Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիսիանի ոստիկանների կողմից խոշտանգման գործը ուղարկվեց ՀՔԾ

Ապրիլ 20,2019 14:00

10 հազար դրամ գողության մեջ մեղադրված Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանը ըստ էության երկրորդ հաղթանակը տարավ (անցյալ շաբաթ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո): Նա դիմել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա փետրվարի 2-ի որոշման դեմ:

Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալը որոշում էր կայացրել քրեական հետապնդում չիրականացնել Սիսիանի ոստիկանների դեմ եւ քրեական գործի վարույթը կարճել: Հիշեցնեմ, որ Հասմիկ Սարգսյանը ՀՔԾ-ին հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ իր ընկերուհուց հափշտակել է 4000 ՀՀ դրամ գումար, ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները Հասմիկին հրավիրել էին բաժին, որտեղ քրեական հետախուզության բաժնի պետ Մանասեր Ստեփանյանը սպառնալով, որ նրան ծեծի կենթարկի, պահանջել էր բացատրություն տալ, որ գողացել է ոչ թե 4000, այլ 10 հազար դրամ գումար: Ոստիկանության օպերլիազոր Պետիկ Ալեքսանյանը սպառնացել էր բացատրություն չտալու դեպքում բռնություն կգործադրի եւ քանոնը պահել էր Հասմիկի պարանոցին: Անցյալ տարվա ապրիլի 12-ին ՀՔԾ-ն Հասմիկ Սարգսյանի ճանաչել էր տուժող:

Հասմիկ Սարգսյանին շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը որոշման դեմ բողոք էր բերել, վիճարկել քննիչի եւ դատախազի անգործությունը, իսկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բողոքը մերժել էր: Ըստ իրավապաշտպանի, ՀՔԾ-ի քննիչ Զ. Թադեւոսյանը «վատ վերաբերմունքի եւ բռնության վերաբերյալ չէր կատարել արդյունավետ քննություն, այլ կատարել է ձեւական քննություն՝ կոծկելով ՀՀ ոստիկանության ծառայողների ապօրինությունները եւ նույն խախտումը թույլ է տրվել գործ քննող դատավորի կողմից»: Իրավապաշտպանը նաեւ հայտնել էր, որ Հասմիկ Սարգսյանը ցուցմունք է տվել 4000 դրամ գողության մասին, բայց վախենալով ծեծի ենթարկվելուց, սպառնալիքներից, որոնք հնչել էին մինչ այդ, հետաքննիչ Ռազմիկ Հակոբյանի մոտ բանավոր ցուցմունք է տվել, որ 10000 դրամ գումար է գողացել: Նա Սիսիանի բաժնի քննիչ Նարեկ Ստեփանյանին պատմել է տեղի ունեցածը, սակայն քննիչը ուշադրություն չի դարձրել եւ պահանջել է տալ բացատրություն 10 հազար դրամի համար, այլապես այլ բովանդակությամբ ցուցմունք տալու դեպքում կարող էր խնդիրներ ունենալ: (Հասմիկը տեղյակ չէր, որ 10000 դրամի գողությունը իր վրա դնելով, իրեն սպառնում էր ազատազրկման ձեւով պատիժ, իսկ մինչեւ 4000-ի դեպքում նրան ոչինչ չէր սպառնում, մանավանդ որ՝ գումարն արդեն վերադարձրել էր):

Բողոքի քննության ժամանակ բարձրաձայնվեց նաեւ այն, որ զննություն չի իրականացվել բռնություն գործադրող անձանց աշխատասենյակում, չի ճշտվել՝ արդյոք ոստիկանության բաժնում եղե՞լ են տեղադրված տեսախցիկներ, թե՞ ոչ: Լինելու դեպքում վարույթը իրականացնող մարմինը պետք է դիմեր եւ տեսանյութերն առգրավեր, որի արդյունքում կհիմնավորվեր Հասմիկ Սարգսյանից խոշտանգումների միջոցով ցուցմունքներ ձեռք բերելու մասին: Ի դեպ, գործի կարճման հիմքում դրվել էին վկաներ Մանասեր Ստեփանյանի, Պետրոս Ալեքսանյանի, Նարեկ Ստեփանյանի ցուցմունքները: Մինչդեռ նրանք առերեւույթ կասկածյալներն էին եւ չպետք է ի սկզբանե քննվեին վկայի կարգավիճակում: Հասմիկ Սարգսյանը իր ցուցմունքները պնդել էր առերես հարցաքննության ժամանակ, ցույց տալով բռնություն գործադրող անձանց: Ոստիկանների դեմ հարուցված, ապա կարճված քրեական գործով կա Հասմիկ Սարգսյանի մեկ այլ կարեւոր ցուցմունք էլ: Խոշտանգելու դեպքին ականատես է եղել նրա 10 տարեկան երեխան, որը երբ տեսել է մորը ծեծում են, սկսել է լաց լինել: Սակայն ՀՔԾ քննիչը չի փորձել երեխայից ցուցմունք վերցնել, որով կհիմնավորվեր, որ մայրը բռնության է ենթարկվել ոստիկանության Սիսիանի բաժնում: Իսկ դատարանը այդպես էլ չի նշել, թե վարույթն իրականացնող մարմինը ինչու չի հարցաքննել:

ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիայի համաձայն, ֆիզիկական կամ հոգեկան տառապանքը, որը տուժողի դեպքում կատարվել է, որպեսզի կորզվի ցուցմունք, որի արդյունքում տուժողը ստացել է հոգեբանական տրավմա, արդեն իսկ խոշտանգում է: Իսկ ստամբուլյան արձանագրությունների համաձայն՝ խոշտանգումների գործերով կարեւոր է տուժողների հետ հոգեբանական աշխատանքը, ծառայությունը, որը չի իրականացվել եւ հետեւաբար չի պարզվել, որ տուժող Սարգսյանը ենթարկվել է բռնության, հետեւաբար հոգեկան տրավմա է ստացել:
Դիմելով դատարան՝ Ա. Ղարագյոզյանը վերաքննիչ բողոքում խնդրել էր վերացնել փետրվարի 2-ի դատարանի որոշումը, գործն ուղարկել նոր քննության, ինչը երեկ մասնակի բավարարվել է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

19.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930