Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ոչ միայն նոր քաղաքական ոճ է հիմնադրել, այլեւ նոր հեռանկար ստեղծել՝ ՏՏ ոլորտում․ «Ազգ»

Ապրիլ 20,2019 12:49

Գերմանական ռադիոն` «Դոյչլանդֆունկը», որ անցյալ տարի ապրիլ-մայիսից սկսած ամենօրյա լուսաբանմամբ անդրադառնում էր Հայաստանում ծավալվող իրադարձություններին, հայկական «թավշյա հեղափոխության» մեկամյակին նվիրված 23 րոպեանոց հաղորդում է պատրաստել: Քրիստոֆ Քերսթինգի հեղինակած 17 րոպեանոց ռեպորտաժը, որի տպագիր տարբերակը ռադիոյի կայքէջում առանձնանում է լուսանկարների ուղեկցությամբ, ռադիոտարբերակում ներկայացվում է առավել ամբողջական` խորացված. հաղորդավարը ռեպորտաժի ավարտին հարցազրույց է վարում Թբիլիսիում գտնվող «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Նինո Լիժավայի հետ, քննարկում Հայաստանի արտաքին քաղաքական արդի վիճակը: Տեղի սղությունը պարտադրում է ամփոփ անդրադարձ:

Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի վարչապետն է: Նա ոչ միայն քաղաքական նոր ոճ է հիմնադրել, այլեւ նոր հեռանկար է ստեղծել մարդկանց համար, օրինակ` ՏՏ ոլորտում, ներկայացնում է հեղինակը ծավալուն ռեպորտաժի սկզբում` հյուրընկալվելով Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում (ԳԿՏ), որ 2015-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ կառավարությունն է հիմնել: 19-րդ դարի գորշ շենքի արտաքին տեսքին հակադրվում է ներքին հարդարանքը՝ լուսավոր գունագեղ պատերից, ոճային կահույքից ելնելով, սա կարող էր Բեռլինում, Ամստերդամում կամ Հելսինկիում լինել, նկատում է հեղինակը:

Առաջին զրուցակիցը կենտրոնի տնօրեն 24-ամյա Բելլա Հարությունյանն է, որ 16 տարեկանում մեկնել է ԱՄՆ, ուսումնառել 6 տարի, հետո ինքն իրեն հարց տվել՝ ինձ նման մասնագետի կարիք ավելի շատ ԱՄՆ- ն, թե՞ Գյումրին ունի: Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտն ամենաարագ աճ արձանագրողն է, եւ հենվելով Գյումրիում գործող այս կենտրոնի արդյունքներին, ապագայում միգուցե մասնագիտական կրթություն ստանալու համար հայ երիտասարդներն անհրաժեշտություն չունենան մեկնել արեւմտաեվրոպական կամ ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատություններ: Իսկ այն, որ Հայաստանում աշխատանք չկա, եւ դրա պատճառով մարդիկ երկիրն են լքում, Հարությունյանը հետեւյալն է փոխանցում՝ 12 000 ազատ հաստիք կա ՏՏ ոլորտում, այդ աշխատանքը կատարող մասնագետներ պարզապես չունենք:

Ռադիոռեպորտաժը պատմում է Գյումրին աղետի գոտի դարձրած երկրաշարժի ու դրա հետեւանքների մասին՝ մասնավորապես արձանագրելով, թե 10 000 մարդ 30 տարի անց էլ «դոմիկներում» է ապրում: Բայց փոփոխություն կա ընդերքի հանածոներով, գյուղատնտեսությամբ ոչ հարուստ Հայաստանում, նկատել է տալիս հեղինակը՝ Փաշինյան վարչապետի ժողովրդին փոխանցած հույսը՝ «Քարերի երկիրը» ՏՏ կենտրոն դարձնելու ծրագիրը վկայակոչելով:

16- ամյա Սարգիս Մխիթարյանն իր հասակակից 20 աղջիկ- տղաների հետ ԳԿՏ- ի դասասենյակներից մեկում ծրագրավորման խնդիրներ է լուծում, դասընթացին հաճախում են շաբաթական 2 անգամ, կամավոր: Ծախսերը մեծ մասամբ հոգում է ռուսական ինտերնետային մատակարար Յանդեքսը, մյուս մասը՝ պետությունը: Պիտի այլեւս միայն ծանր անցյալի ու երկրաշարժի մասին պատկերներով չզբաղեցնենք մեզ. Հայաստանում իրական փոփոխություններն առկա են, ասում է Բելլա Հարությունյանը՝ նկատել տալով, թե տարիքն առած մարդիկ հակված են հոռետեսության, իրենց հույսը երիտասարդներն են: Փոփոխությունները պայմանավորված են Նիկոլ Փաշինյանով: 43- ամյա լրագրողին հաջողվեց այն, ինչը ոչ միայն բազմաթիվ հայեր, այլեւ դրսի քաղաքական դիտորդներ հազիվ թե հնարավոր էին համարում մի երկրում, որ 1990- ականներից ի վեր ուշադրության էր արժանանում կոռուպցիայի եւ հովանավորչության պատճառով, պատմում է Քրիստոֆ Քերսթինգը՝ համառոտ ներկայացնելով Փաշինյանի ղեկավարած ոչ բռնի՝ հեղափոխության հաղթական ընթացքը:

 

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930