Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ Փաշինյանին. «Ձեր ԱԳՆ-ն քնել է, իսկ Ադրբեջանը խորամանկ եւ խրոխտ քաղաքականություն է վարում»

Ապրիլ 20,2019 14:22

«Շատ տարակուսելի է նաեւ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը մոտ քսան հարցի պատասխանելով հանդերձ՝ խուսափեց հասարակությանը հուզող գլոբալ հարցերից: Մասնավորապես, չլսեցինք նորություններ Արցախյան հակամարտության կարգավորման մասին: Մի՞թե վտանգավոր չէ, երբ հիմա դուք ուղիղ եթերով արձանագրում եք, որ ՀՀ հասարակությանը հուզող քսան հարցերի թվում ԼՂ հակամարտության հարցը չկա»,-«ֆեյսբուքյան» ուղիղ եթերում այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա «ֆեյսբուքյան» ուղիղ եթերին:

Արմեն Աշոտյանը հարցադրում արեց. «Արդյոք ԼՂ հարցը մեզ չի՞ հետաքրքրում՝ այն դեպքում, երբ կան բազում զարգացումներ, երբ ձեր ԱԳՆ-ն երկուսուկես օր քնում է, հետո՝ արթնանում եւ սկսում պատասխանել իբր Մամեդյարովին, բայց իրականում՝ «լսեցնելով» Լավրովին: Ակնհայտ է, որ վերջին հանդիպումից հետո ադրբեջանական կողմը շատ խորամանկ եւ խրոխտ քաղաքականություն է վարում, իսկ մեր ԱԳՆ-ն քնել է: Մեր ԱԳՆ-ն այս կերպ եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի եւ ՌԴ-ի արտգործնախարարները համաձայնեցված են աշխատում՝ իրար սատարելով, իսկ ՀՀ-ի հանդեպ ձեւավորվում է ոչ պատշաճ մթնոլորտ: Խոսեիք Արցախի մասին: Գուցե ես հիմա սխալ եմ ասում, բայց դուք խոսեինք այդ մասին, դա շատ կարեւոր էր»:

Արմեն Աշոտյանի բնորոշմամբ. «Պարզվում է նաեւ, որ Վիեննայում Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի բավարարվել միայն մարդասիրական նախագծերի քննարկմամբ: Սրա մասին եւս պետք է պատմեիք՝ գոնե սկզբունքների մասին: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը մեր մեծամտության եւ ժողովրդի միամտության արդյունք է: Ցավոք, կարծում եմ՝ այս ձեւակերպումը մոտ է իրականությանը: Այսօրվա հասարակության խնդիրն այն է, պարոն Փաշինյան, որ դուք ինքներդ ձեզ չեք վերաբերվում ձեր պաշտոնին համապատասխան լրջությամբ: Շտկեք ձեր վերաբերմունքը վարչապետի պաշտոնի հանդեպ, որովհետեւ վարչապետն այլ պարտավորություններ եւ գործառույթներ էլ ունի»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930