Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը չդիմացավ գայթակղությանը»

Ապրիլ 20,2019 14:30

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը

«Խորհրդարանը, կարծես, չի կարողանում բնականոն ընթացքի մեջ մտնել, որտեղ նախագծեր կքննարկվեն, այն էլ բազմակողմանի: Այն, ինչում այսօրվա իշխանությունները մեղադրում էին նախկիններին, կարծես նույնն իրենք են անում: Հետեւաբար, մեկ տարի առաջ հնչած քննադատությունների արդյունքը, փաստորեն, ժողովրդին մոլորության մեջ գցելը եւ իշխանության գալն էր»,- այս տպավորությունն է ստացել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը՝ հետեւելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության կարգի մասին» նախագծի շուրջ խորհրդարանում ծավալված վեճ-բանավեճերին: Նախագիծը, հիշեցնենք, ընդունվեց առաջին ընթերցմամբ: Ընդդիմությունը դեմ քվեարկեց: Ավելին, իր զուգահեռներում նախկին իշխանության ներկայացուցիչը նաեւ նման հետեւություն է անում. «Նախկին իշխանությունները, այսինքն`մենք, քննադատությունների հանդեպ կարծես ավելի հանդուրժող էինք, քան այսօրվա սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն իրականացրած ուժերը: Այն, ինչ այսօր տեղի է ունենում խորհրդարանում, պարզապես անթույլատրելի է. պատգամավորներն անցնում են անձնական վիրավորանքների, բուն քննարկումներ չեն ծավալվում՝ ինչի՞ մեր ղեկավարին, մեր ուժին սա ասեցիր, մենք էլ ձեզ այս կերպ կպատասխանենք…ամենը խառնելով՝ սկսում են իրար բաներ հիշեցնել եւ ինչ-որ գործընթացներ, որոնք, կարծում եմ, ՀՀ հասարակ քաղաքացուն, Հայաստանում ապրող մարդկանց շատ քիչ է հետաքրքրում: Հիմա, առավել եւս, իմ համոզմամբ, մարդկանց հետաքրքիր է, թե ի՞նչ օրենքներ են ընդունվում եւ դրանք ի՞նչ կերպ են իրենց կյանքը բարելավելու»:

Ինչ վերաբերում է բուն նախագծին, մեր զրուցակիցը փաստում է. «Սուպերվարչապետական» կոչվող կառուցվածքը, որը նախկին ընդդիմադիրները՝ ներկայիս իշխանավորներն օր ու գիշեր քննադատում էին, կարծես իրենց էլ է հարմար: Պատճառաբանություններ եւ փաստարկներ են անգամ ներկայացնում, որ այդ «սուպերվարչապետական» մոդելով հնարավոր է որոշակի դրական արդյունքներ գրանցել»: Իրականում, մեր զրուցակիցը հարցին ավելի պարզ է նայում. «Այդ նախագիծը վերաբերում է ընդամենը մի քանի նախարարությունների կրճատմանը եւ գործազրկության ավելացմանը»: Ինքն առավել զարմացած է գյուղատնտեսության նախարարության կրճատման հաստատված փաստով. «Եթե գյուղատնտեսությունը մեր տնտեսության զարգացման հիմնական ճյուղերից մեկն է եւ պետության զարգացման հենասյուներից մեկը՝ ըստ իշխանության հայտարարությունների, ապա անհասկանալի է, թե ո՞վ պետք է ոլորտի զարգացման ռազմավարությունն ու քաղաքականությունը մշակի, ինչպե՞ս պետք է դա անի: Այսօր գյուղացուն թողնել մենակ՝ իր խնդիրների հետ, համոզված եմ, որ ճիշտ չէ, եւ շատ կարճ ժամանակահատվածում ավելացնելու եւ խորացնելու են առկա խնդիրները: Տպավորություն է, որ կառավարությունում հույս ունեն՝ եթե չկա նախարարությունը, ապա խնդիրներն էլ չեն լինի, դրանց մասին խոսացողներ էլ չեն լինի եւ դրանով մի խնդիր կվերանա: Սա շատ վատ տեղ է տանելու»: Հովհաննես Սահակյանը դրական չի արձագանքում նաեւ Սփյուռքի նախարարության վերացմանը՝ 10 միլիոնանոց սփյուռքի առկայության պարագայում հիմնվելով մեկ-երկու հանձնակատարի վրա. «Պատճառաբանել, որ նախարարությունը այլ գործերով է զբաղվել, լավ չի աշխատել…Սփյուռքի հետ աշխատելու համար պետք է բազմավեկտոր քաղաքականություն: Մի բան է ԱՄՆ-ի սփյուռքը, մեկ այլ բան, օրինակ, Սիրիայի, բոլորովին այլ բան՝ ՌԴ-ի սփյուռքը՝ իրենց խնդիրներով, մտածելակերպով եւ մոտեցումներով: Հենց Սփյուռքի նախարարությունը պետք է համախմբեր, կոնսոլիդացներ ամբողջ հայությանը եւ բերեր Հայաստան, որպեսզի իրենց երկրի, հայրենիքի, ծննդավայրի զարգացմանը մասնակցեին, աջակցեին: Նախարարության հիմնական գործառույթը պետք է լիներ հայության ուժերով Հայաստանը ոտքի կանգնեցնելը: Մնացածի մասին էլ չխոսեմ: Խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներն, անկեղծ ասած, այնքան անձնավորված, այնքան սպառնալիքներով եւ վիրավորանքներով շատ են, որ նախագծի բուն բովանդակությունն էլ կորավ: Միգուցե դա միտումնավո՞ր էր արված, որ հարցի էությունը չհասկացվեր, որ հստակ չլիներ՝ յոթ նախարարություններ կրճատվել են, առջեւում գործազրկության լուրջ խնդիր կա՝ ի դեմս այդ կառույցների պետծառայողների եւ բազմաթիվ այլ խնդիրներ»: Որ խորհրդարանը դեռ չի «փայլում» նախագծերի ակտիվությամբ, մեր զրուցակիցը բացատրություն ունի՝ նոր են, միաժամանակ արձանագրում է. «Կառավարությունն էլ իր ապագայի տեսլականները չի կարողանում ուրվագծել օրենսդրական նախաձեռնությունների տեսքով, որպեսզի խորհրդարանն էլ շատ թե քիչ ադեկվատ արձագանքի: Արդյունքում, ստացվում է այս երեք օրերի պատկերը՝ «քուչի բազար. Արան դու ես, չէ դու ես, դու խելոք նստի տեղդ…»: Մինչդեռ բազմաթիվ խնդիրներ ունենք»:

Իշխանության դիրքերից Հովհաննես Սահակյանը նախկինում կողմ էր արտահայտվում ԱԱԾ-ի եւ Ոստիկանության՝ վարչապետի վերահսկողության տակ լինելու տարբերակին: Հետաքրքրվեցինք՝ այժմ, երբ այլ մարդիկ են հագել իրենց «կարած կոստյումը», իր մոտեցումներում փոփոխություններ եղե՞լ են, թե՞ անկախ օրվա իշխանությունից, համոզված է, որ այդ մոդելը արդյունավետ կգործի: Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Տեսեք, եթե ասենք ուժային կառույցներն անկախ են՝ սխալ կլինի, մարդիկ տեսնում են, որ վարչապետի ուղիղ ենթակայության տակ են: Ով էլ ուզում է ասի՝ անկախ են, մարդիկ կհասկանան՝ սուտ են ասում: Անկախ են, որ խորհրդարան չե՞ն ներկայանում, հարցուպատասխանին չե՞ն մասնակցում, բայց այդ կառույցների ղեկավարներին վարչապետն է նշանակում-ազատում, հետեւաբար, անկախ չեն: Անկախ է, օրինակ ՄԻՊ-ը, որն ընտրվում է խորհրդարանի կողմից, որոշակի ժամանակահատվածի համար եւ այլն: Իմ կարծիքով, մի տեսակ շատ անկախ լինելն էլ ճիշտ չէ, ուղղակի, պետք է հաշվետվողականությունը հնարավոր լինի ապահովել, որովհետեւ խորհրդարանական կառավարման համակարգում, այդ կառույցները պետք է «հաշիվ տան» իրենց գործողությունների համար: Այս դեպքում, նշանակում է, որ ունեն Նիկոլ Փաշինյան վարչապետ-ղեկավար, որի հետ եթե իրենց հարաբերությունները կարողանան կարգավորել՝ ամեն ինչ նորմալ կլինի: Ես միշտ եմ այն սկզբունքին եղել՝ ուժային կառույցների գործողություններն ու գործունեությունը հրապարակային քննարկման ենթակա չեն, քանի որ նույն ԱԱԾ-ն ապահովում է մեր երկրի անվտանգությունը, կարող են տարբեր գործընթացներ լինել, այդ աշխատանքն ամենօրյա է եւ ճիշտ չի քաղաքական գնահատականներ հնչեցնելը: Էլ չեմ ասում ՊՆ-ի գործառույթները հրապարակային քննարկել՝ զինվորները սահմանին հերիքում են-չեն հերիքում (նման հայտարարություն արել էր «Իմ քայլի» պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը-Ն. Գ.), ճիշտ չէ: Նման գայթակղություններից պետք է զերծ մնալ: Այլ հարց, որ խոսենք, թե ինչպե՞ս ենք անում, որ գործողություններն օրենքով ապահովենք եւ կիրառությունն այնպես լինի, որ օրենքի տառին համապատասխան գործեն, հակառակ քայլեր ու դրսեւորումներ չլինեն: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ սխալ է, սուպերվարչապետություն է, այդ կառույցները պետք է գան խորհրդարան եւ հաշվետվություն ներկայացնեն: Հիմա՝ ընդդիմությունն ու հասարակությունն իրեն դա են հիշեցնում»: Մեր զրուցակիցը նկատում է՝ խորհրդարանում այսօր էլ ընդդիմությունը կարող է վերահսկողություն իրականացնել, կան բազմաթիվ լծակներ, պարզապես, իշխող ուժը պետք է թույլ տա. «Բայց մենք տեսնում են, որ իշխող ուժն ունի 88 պատգամավոր, նրանց գերակշիռ մեծամասնությունը նույնիսկ քննարկումների չի մասնակցում, մի քանի հոգի են ակտիվություն դրսեւորում, հետո՝ քվեարկում են եւ գնում առաջ»: Կառավարության կառուցվածքի փոփոխության եւ գործունեության հարցը, մեր զրուցակիցը համարում է նոր իշխանության ամենասկզբունքային, ամենասպասված, նաեւ բավական ուշացած խոստումներից մեկը, որն անփառունակ ավարտ ունեցավ:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

19.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930