Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավորները՝ «փչացած Եվրոպայի սեքսուալնի հաճույքների» ու Հայաստանի դեմ ԵԽԽՎ բանաձեւի մասին

Ապրիլ 20,2019 15:00

Վարդան Ղուկասյանը տրանսգենդերների մասին իր կոչերից հետ չի կանգնում՝ «Դրանց հավաքես հրապարակը, մենք ծուխից կփախնենք Հայաստանից»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր մտահոգությունն էր հայտնել, որ ԵԽԽՎ-ում բանաձեւի նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որտեղ ասվում է, որ Հարավային Կովկասում սեռական փոքրամասնությունների եւ տրանսգենդեր անձանց իրավունքների ոտնահարում կա: Բանաձեւում ձեւակերպումներ կան, որտեղ Հարավային Կովկասի 3 երկիր՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, դատապարտվում են, ու Հայաստանը հավասար դաշտում է Ադրբեջանի հետ: Ըստ Մարուքյանի, եթե այդ բանաձեւն ընդունվի, Հայաստանը խնդիրներ է ունենալու. «Երբ որ այստեղ մի բան եք անում, պետք է մտածեք: Այն, որ ԱԺ-ի դիմաց կանգնած՝ ասում էին՝ պետք է վառել, քառատել, կտրտել՝ այ էդ դեպքերն են հիմքում»:

«Առավոտը» ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին հարցրեց՝ նաեւ դուք եք տրանսգենդերի հետ կապված նման արտահայտություններ արել հրապարակային ու հիմա, եթե այդ բանաձեւն ընդդեմ Հայաստանի ընդունվի, դուք ձեզ մեղավոր չե՞ք զգա, չե՞ք զղջացել, որ ասել եք: Նա պատասխանեց. «Մենք ոչ թե պիտի վախենանք Եվրամիությունից, մենք պիտի վախենանք էն ուժից, որը ստեղծել է Եվրոպան: Ես վախենում եմ Աստծո դատաստանից եւ Աստծո բարկությունից, որ չթափի հայոց ազգի գլխին: Լավ իմացեք՝ ջրհեղեղը ա՛յ նմանատիպ մեղքերից Աստված արեց, Սոդոմ-Գոմոր քաղաքները Աստված այդ այլանդակ մեղքերից ավիրեց, Բաբելոնը՝ նույնությամբ: Հիմա ատոմային բո՞մբն է ավելի հզոր, թե՞ բարձյալ Աստված: Ես գտնում եմ, որ Աստված: Մենք մեր հույսը պիտի կապենք ոչ թե Ամերիկայի, ոչ թե, ասենք, Ռուսաստանի……լավ գիտեցեք, էդ պետություններն էլ է էդքան հզորացրել Աստված: Մարդիկ կան, որ մամոնա են պաշտում, իրենց պաշտամունքը փողն է եւ աթոռը, կամ էդ սեքսուալնի հաճույքները, մեզ համար ապրելակերպը այլ է: Մեր մեծերից շատերն ասել են՝ եթե ուզում ենք, որ մենք, որպես պետություն, մնանք մինչեւ ահեղ դատաստան, աշխարհի վերջը, ուրեմն պետք է մեր ընտանիքը սուրբ պահենք: Մենք պետք է կարողանանք մեր մաքրությունը սրբորեն պահենք, ոչ թե տղամարդը կին դառնա, կնիկմարդը՝ տղամարդ, ես չեմ էլ պատկերացնում դա ինչ բան է, չեմ էլ խորացել դրա մեջ, հավատացեք, չգիտեմ էլ, թե դրանք ինչ են անում, ոնց են անում, չեմ էլ ուզում ականջներս կեղտոտել ու չեմ էլ ուզում անդրադառնալ դրանց ընդհանրապես»:

Մեր դիտարկմանը՝ դուք պատգամավոր եք եւ կոչ եք անում, ասում եք՝ դրանց հրապարակում կարելի է վառել՝ Ղուկասյանն արձագանքեց. «Գիտեք, որ դրանց հավաքես հրապարակը, մենք ծուխից կփախնենք Հայաստանից: Դուք այդպես բառի բուն իմաստով մի ընդունեք»: Երբ ասացինք, որ մենք չենք ընդունում, բայց Եվրոպայում արդեն բանաձեւ են բերել՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Եվրոպայում իրանք փչացել են, ուզում են մեզ էլ փչացնել, հիմա դուք ուզում եք էդպես դառնա՞ք: Ամոթ է, մենք էդ բանից շատ հեռու մնանք, մենք էդ անունը չպիտի տանք, էս ավանդապաշտ ազգն իրավունք ունի՞ դրանց շատ անդրադառնալու: Դուք պատկերացնո՞ւմ եք դա ինչ է, էգուց քո տղա երեխան գա, իր հետ մի հատ տղա բերի, կամ դրանց տանի տուն, բան……Մենք ընդունում ենք հավասարությունը, ամեն ինչ ընդունում ենք, բայց դա չենք ընդունում, ազգովի՛ չենք ընդունում»:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նույնպես չէր զղջում իր ասածների համար: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Իմ բոլոր արտահայտությունները տեղավորվում են իրավունքի եւ բարոյականության, մեր ազգային արժեհամակարգի շրջանակներում, եւ ես որեւէ բանի համար չեմ զղջում, քանզի ես արտահայտվելուց առաջ գիտակցում եմ ինչ եմ արտահատում: Ասել եմ ու կրկնում եմ՝ Հայաստանում մենք պետք է հոգ տանենք մեր ազգային արժեհամակարգը պահպանելու, մեր ընտանիքները պահպանելու, Առաքելական եկեղեցու հավատը պահպանելու ուղղությամբ: Հիմա դա Եվրոպայում ում քիմքին հաճելի չէ՝ մեզ շատ քիչ է հետաքրքրում: Մենք հասկացանք, որ պետք է եվրոպական մշակույթին ինտեգրվենք, եվրոպական քաղաքականությանը, բայց մենք չպիտի ինտեգրվենք մեզ կործանելու հաշվին: ԲՀԿ-ն, իր ղեկավարի գլխավորությամբ, աներկբայորեն պահպանում է այդ գիծը, որ մենք հարգում ենք եվրոպական արժեքները, պահպանում ենք դրանք այնքանով, որքանով չենք խորտակում մեր ազգայինը»: Երբ ասացինք ԵՄ դեսպան Սվիտալսկու խոսքերը՝ «չընդունել, չի նշանակում չհանդուրժել»՝ Պետրոսյանն արձագանքեց. «Կներեք, էլի, ասենք թե էդ տրանսգենդերներից մեկը մեր տան դուռը ենթադրենք թակի, կամ իմ հարեւանի դուռը, ասի՝ ես եկել եմ ձեր տուն իմ գաղափարները քարոզելու, ես ասեմ՝ իրավունք չունեմ ձեզ թույլ չտալ, որովհետեւ դա անհանդուրժողականությո՞ւն կլինի: Մի քիչ պետք է, ով որ այդ բանը ասել է, մտածի դրա մասին: Հերիք է մենք էդ եվրոպական արժեքները իբր թե քաղաքավարի լինելու, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու անվան տակ ընդունենք՝ մեր ազգայինը կործանելով: Ի վերջո ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, մեր ինքնիշխանությունը նաեւ մեր հավատի, մեր ավանդական արժեհամակարգը պահելու ունակության մեջ պետք է լինի, ոչ թե ձեւական հռչակագրային դրույթների»:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ եթե այդ բանաձեւն ընդունվի, իրեն ոչ թե մեղավոր կհամարի, այլ՝ հաղթանակած մարդ՝ անբարոյական արժեքների դեմ պայքարի գործում: Զարմանքին, որ անգամ, եթե Հայաստանը Ադրբեջանի հետ նույն հարթության վրա՞ է դրվում դրա պատճառով՝ Պետրոսյանը պատասխանեց. «Կարեւոր չի Ադրբեջանի հետ, հիմա կարող է մի հատ էլ Սոմալիի հետ դրվի կամ Գվատեմալայի հետ: Մենք պետք չի այս հարցում Ադրբեջանի գործոնը կարեւորենք: Կարեւորը մեր համար մեր արժեհամակարգի պահպանումն է»: Հարցին՝ անգամ, եթե Freedom House-ի ցուցանիշներով մեր երկիրն անկո՞ւմ է ապրելու՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Իհարկե, Հայաստանն ավելի մեծ անկում կապրի, եթե մենք մեր ընտանիքները վերացնենք, մեր բարոյական արժեքների վրա խաչ քաշենք»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

19.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930