Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՊԵԿ պաշտոնյաներից որեւիցե մեկը որեւիցե առնչություն չունի գազալցակայանների եւ բենզալցակայանների ոլորտի հետ․ «Հայկական ժամանակ»

Ապրիլ 20,2019 11:51

Ապրիլի 18-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն ամեն օր տեղեկացնում են, որ գազալցակայանները չեն տալիս կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս: Վարչապետը նշեց, որ բոլոր գազալցակայաների եւ բենզալցակայանների հետեւում կանգնած են կոնկրետ մարդիկ եւ հետաքրքրվեց ԱԱԾ տնօրենից եւ ոստիկանապետից, թե ինչու այդ հարցը չեն լուծում: Վարչապետը ՊԵԿ-ին հորդորեց, որ խախտում թույլ տվողներին թեկուզ օրական 1000 անգամ տուգանեն:

«Հայկական ժամանակ»-ը թեմայի վերաբերյալ զրուցեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ:

– Պարոն Մաշադյան, երեկ կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ բենզալցակայաններն ու գազալցակայանները ՀԴՄ չեն տալիս: Դրանից հետո նաեւ ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որ 71 գազալցակայաններում միջոցառումներ են իրականացվում: Մինչ վարչապետի գործողություններ իրականացնելու մասին կոչը, ՊԵԿ-ը տեղյա՞կ էր այս խնդրի մասին:

– Ոլորտը նոր չէ, որ մեզ համար ռիսկային է համարվում: Մենք սկսած մայիսի 1-ից գազալցակայաններում 475 ստուգողական միջոցառում ենք իրականացրել: Այդ 71 հատից բացի, որն ընթացքի մեջ է գտնվում, 75 հատն էլ արդեն ավարտել ենք:

– Ի՞նչ հաճախականությամբ է ՊԵԿ-ը ստուգումներ իրականացրել վերջին մեկ տարվա ընթացքում ԱԳԼՃԿ-ներում եւ բենզալցակայաններում:

– Մենք մեր հսկողական աշխատանքները իրականացնում ենք ռիսկերի վերլուծության հիման վրա: Այդ ռիսկերն ինչպես են գնահատվում. մենք ամեն ամիս «Գազպրոմ»-ից տեղեկություն ենք ստանում, թե ինչքան գազ է մատակարարվել այս գազալցակայաններին: Այդ ստացված տվյալները դառնում են հիմնական վերլուծական այն տվյալները, որոնց հետ սկսում ենք համադրել աշխատողների թվաքանակ, ՀԴՄ-ով տպված կտրոնների հաճախականություն եւ այլն: Բազմաթիվ բաներ կան, որ վերլուծում ենք: Բացի դրանից տեղի են ունենում ռիսկերի նույնականացումներ: Ամբողջ ինֆորմացիան մշակելուց հետո նախաձեռնում ենք հսկողական միջոցառում, եթե խոսքը ՀԴՄ կտրոն տրամադրելու մասին է:

Մեզ օգնում են նաեւ քաղաքացիները: Եթե մենք բողոքներ ենք ունենում այս կամ այն կտրոն չտրամադրելու հետ կապված՝ անմիջապես միջոցառում ենք իրականացնում: Բայց ի՞նչ խնդիր ենք մենք ունենում այդ հսկողական աշխատանքների մեջ. իմ գնահատմամբ՝ գազալցակայաններում ներկա պահին ՀԴՄ կտրոն չտրամադրելը կարող է տատանվել մոտավորապես 10-ից 15 տոկոսի շրջանակներում: Եթե գազալցակայանը գիտի, որ պիտի 15 տոկոս ՀԴՄ չխփի, որ իր թվերի մեջ տեղավորվի, նա ՀԴՄ չի տրամադրում իրեն ծանոթ, մշտական հաճախորդներին:

Այսինքն, եթե գնում են մեր տեսուչները, գազալցակայանները կտրոնը տրամադրում են: Եթե գնում է իր ընկերը, իր բարեկամը կամ իր ամենօրյա հաճախորդը, այ նրանց հնարավոր է, որ չտրամադրեն: Օրենսդրորեն մենք խնդիր ունենք դա արձանագրելու հետ: Եթե տեսուչը տեսավ, որ իր դիմացի մեքենային չտվեց ՀԴՄ կտրոն, նա չի կարող դա արձանագրել: Մինչեւ ինքը չառնի, չտա, այդ դեպքում նա խախտում արձանագրելու իրավունք չունի: Սա մեզ համար օրենսդրական խնդիր է ու ոչ միայն գազալցակայաններում: Թաղային խանութներ էլ կան՝ շենքերի միջակայքում: Տեսնում ենք, որ մեծ առեւտուր կա այդտեղ, տեսուչը հերթի մեջ կանգնած է, իր դիմացի մարդուն կտրոն չեն տալիս, բայց իրեն տալիս են ու տեսուչը չի կարողանում խախտում արձանագրել, որովհետեւ օրենքով ինքը պետք է անի այդ գնումը:

– Ի՞նչ չափով տուգանքներ են նշանակվում այդ տնտեսվարողների նկատմամբ ու արդյո՞ք այդ չափը այնքան է, որ պետք է նրանց սթափեցնի եւ օրինականության դաշտ բերի:

– Տուգանքի չափերը բոլոր ոլորտներում նույնն են: ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար առաջին դեպքում 150 հազար դրամ է, տարվա մեջ երկրորդ անգամ կրկնվելու դեպքում՝ 300 հազար դրամ է:

– Վարչապետը նաեւ ասաց, որ կոնկրետ մարդիկ են կանգնած գազալցակայանների եւ բենզալցակայանների հետեւում: Ովքե՞ր են այդ մարդիկ:

– Ճիշտն ասած, ներկա պահին՝ սկսած անցած տարվա մայիս ամսվանից, մեզ բացարձակ չի հետաքրքրում, թե որ տնտեսվարողի հետեւում ով է կանգնած:

– Արդյո՞ք ԱԱԾ կամ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները առնչություն ունեն գազալցակայանների եւ բենզալցակայանների բիզնեսների հետ:

– Քանի որ ես կոմիտեի նախագահի առաջին տեղակալն եմ, պաշտոնապես հայտարարում եմ՝ ՊԵԿ պաշտոնյաներից որեւիցե մեկը՝ հատկապես բարձրաստիճան, որեւիցե առնչություն չունի այդ ոլորտների հետ ընդհանրապես:

 

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930