Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տոնը վերանվանելու տարբերակներ

Ապրիլ 20,2019 10:00

Քաղաքացու օր նշելու համար կառավարությունը որոշել է հատկացնել 124 միլիոն դրամ: Քննադատությունները շատ են՝ ինչո՞ւ այդքան շատ: Իմ կարծիքը հետեւյալն է. եթե իսկապես պետք է նշվի Քաղաքացու օր, ապա այդ գումարն «ափսոս չէ»: Պարզապես ես ենթադրում եմ, որ ի հեճուկս անվան, նշվելու է բոլորովին այլ օր:

Քաղաքացու օր նշելու համար պետք է նախ որոշել Հայաստանում ապրողներից ովքեր են քաղաքացի, ովքեր՝ ոչ: Եթե դա զուտ իրավական կատեգորիա է, ապա ՀՀ անձնագիր ունեցողները, այդ թվում անգամ նրանք, ովքեր ունեն նաեւ այլ երկրների անձնագիր, այդ բոլոր մարդիկ պետք է նշեն տվյալ տոնը: Բայց դա առանձնապես իմաստ չունի, որովհետեւ այդ դեպքում կորում է տոնի քաղաքական իմաստը: Ինքնին հասկանալի է, երբ ասում ենք՝ «Քաղաքացու օր», «քաղաքացի» հասկացության մեջ ներդնում ենք որակական իմաստ:

Բայց այդ պարագայում անձնագիր ունեցողների միջեւ առաջանում են բաժանարար գծեր: Կա՞ն արդյոք հպարտ եւ ոչ հպարտ քաղաքացիներ, հպարտների մեջ կա՞ն առավել եւ պակաս հպարտներ: Արդյոք նրանք, ովքեր մի տարի առաջ չեն քայլել եւ փողոցներում մեքենաների առաջ չեն պառկել, նրանք քաղաքացինե՞ր են: Իսկ նրանք, ովքեր փողոց փակելուց առաջ տարիներ շարունակ մասնակցել են ընտրություններ կեղծելու գործընթացի՞ն: Իսկ նրանք, ովքեր պառկելուց հետո շարունակել են գողանալ եւ խաբե՞լ: Արդյո՞ք քաղաքացիներ են միայն Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին ատողներն ու հայհոյողները: Թե՞ քաղաքացի են նաեւ նրանք, ում սրտում ոչ մեկի նկատմամբ ատելություն չկա: Քաղաքացի՞ էր արդյոք մաքսատան այն պաշտոնյան, որին հրապարակավ նվաստացնում էր վարչապետը: Թե՞ քաղաքացի լինելու դեպքում նա հրաժարական չէր տա եւ կպահանջեր ծառայողական քննություն: Մի խոսքով՝ եթե կան բաժանարար գծեր «մերոնց» եւ «օտարների», «սեւերի» եւ «սպիտակների», «հրեշտակների» եւ «թալանչիների», «նիկոլականների» եւ «ոչ-նիկոլականների», «հաղթողների» եւ «պարտվողների» միջեւ, ուրեմն նշվելիք տոնը Քաղաքացու օր չէ, տոնը պետք է այլ կերպ կոչել:

Առաջարկում եմ տոնը վերանվանելու տարբերակներ՝ «Հեղափոխության առաջին տարեդարձ», «ՀՀԿ-ի դեմ տարած հաղթանակի օրը», «Քաղաքացիական պայմանագրի» («Իմ քայլի») օր, «Թալանչիներին վերացնելու օր»: Վստահ եմ, որ այս դեպքում էլ իշխող կուսակցության ուրախությանը կմիանան տասնյակ հազարավոր մարդիկ, եւ անկեղծ ոգեւորությամբ կմասնակցեն միջոցառումներին: Բայց նման անվանում ունեցող օրվա համար պետական բյուջեից չարժե գումար հատկացնել: Իշխող քաղաքական ուժն այլ տեղից էլ կարող է, հավանաբար, միջոցներ գտնել:

Քաղաքացու օրը ենթադրում է ԲՈԼՈՐ քաղաքացիների միասնություն: Իսկ նման մթնոլորտ առայժմ չկա:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Թող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 124 մլն դրամը տրամադրի որբ երեխաներին, միայնակ մայրերին, քաղցից մեռնող ու լքված ծերերին…
    Գեղցիները հայտարարեցին տոն քաղաքացիների համար:
    Բա գյուղացու/մշակի տո՞նը:

  2. Aha says:

    So about 257 000 USD for celebrations, it’s a pure wasting of much needed public money! More generally, I think the state should have a policy of not spending a dime on frivolous celebrations of any kind until the nominal GDP per capita reaches 10 000 USD. That would be in line with the spirit of the revolution.

  3. Լավատես says:

    Մի տարեկան երեխան էլ մեծի հետ համեմատած շատ բանի չի հասել, ուրեմն չնշե՞նք երեխայի ծնունդը: Ուրիշ բան, որ երեխան իսկական հայ դաստիարակության, պաշտպանության, գիտելիքների ու սիրո մեծ պահանջ ունի, որն էլ մեր ազգի նվիրյալները կապահովեն:
    Տնտեսական հեղափոխություն նշանակում է, որ վարձու աշխատանքը պետք է գնահատվի որպես ստրկական աշխատանք եւ օրենքի ողջ խստությամբ դատապարտվի, պետք է լինի երկու տեսակի աշխատանք՝ մասնավոր աշխատանք եւ պետական ծառայություն ու վերջ: Մենաշնորհային տնտեսություն իրավունք ունի վարել միայն պետությունը, քաղաքացին սկզբից պետք է ապահովի պետության տնտեսական պահանջները եւ դրա համար պետությունը միջոցներ պետք է տրամադրի նրան, հետո նոր դուրս գա միջազգային շուկա: Եւ պետք է ունենանք երկու տեսակի դրամ՝ զուտ ներքին շրջանառության համար, որը խիստ շրջափակման կամ պատերազմական պայմաններում պետք է ապահովվի տնտեսության ու մնացած բնագավառների անխափան աշխատանքը եւ դրսի դրամ, որը կարող է փոխանակվել դրսի արժույթների հետ, սա էլ առաջանում է դրսում վաճառված արժեքների շնորհիվ, բայց այս գումարները կարող են շրջանառվել միայն դրսում: Հեռուստատեսությամբ եւ հատկապես համացանցով քաղաքացուն պետք է շուրջօրյա դաստիարակչական ու գիտելիքների ու հոգեւոր դասեր տրվեն զուտ ազգային ոգով եւ ուժային, եւ քաղաքական ու տնտեսական ոլորտներում: Այստեղ այլընտրանքային տրամաբանություն է պահանջվում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930