«Չէի կարող անուշադրության մատնել Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը: Հետաքրքիր էր հասկանալ, թե արդյոք մեր երկիրը ղեկավարող մարդը կորցրե՞լ է ադեկվատության զգացումը, թե վերագտել է այն»,- «ֆեյսբուքյան» ուղիղ եթերում այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա «ֆեյսբուքյան» ուղիղ եթերին, որի ընթացքում նա պատասխանում էր օգտատերերի հարցերին: «Իրականում այդ երկար-բարակ խոսքը հերթական մաստեր-կլասն էր Փաշինյանի՝ խոսել երկար եւ ոչինչ չասել: Նա կարծես թե «ֆեյսբուքյան» ասուլիս էր հրավիրել բացառապես սեփական ընկալումների շրջանակում PR անելու համար եւ ասաց բազմաթիվ հին ու նոր ստեր: Կարճ անդրադառնամ այդ ստերին»,- այսպիսի բնորոշում տվեց Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի ուղիղ եթերը նվիրված է իր խոստումների իբրեւ թե կատարմանը, իսկ վարչապետի «100% կատարել եմ» ձեւակերպումներն առնվազն կոռեկտ չէին. «Բայց մի քանի փաստեր պարզապես աղաղակող էին: Փաշինյանն ասում է, որ իր խոստումը՝ պետական բյուջեն կարճ ժամանակում 30-40%-ով ավելացնելու, այլեւս իրականություն է, որովհետեւ 2018 թ.-ին բյուջեն եկամտային մասով ավելացել է 10%-ով, իսկ 2019 թ.-ին կանխատեսվում է մինչեւ 5%-ի ավելացում: Անգամ եթե այդպես է, թեեւ այդ թվերը բավականին վիճելի են, տնտեսագետները կփաստեն դա, բայց պարզ մաթեմատիկան ցույց է տալիս, որ եթե անգամ Փաշինյանը ճիշտ թվեր է ներկայացրել, ապա երկու տարվա կտրվածքով 10+5%-ները չեն տալիս իր խոստացած 30-40%-ը: Բացի այդ, պետական բյուջեի եկամտային մասն անգամ 2018թ.-ին արդեն ծրագրված էր որպես նախորդ տարվա հանդեպ ավելի դրական սպասումներով բյուջե: Այսինքն, միեւնույն է, այդ բյուջետային եկամուտները պետք է ավելանային: Վստահ եմ, որ իր բացակայության դեպքում, եթե ՀՀ-ում իշխանափոխություն չլիներ, պետական բյուջեն էլ ավելի կմեծանար»:
Մյուս սուտը, որն, Արմեն Աշոտյանի բնորոշմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը, «Սաշիկի արագաչափերն» են. «Նա փորձեց, կներեք բառիս համար, «սղցնել» (այլեւս ներողություն չեմ խնդրելու, որովհետեւ այսպիսին է երկրի ղեկավարի կողմից փաստացի հասարակությանը պարտադրված քաղաքական լեքսիկոնի մակարդակը՝ Ա․Ա․)… նա խոսեց բացառապես այն մասին, որ հայտարարել է չմուծված տուգանքների համաներում, բայց այդպես էլ չբացատրեց, թե ինչու է մինչ օրս օգտագործում «Սաշիկի արագաչափեր» ձեւակերպումը: Արդյոք այս մեկ տարում նա կարողացե՞լ է ապացուցել, որ այդ արագաչափերը Սաշիկինն էին՝ Սաշիկ Սարգսյանինը: Ոչ: Ավելին՝ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, իսկ այսօր՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը քանիցս խոստովանել է, որ այդ արագաչափերը երբեք Սաշիկ Սարգսյանին չեն պատկանել: Հարց է առաջանում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում մեր եւ ձեր ականջներին կախել այս մակարոնը: Ի՞նչ «Սաշիկի արագաչափեր», ո՞ւր է այդ մասին վկայությունը կամ ապացույցը: Այս հարցով եւս Փաշինյանը մեզ ու ձեզ երեկ փորձեց խաբել»:
Այլ մանրամասները՝ հաջորդիվ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ