման տրվեն ընդդիմությանը, եթե համարում է, որ իշխանությունը աշխատում է պարզ, թափանցիկ եւ թաքցնելու ոչինչ չունի:
Կարդացեք նաև
Մենք այսօր պատրաստ ենք վերցնելու այս հանձնաժողովների ղեկավարումը՝ կանխելու համար մենաշնորհները, գերիշխող դիրքի չարաշահումները եւ ապահովելու իսկապես ազատ մրցակցային հնարավորություններ: Հետաքրքիր է, որ այս օրենքների համատեքստում որպես առաջին փորձաքար՝ ցեմենտի գնի վրա պետական տուրքի կիրառումը քննարկվեց: Թվում էր, թե այդ փորձաքարը պետք է պատշաճ կերպով հաղթահարվեր, բայց, ցավոք սրտի, իշխանական մեծամասնությունը չփորձեց օգտվել այս պարզ տրամաբանությունից՝ ապահովել ազատ մրցակցային հնարավորություն: Ընդհակառակը հնարավոր չեղավ փաստարկել, որ ոչ միայն պետք է ցեմենտի վրա պետտուրք դնել, այլեւ ցեմենտի հումք հանդիսացող կլինկերի վրա: Եթե պետտուրք չի կիրառվում կլինկերի վրա, բնական է, որ ցեմենտ արտադրող որեւէ ընկերություն այլեւս չի արտադրի դասական իմաստով բարձրորակ ցեմենտ, այլ կսկսեն արտադրել էժան կլինկերի հիմքի վրա էժան ցեմենտ, որի ապագան, խիստ անորոշ է եւ կասկածելի»:
Բագրատյանը պնդում է, որ չկա որեւէ փորձաքննություն, որ ապացուցի, որ էժան ցեմենտը որակյալ ցեմենտ է: Նրա խոսքերով, պետությունը չպետք է թույլ տա, որ էժանության հաշվին վտանգավոր զարգացումներ լինեն: «Ինչու պետք է Արարատ կամ Հրազդանի ցեմենտի գործարանները շարունակեն արտադրությունը եւ փորձեն վաճառել 40000 դրամով մեկ տոննան, երբ նույն ժամանակում կլինկեր կներկրեն տասը հազար դրամով, քսան հազար դրամով կվաճառեն շուկայում;
Ինչու պետք է Արարատի եւ Հրազդանի ցեմենտի գործարանները արտադրեն բարձրորակ ցեմենտ, պահեն այդքան աշխատատեղեր, գրեթե շահույթ չունենալով փորձեն աշխատել, այն դեպքում, երբ դրա կես գնով կարելի է վաճառել էժան, անորակ ապրանք, չպահել այդքան աշխատող եւ հանգիստ քնել…Գիտեք, որ Արարատի ցեմենտի գործարանը կառավարվում է այլ մարդկանց կողմից, սեփականատերը չի կառավարում, եւ եթե վաղը մեզանից որեւէ մեկը ցանկանա վերցնել հավատարմագրային կառավարման, մենք մեր ձեւով ենք աշխատելու, որպեսզի մեր բիզնեսը շահութաբեր լինի, եւ բնական է, որ էժան կլինկերից ստացված ցեմենտ կարտադրվի եւ կփակվեն աշխատատեղեր: Որեւէ մեկը չի ցանկանում դա անել, բայց նաեւ չի ցանկանա երկար ժամանակ վնասով աշխատել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ