Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Թումասյան․ «Այս պահին անօթևանության խնդիրների նկատմամբ շատ լուրջ վերաբերմունք ես չեմ տեսնում»․ «Փաստ»

Ապրիլ 20,2019 12:35
Նախորդ տարվա դեկտեմբերին վարչապետի որոշմամբ Գյումրու վագոն–տնակների, ինչպես նաև խնդրից բխող մի շարք հարցերի շուրջ ստեղծված աշխատանքային խումբն արդեն տվյալներ ունի:
«Ամբողջական պատկերն արդեն պարզ է, թե քանի տնակ կա: Տնակների հաշվառման վերաբերյալ դեռ նախորդ կառավարության կողմից էր որոշում կայացվել, բայց նոր կառավարությունը ևս մեկ անգամ ճշգրտումներ անելու որոշում կայացրեց: Հիմա մոտ 2850 տնակ կա Գյումրիում, բայց հարցն այն է, որ այդ թիվը անօթևանության խնդրի մասին ամբողջական պատկերացում տալ չի կարող: Բնական է, որ հաշվառված չեն լինի կիսախարխուլ կամ վթարային շենքերը, որոնք դեռ 20-30 տարի առաջ պետք է ամրացվեին: Հիմա մարդիկ ապրում են նման շենքերում, որոնք բնակեցման ենթակա չեն»,- «Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնեց աշխատանքային խմբի անդամ, «Շիրակ կենտրոն» հ/կ ղեկավար Վահան Թումասյանը:Նրա խոսքով, իհարկե, ճիշտ էր տվյալներ հավաքելը, բայց որևէ մեկին անհայտ չէր խնդիրը. «Ի վերջո, նոր բանի մասին չէինք խոսում: 30 տարի այդ խնդիրը կա: Ուղղակի առաջին հերթին իշխանությունը պետք է հասկանար, թե իրենք ինչի՞ են ի վիճակի: Իրենք կարո՞ղ են այսինչ քանակության բնակարաններ հատկացնել կամ, օրինակ՝ վթարային շենքերն ամրացնել: Այդ ամենին զուգահեռ համատեղ ճշգրտման աշխատանքներ կարող էին տանել, բայց մեկը մյուսի հաշվին չպետք է լիներ: 6 ամիս է, ինչ ճշգրտման փուլն է: Մեծ հաշվով, ես այս տարի անօթևանության խնդրի լուծման հարցում որևէ ռեալ գործողությունների չեմ սպասում: Տա Աստված՝ սխալվեմ, շատ արագ որոշում կայացնեն, շինարարություն սկսեն, բնակարաններ բաժանեն, բայց ժամանակի վրա ենք աշխատում»:

Վահան Թումասյանի խոսքով, խնդրի լուծման ճանապարհներ պետք է լինեն:

«Հարյուրավոր ընտանիքներ, որոնք կացարաններում ծայրահեղ ծանր վիճակում գոյատևում են, ՀՀ կառավարության 432 որոշման չափորոշիչների պատճառով չեն կարող պետության կողմից բնակարաններ ստանալ: Ես նոր որոշման անհրաժեշտություն եմ տեսնում: Նոր որոշման հիմքերն, այդուհանդերձ, նշմարվում են: Եթե նշված որոշումը շարունակի գործել, ապա մենք առհասարակ որևէ շահառու չենք կարող գտնել: Անհեթեթ վիճակ է, մարդկանց հերթագրում են, բայց կա որոշում, ըստ որի՝ պետությունը չի կարող բնակարան փոխհատուցել, որովհետև չափորոշիչներին չեն համապատասխանում: Իսկ նոր որոշումը ոչ միայն քաղաքաշինական, այլև սոցիալական պետք է լինի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ եղել են դեպքեր, երբ փոխհատուցված բնակարանը նորմալ պայմաններ չի ունեցել, ինչպես նաև մեծ ընտանիքին փոքր բնակարան է փոխհատուցվել:

«Միայն տնակ հաշվելով՝ անօթևանության խնդիր չենք կարող լուծել: Այս պահին անօթևանության խնդիրների նկատմամբ շատ լուրջ վերաբերմունք ես չեմ տեսնում»,-հավելեց նա:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930