Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը իր առջեւ ծառացած խնդիրներով որոշակիորեն տարբերվում է հանրապետության մյուս բոլոր թատրոններից: Բանն այն է, որ Արտաշատի թատրոնի ստեղծագործական կազմի մի զգալի մասը լրացնում են երեւանաբնակ արվեստագետները (դերասաններ, ռեժիսորներ), ինչը, բնականաբար, լրացուցիչ խնդիրներ է առաջացնում:
Նրանք տարիներ շարունակ ամեն աշխատանքային օր Երեւան-Աշտարակ ճանապարհն են կտրում աշխատանքի հասնելու համար: Աշխատանք, որ երբեմն ավարտվում է կեսգիշերին կամ կեսգիշերն անց: Սակայն դա չի խանգարում նրանց ազնվորեն ծառայել նորին մեծություն թատրոնին եւ իրենց արդեն հարազատ դարձած հանդիսատեսին:
Այդ անշահախնդիր նվիրյալներից մեկն էր նաեւ երջանկահիշատակ, ՀՀ վաստակավոր արտիստ Վոլոդյա Հովհաննիսյանը: Ի դեպ, 2019թ. մարտի 27-ին Հայաստանի թատերական գործիչների միությունը թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ եւ անբասիր աշխատանքի համար Վոլոդյա Հովհաննիսյանին պարգեւատրեց «Արտավազդ» մրցանակով: Վոլոդյա Հովհաննիսյանը իր ստեղծագործական ուղին սկսել է օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում, այնուհետեւ՝ Կապանի դրամատիկական թատրոնում:
Նախորդ դարի ութսունական թվականների կեսերից նա աշխատանքի է անցնում Արտաշատի պետական թատրոնում եւ ավելի քան երեսուն տարի անբասիր ծառայում է թատրոնին:
Կարդացեք նաև
Կարճատեւ, ծանր հիվանդությունը ընդհատեց արտիստի կյանքի ուղին: Թատրոնի կոլեկտիվի որոշմամբ արտիստի սիրելի բեմում կազմակերպվեց արտիստի հրաժեշտի արարողությունը հանդիսատեսի հետ: Հրաժեշտի արարողությանը ներկա էին նաեւ Երեւանի տարբեր թատրոններից ժամանած նրա կոլեգաները:
Ցավալի է սակայն, որ այդ արարողությանը իրենց մասնակցությունը չբերեցին ոչ Արարատի մարզպետարանը եւ ոչ էլ Արտաշատի քաղաքապետարանը: Սա ի՞նչ է. արհամարհա՞նք, թե՞ անտարբերություն:
ՎԱՉԱԳԱՆ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
19.04.2019