«2018թ. օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Մարտի 1-ը բացահայտված է: Երեկ նա կրկնեց այդ միտքը՝ փոքր-ինչ ձեւափոխելով: Ասաց, որ գրեթե 100%-ով բացահայտված է: Կարող եմ պնդել, որ Մարտի 1-ն իր ընկալումների եւ իր կողմից հարուցված քրեական գործերի շրջանակում բացահայտված չէ, քանի դեռ բացահայտված չեն տասը զոհերի մահվան հանգամանքները, եւ այդ զոհերին մահ հասցրած մարդկանց ինքնությունը: Հետեւաբար, Մարտի 1-ը բացահայտված չէ, առավել եւս՝ 100%-ով, ինչպես Փաշինյանն է ասում»,-«ֆեյսբուքյան» ուղիղ եթերում այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա «ֆեյսբուքյան» ուղիղ եթերին, որի ժամանակ վարչապետը գնահատականներ էր հնչեցրել նաեւ Մարտի 1-ի գործի վերաբերյալ:
Փաշինյանի մյուս սուտը, ինչպես Արմեն Աշոտյանը բնորոշեց, վերաբերում է ընտրական օրենսգրքի բարեփոխումներին. «Նա ասաց, որ բարեփոխումները փորձելու է անել, բայց նախորդիվ դրանք իր մեղքով չեն տապալվել: Այստեղ երկու սուտ կա: Նա ասաց, որ ԸՕ նախորդ տարվա փոփոխությունների փաթեթին Վենետիկի հանձնաժողովը տվել էր դրական կարծիք, բայց կրկնեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում: Վենետիկի հանձնաժողովի նախագահի կարծիքը կարող եք գտնել հանձնաժողովի կայքում եւ թարմացնել հիշողությունը՝ հանձնաժողովը չի տվել դրական եզրակացություն, այլ ասել է, որ նման խորքային փոփոխություններ կարող են լինել բացառապես քաղաքական կոնսենսուսով»:
Աշոտյանը շարունակեց. «Իսկ երկրորդ սուտը վերաբերում էր «հանրապետականներին»: Նա ասաց, թե ՀՀԿ-ն մեկ ձայնով չանցկացրեց ընտրական օրենսգիրքը: Նորից հիշեցնեմ ձեզ եւ Նիկոլ Փաշինյանին, որ ՀՀԿ-ն դեմ էր այդ փոփոխություններին, որովհետեւ ընտրություններից քառասուն օր շուտ չեն կարող լինել ԸՕ խորքային բարեփոխումներ, եւ դրա մասին էր ասում նաեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահը, բայց մեկ այլ կարեւոր հանգամանք շեշտեմ՝ նախորդ տարվա աշնանն այլեւս ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն չէր: Ավելին, եթե ժամանակ ունենաք եւ նայեք այդ օրվա քվեարկությունը, կտեսնեք, որ Փաշինյանի թիմն ԱԺ-ում ունենալով բավարար ձայներ՝ անցկացնելու ԸՕ փաթեթը, պատշաճ չի հավաքագրել եւ չի աշխատել իրեն սատարող պատգամավորների հետ. եւ այդ մի ձայնի բացակայությունը վերագրելը ՀՀԿ-ին առնվազն սուտ է եւ ազնիվ չէ: Մենք դեմ ենք եղել, բայց նա դա կարող էր անել առանց մեզ էլ: Այդ մասին խոսել է նաեւ Դանիել Իոաննիսյանը, որին դժվար է մեղադրել «հանրապետականամերձ» եւ «հանրապետականասեր» լինելու մեջ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ