«Մենք գտնում ենք, որ կառավարության կառուցվածքը չի սպասարկում Կառավարության ծրագրին, այսինքն այս Կառավարության կառուցվածքը եւ ծրագիրը հեղափոխական ընթացք չեն ապահովի»,-«Պոստ Սկրիպտում» ակումբում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Կառավարության ծրագրում՝ թվերով արտահայտված զարգացումները տեսանելի չէին, հիմա էլ այդ ոչ տեսանելի թվերին համարժեք կառուցվածք է: Մենք գերակա ուղղությունը համարելով գյուղատնտեսության, էներգետիկայի զարգացումը՝ Կառավարության կառուցվածքում չունեցանք ոչ գյուղատնտեսության նախարարություն, ոչ էներգետիկայի:
Ասում ենք՝ մշակութային երկիր ենք, բայց վերացնում ենք մշակույթի նախարարությունը, ասում ենք՝ մեզ համար գերկարեւոր են Սփյուռքի հետ հարաբերությունները, Սփյուռքի նախարարությունը վերացնում ենք…Չգիտեմ հանձնակատարի ինստիտուտը կկարողանա սպասարկել Սփյուռքի նախարարության բոլոր գործառույթները: Դա մեզ համար առնվազն տեսանելի չէ»,-ընդգծեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը:
Նա ասաց, որ բանավոր կարգով առաջարկություններ են արել, հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ կառավարության կառուցվածքը ներկայացնելու մենաշնորհը իշխանական խմբակցությանն է՝ թույլ տալով, որ իրենք որոշեն իրենց աշխատաոճը:
Կարդացեք նաև
«Եթե մենք եռաստիճան նայենք կառավարության քայլերը, ասենք տնտեսական հեղափոխություն են ազդարարում, տնտեսական հեղափոխությանը սպասարկող ծրագիր ու կառուցվածք, սակայն այս երեք ինստանցիաներում ներդաշնակություն չենք տեսնում…Մի գուցե կառավարությունն ա՞յլ գործելաոճ է որդեգրել: Ամեն դեպքում, մենք այս ամենը համարել ենք խնդրահարույց, դրա համար դեմ ենք քվեարկել Կառավարության կառուցվածքին»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:
Նա նշում է, որ հաճախ իշխանական խմբակցությունը դժգոհում է, թե իրենց լավ քայլերի մասին չեն խոսում, սակայն, Բագրատյանի ձեւակերպմամբ, իրենք ընդդիմություն են, եւ իրենց խնդիրը իշխանության բացերի մասին բարձրաձայնելն է:
«Ամեն դեպքում, վերջին երկու օրերի ընթացքում ավելի կոնստրուկտիվ հարաբերություններ են զարգանում, ԱԺ-ում ավելի բովանդակային քննարկումներ են»,-ասաց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ